ԱԺ նախագահի կոչը արցախցիրներին. անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմել է Արցախի ներկայացուցիչներին՝ նախընտրական այս օրերին անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարությունները, որոնք, ամենայն հավանականությամբ մտքերի ոչ ճիշտ ձեւակերպումների հետեւանք են: 


«Սիրելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձություններ չէին կարող ինձ անտարբեր թողնել: Այդ իրադարձությունները ստիպեցին ինձ կրկին դիմել բոլորիդ ավագ ընկերոջ իրավունքով:


Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որեւէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես նաեւ այդ արժեքները չեն կարող իջեցվել անձնական կամ քաղաքական նախընտրական շահերի մակարդակ: Այդ արժեքներում իր ուրույն տեղն ունի Արցախը: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլին, բոլորս կրկին փաստեցինք ու համոզվեցինք, որ Արցախի անվտանգությունն ու արցախաբնակ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը գտնվում են բոլորիս հոգածության ներքո: Մեզանից յուրաքանչյուրը ցույց տվեց, որ կանգնած է Արցախի ու արցախցու թիկունքին, ապացուցեց, որ մեր ողջ ուժն ուղղված է Արցախի ու արցախցու պաշտպանությանը:


Արցախի հարցում մեզանում գոյություն չպետք է ունենան սեւեր, կարմիրներ, սպիտակներ կամ կանաչներ: Քաղաքական գույների բաժանումները, եթե չենք կարողանում հրաժարվել դրանցից, տարածենք բացառապես քաղաքական պայքարի վրա, իսկ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն ընդամենը մեկ միասնական գույն, եւ դա հայկական եռագույնն է: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերվում է բոլոր քաղաքական ուժերին:


Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից:


Դիմում եմ Արցախի իմ քույրերին ու եղբայրներին:


Խնդրում եմ նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց եւ անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մտքերի ոչ ճիշտ ձեւակերպումների հետեւանք են: Ինչպես արդեն նշեցի, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ բարեկեցիկ ապագան բոլորիս միասնական նպատակն է»,- ասված է Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39280