Վարչապետի պաշտոնակատարի արտահայտությունները ատելության խոսքի դրսևորումներ են. ՀՀԿ շտաբ

Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաև ոտնահարում են մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ` օրինակ կնոջը թիրախավորելը:


Այս մասին ասված է ՀՀԿ Կենտրոնական նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։ «Այսպիսի վարքագիծը աննախադեպ է մեր քաղաքական մշակույթում, հատկապես` բարձրաստիճան պաշտոնատար անձի, այն էլ` մեր բոլորի անվտանգության ու բարեկեցության համար պատասխանատու վարչապետի կողմից:


Առիթ ունեցել ենք մեր հայտարարությամբ անդրադառնալ վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանը, որի մեկ ակնառու օրինակն էլ այն է, որ պաշտոնապես գտնվելով արձակուրդում՝ վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ, իսկ ոստիկանությանը, ըստ էության, տալիս էր պարտադիր կատարման հանձնարարականներ:


Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը վարչապետի պաշտոնակատարի ելույթների, վարքագծի ու հռետորաբանության վրա», – ասված է ՀՀԿ Կենտրոնական նախընտրական շտաբի հայտարարության մեջ։


Սպիտակում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ անդրադարձել է նույն դաշինքի թեկնածու Սասուն Միքայելյանին ուղղված քննադատություններին, մասնավորապես, այն քննադատություններին: «Սասուն Միքայելյանի մարմնում, տո, ձեր քաշի չափ «ասկոլկա» կա։ Ձեր քաշի չափ։ Դուք էդ ումի՞ց եք պաշտպանում արցախյան ազատամարտը։ Դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած, հետևել ու ղեկավարել եք բանակի թալանին և հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը։ Ես թույլ չեմ տալու ձեզ», - հայտարարել է Փաշինյանը։


Այնուհետև շարունակեց ելույթը՝ հարցնելով. «Ո՞նց, դեռ էս երկրում մարդ կա՞, որը համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ։ Տո բոլորին կպառկըցնենք ասֆալտներին, էս ովեք՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից։


Ու հիմա ես ոստիկանությանը, այո, ասում եմ՝ չփորձի որևէ մեկը թպրտալ, չփորձի մի հատ հանցավոր տարր՝ գող կըլնի, ավտարիտետ կըլնի, պատերով կտանք բոլորին, պատերով։ Գլուխներդ պատին կտաք, կվախեցնեք քաղաքացուն, ձեր անունները մի հատ ասեք, դուք ծակերից չպիտի դուրս գաք։ Ձեր տեղը բանտերում ա, դուք հայտնվելու եք բոլորդ բանտերում։ Կրիմինալ, կըլնի, ավտարիտետ, թե գող, մեկդ չթպրտաք էս ընտրություններով, չփորձեք ժողովրդին որևէ հարկադրանքի ենթարկել։ Հանրապետական գյուղապետեր, նստեք ձեր կաբինետներում ու նորմալ աշխատեք, չփորձեք քաղաքացուն ասել, թե ում ընտրի։ Քաղաքացին լավ գիտի՝ ում ընտրի»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39247