Նախընտրական ծրագրերը. ի՞նչ տեսլականներ ունեն քաղաքական ուժերը

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժերը հրապարակել են իրենց նախընտրական ծրագրերը, որոնք առաջիկա երկու շաբաթների ընթացքում պետք է ներկայացնեն ՀՀ քաղաքացիներին եւ դևրանց շուրջ բանավիճեն մրցակիցների հետ:


Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագիրն ամբողջությամբ ներկայացվել է իրենց նախընտրական կայքում: Ըստ նախաբանի՝ ՀՀԿ-ն շեշտում է, որ իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ:


«Ստեղծված իրավիճակում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները, ուղիղ և շիտակ խոսել նոր կառավարության սխալների և բացթողումների մասին, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի պետականության և Արցախի ապագայի համար»,-նշված է ծրագրում: ՀՀԿ-ն թվարկում է, թե ինչու պետք է իրենց ընտրել.


«Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները, պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին»:


նախընտրական ծրագրում «Իմ քայլը» դաշինքը նշում է, որ առաջիկա հինգ տարիներին իրենց գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն, որին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, աշխատանքի եւ ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի եւ կրթության միջոցով, օրենքի գերակայության ապահովումը, բարեկեցության շարունակական բարձրացումը եւ պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը:


Դաշինքի նախընտրական ծրագրում նշված է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար առաջնային է ոչ միայն Զինված ուժերի մարտունակության, հատուկ ծառայությունների ու դիվանագիտական կորպուսի գործունակության շարունակական բարձրացումը, այլեւ Հայաստանի բնակչության թվի աճը, ըստ այդմ` առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: «Իմ քայլն» այս խնդրի լուծման կարեւորագույն միջոցներ է համարում ՀՀ-ից տեսանելի արտագաղթի դադարեցումը, հին եւ նոր սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի ՀՀ հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:


Ընտրապայքարի ֆավորիտ համարվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշված է, որ Արցախի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Արցախի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:


Արտաքին քաղաքականության բնագավառում «Իմ քայլ»-ի քայլերը միտված են լինելու բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն եւ նոր շունչ հաղորդելուն․


«Արտաքին քաղաքականության իրականացման մեր քայլերի հիմքում ընկած է լինելու ինչպես Հայաստանի ժողովրդի, սփյուռքահայության հավաքական շահի, այնպես էլ անհատապես յուրաքանչյուր քաղաքացու եւ իրավաբանական անձի իրավունքների եւ շահերի պաշտպանությունը։ Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ միջազգային ասպարեզում ցանկացած ձեռքբերում պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եւ այլ ժողովուրդների հետ հարաբերություններում հայաստանցու արժանապատվությունն ու իր երկրի համար հպարտությունն է լինելու մեր բոլոր քայլերի գերնպատակը»,-ասված է «Իմ քայլ»-ի ծրագրում։


«Հայ հեղափոխական դաշնակցությունը» ծրագրում շեշտում է, որ համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի հստակ` ժողովրդի էությունից բխող արժեքային համակարգ, ունի իր նպատակներն իրականացնելու կազմակերպչական կառույց ու վերահսկման մեխանիզմ:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 36 քայլ ներառող նախընտրական ծրագիր, որտեղ նշվում է՝ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը: 


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում նշված է, որ ԼՀԿ-ի նպատակն է ՀՀ-ում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը:


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր գուծունեությամբ նպաստելու, նախաձեռնելու և իրականացնելու է բարեփոխումներ՝ ուղղված.


1. սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության կայացման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովմանը,
2. պետության և հասարակության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և դրա առանձին տարրերի կայուն, համաչափ զարգացմանը,
3. անհատի համար, ինքնաիրացման և զարգացման միջոցով, երջանիկ կյանքի հիմքերի ապահովմանը,
անվտանգային հիմնահարցերի նկատմամբ օպերատիվ, համակարգային և համախմբված սկզբունքներով ռազմավարության մշակմանն ու կիրառմանը,
4. ազգային արժեհամակարգի բաղադրիչների՝ այդ թվում՝ մշակույթի, ավանդույթների, լեզվամտածողության զարգացմանը և իրացմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը,
լիբերալ գաղափարներով մեխանիզմների ներդրման և կիրարկման միջոցով տնտեսական համակարգի առողջացմանը,
5. երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրմանը և լուծման նոր մեխանիզմների ներդրմանը,
6. ստվերային տնտեսության վերացմանը և արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականության իրականացմանը,
7. մրցունակ տնտեսական համակարգի ու աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը,
8. աղքատության հաղթահարմանն ու սոցիալական բևեռացման նվազեցմանը,
ժողովրդագրական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը (ծնելիության աճ, ներգաղթի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում և արտագաղթի նվազեցում):


«Մենք» դաշինքի նախընտրական ամբողջական ծրագիրը ևս դեռ չի հրապարակել, բայց մինչ այդ հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին: Դաշինքն արտաքին քաղաքականության մասով նախատեսում է էական շրջադարձեր իրականացնել:


«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս նախընտրական ծրագիր դեռևս չի հրապարկել՝ չնայած քարոզարշավի մեկնարկին, սակայն մինչ այդ շեշտում են, որ Հայաստանի քաղաքացին չպետք է լինի քաղաքականության սպառողը։ Հայաստանի քաղաքացին պետք է քաղաքականության որոշողն ու թելադրողը լինի։


Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել, փոխարենը հրավիրված ասուլիսին է ներկայացրել այն: «Մենք առաջարկում ենք ՀՀ տնտեսական զարգացման այլ հարացույց՝ չափավոր լիբերալիզմը: Մենք պետք է կարողանանք մեր ներքին արտադրողին պաշտպանել»: Ըստ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորոշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա:


«Մտածողության այս տրամաբանության շրջանակներում էլ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային և բարիդրացիական հարաբերությունների վրա»,-նշում են կուսակցության անդամները:


«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար:


«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության և սոցիալական ոլորտներում: Նախընտրական ծրագիրը թեև չի հրապարկվել, սակայն ներկայացվել է ասուլիսին: «Նախատեսում ենք ապաքաղաքականացնել դպրոցների ղեկավարման խորհուրդները, իսկ սոցիալական ոլորտում էական փոփոխությունների համար կարևորում ենք միջին խավի ձևավորումը: Մեր կուսակցության կարգախոսն է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»:


Քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերին, այլ գաղափարախոսությունը: Մենք սոցիալական բարեփոխումների փաթեթ ունենք: Մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ նոր լուծումներ բերել»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը:


«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 քայլից: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի 50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը, 50 ծրագիր, որոնք կերաշխավորեն մեր ժողովրդի զարգացումն ու անվտանգությունը, 50 նպատակ, որոնք կապահովեն օրենքը, արդարությունն ու բարեկեցությունը »,-մինչ հիմնադրույթներին անցնելը նշվում է ՕԵԿ ծրագրում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39241