Բաքուն պատրաստվում է պատերազմի, իսկ Երեւանը կորցրեց ՀԱՊԿ-ում կարեւոր պաշտոն. Շահնազարյան

Այն քաղաքականությունը, որ վարում է ներկա իշխանությունը Արցախի հարցում, հիմնված է մեկ բանի վրա՝ իշխանություն Արցախի փոխարեն: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Դավիթ Շահնազարյանը։


Հակաղարաբաղյան քաղաքականության դրսևորումների մեկը նա համարում է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը։ Նրա խոսքով` Հայաստանն այդ կարևոր պաշտոնը կորցրեց մի իրավիճակում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի։


Նա ևս մի ձախողում համարեց բանակցությունների օրակարգից Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները դուրս մղելը։ Շահնազարյանն ասաց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը՝ շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումներ:


«Երբ եռանախագահները հունիսի 13-ին այցելեցին Հայաստան, դրանից հետո բառ անգամ չկա այդ մասին նրանց բոլոր հայտարարություններում: Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ է, և կարծում եմ՝ արդեն անշրջելի կորուստ է հայկական կողմերի համար»,- ասաց նա։


Նրա խոսքով` կողմերը հիմա բանակցում են Արցախի կարգավիճակի և անվտանգության շուրջ, ինչի մասին խոսել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից։ Ըստ Շահնազարյանի` Փաշինյանի խոսքերը վկայում են, որ այդ «կարգավիճակ» և «անվտանգություն» հասկացությունները տարանջատվել են։ Նախկինում գործել է «կարգավիճակ տարածքների փոխարեն» բանաձևը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39517