Մամուլ. ՔՊ-ի հույսը Սամվել Ալեքսանյանն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում։ Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավ-արեւմտյան-Շենգավիթ ընտրատարածքում, իր վրա շատ վստահ է։ Յոնջալախում, օրինակ, անցած ընտրություններին ինքը կրեց Ալեքսանյան Սամվելին»,- ասաց մեր աղբյուրը։ Սակայն Միրզոյանն անհանգիստ է նույն ընտրատարածքում առաջադրված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի համար ու հանդիպումներ է ունենում տարածքի «ասողների» հետ, պարզաբանում, որ Արայիկը նախարար մարդ է, պետք է պատշաճ ձայներ հավաքի։ Ավելին, մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը նրանց թվում է, ովքեր ցանկանում են, որ Արայիկ Հարությունյանը դառնա ԱԺ նախագահ, սակայն վերջինիս ԱԺ նախագահ դառնալը վտանգի տակ է ոչ միայն այն պատճառով, որ «ՔՊ»-ում մի քանի հավակնորդ կա այս պաշտոնի համար, այդ թվում՝ գենդերային՝ Լենա Նազարյանը, այլեւ մի շարք «այլ» պատճառներով։ Ի դեպ, այս ընտրատարածքում է առաջադրվելու նաեւ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, որն այդ տարածքի բնակիչ է, սակայն «վայ թե իրեն իրենց շենքում էլ չեն ճանաչում»,- ասաց «ՔՊ»-ական մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ այդ տարածքի «ասողը» Լֆիկն է, եւ «ՔՊ»-ականները հույս ունեն, որ նա շոշափելի աջակցություն կցուցաբերի իրենց։ Ի դեպ, խոսակցությունները, թե այդ ընտրատարածքից առաջադրվելու է Լֆիկի եղբորորդի, նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանը, մեր աղբյուրները հերքեցին․ «Արտակը վաղուց Հայաստանում չէ»։ Սակայն հաստատեցին, որ, ըստ ամենայնի, այդ ընտրատարածքից կառաջադրվի Ալեքսանյանի փեսան՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը։ «Կորյունը Սամվելին երբեք չի ենթարկվել, գլուխը կախ՝ ինչ ուզում, անում է»,- ասաց մեր աղբյուրը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դուք ե՞ւս գտնում եք, որ ծանոթ-բարեկամի ինստիտուտը չի գործում այսօր՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանին։ «Իհարկե, չի գործում, որտե՞ղ է գործում․ նախորդ ընտրությունների ժամանակ ռեյտինգայինով ես հավաքել եմ 3 հազար 400 ձայն, այդ սկզբունքով եմ պատգամավոր դարձել»։ Իսկ Սիփան Փաշինյանը, որ տարածքային կառավարման նախարարի խորհրդականն է, նույնպե՞ս ծանոթ-բարեկամ չէ։ «Սիփանը Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է»։ Դուրս չեկա՞վ, որ ծանոթ-բարեկամ կա։ «Որտե՞ղ տեսաք դա․․․ ՏԿ-ում խորհրդական է, չէ՞, ընդամենը․ բա հավաքարա՞ր աշխատի, պահա՞կ աշխատի»։ Չէ, թող նախարար դառնա, բայց կարծես պահակներին ու հավաքարարներին վիրավորեցիք։ «Չվիրավորեցի, քավ լիցի․ խորհրդականը Դուք համարում եք էնպիսի մի պաշտոն, որ եսիմ՝ չգիտեմ ի՞նչ»։ Շատերը կերազեն խորհուրդ տալ նախարարին։ «Նշանակողը ես չեմ»։ Իսկ Թրյուդոյի հետ ընթրիքին Փաշինյանի դուստրը՝ Մարիամիկը, նստել էր նույն սեղանի շուրջ, դա ծանոթ-բարեկա՞մ էր, թե՞ չէ։ «Ես չեմ եղել Թրյուդոյի հանդիպմանը»։ Բա տեսնո՞ւմ եք, Դուք՝ 3400 ձայն ստացած պատգամավորդ, չեք եղել այդ ընթրիքին, նա եղել է։ «Ես չեմ տեսել, չգիտեմ, ես գնամ ընդմիջման»։


 


«Հրապարակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը բաղկացած է 175 հոգուց, այն գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, 2-րդ տեղում՝ Միքայել Մելքումյանն է, 3-րդ տեղում՝ Արթուր Գրիգորյանը, 4-րդում՝ Նաիրա Զոհրաբյանը: Մեր տեղեկություններով Կոտայքի մարզում ԲՀԿ-ից կառաջադրվեն Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանը, Թեղենիք համայնքի ղեկավար՝ Մարատ Բաղդասարյան, Նոր Գեղիի նախկին գյուղապետ՝ Ֆռոնտիկ Թեւոսյանը, Ջանիբեկ Հայրապետյան, ԲՀԿ կուսակցության մամուլի քարտուղար՝ Վանիկ Էլիզբարյան եւ Վեներա Գյուլինյան: «Առաջադրվել եմ, եւ պատրաստվում ենք ընտրությունների: Ես իմ ընտրողներին երբեք հուսախաբ չեմ արել»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մանուկյանը: Թեղենիք համայնքի ղեկավար՝ Մարատ Բաղդասարյանը նշեց, որ մասնակցելու է ընտրություններին, եւ գնալու է խորհրդարան»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է։ Այստեղ են ապրում Ավշարի Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրները, Մանվել Ղազարյանը, այստեղ է Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանը։ Երիտմարզպետ Գարիկ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ իր մարզի ցուցանիշներն ընտրություններում բարձր լինեն, եւ ինքն անցնի խորհրդարան՝ չխորշելով օգտագործել «հին Հայաստանի» մոտեցումները։ Երեկ նա հանդիպման է կանչել ազատամարտիկներին եւ զոհվածների ընտանիքներին՝ հասկանալու նրանց «պատած ցավը»։ «Իսկ մինչ այդ մեզ չէր հիշում»,- ասաց հանդիպման մասնակիցը։ Մինչ այդ էլ մարզպետը «սադկա» էր դրել նախկին իշխանությունների մերձավորների «դռներին», մեսիջ ուղարկել, որ նախկինների համար աշխատելու դեպքում «լավ չի լինի»։ Այս ինֆորմացիան հասել է «ՔՊ» վարչություն, ուր նախորդ օրվա նիստում մարզպետը զգուշացվել է՝ չանել նման բաներ, հակառակ դեպքում չի դառնա պատգամավոր, այլ կզբաղեցնի մարզի ՋՕ պետի պաշտոնը։ 40 հազար քմ հողատարածքը կաթիլայինով ոռոգելո՞ւ, թե՞ կոկորդիլոսաբուծությունը խթանելու համար՝ հարցրինք մենք։ «Իշխանությունները մարզպետի նախընտրելի թեկնածու ունեն»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Գառնիկ Իսագուլյանը ցանկացել է իր ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցությունով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն այդպես էլ չի կարողացել իրագործել իր նպատակը, որովհետև չի կարողացել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթել: Եվ դա այնքան էլ տարօրինակ չէ, որովհետև Իսագուլյանը ցանկանում էր հանդես գալ նոր իշխանություններին արմատական ընդդիմության դիրքերից, իսկ ով չգիտի, որ Իսագուլյանը կարող է միայն հանդես գալ իշխանությանը հաճոյացողի դերում և ոչ ընդդիմախոսի: Ուշագրավ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ չի աջակցել, ով, Իսագուլյանի պնդմամբ, ամեն երեկո իր հետ ընթրում է»։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոնի» սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել: Պատճառը օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյանին ստիպել են գնալ այդպիսի ծանր որոշման։ Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2016թ. դեկտեմբերին ևս հրահանգել էր Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից, այս անգամ էլ Քաղաքացիական ակտիվ քայլ՝ ՔԱՔ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, դերասան Սերգեյ Դանիելյանի հետ ոչ այնքան պոլիտկոռեկտ հարցազրույց անելու համար: Ի վերջո, Ծառուկյանը համաձայնել էր ներել Ղազարյանին և հետ ընդունել աշխատանքի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում էր ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից: Նա իր պաշտոնը լքեց թավշյա հեղափոխությունից հետո միայն, սակայն այդպես էլ չի կանգնել արդարադատության առաջ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանից դեռ մինչեւ հրաժարականը թերթը հարցրել է՝ ինչո՞ւ մինչեւ հիմա չի պատժվել նրա նախորդը: Թանդիլյանը հայտարարել է, թե բյուջեից որեւէ դրամի յուրացում կատարած անձինք արժանի են խստագույն պատժի, որ դա հավասարազոր է դավաճանության: «Բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու, հնարավոր չէ իրավիճակ, որ ես ունենամ տեղեկություն, ու որեւէ մեկը վրիպի, ես համապատասխան ատյաններին չդիմեմ այդ առումով»»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին «պատասխան ընդունելությամբ» ընդունել է Ադրբեջանում Բելառուսի դեսպանին: Ասպիսով, Լուկաշենկոն ու Ալիեւը փոխադարձաբար ընդունելով միմյանց դեսպաններին՝ անասելի շռայլությամբ հավատարմության երդումներ են տվել միմյանց, սակայն նրանց միավորողը չի եղել միայն դա: Նրանց միավորողը եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտնի հարցը՝ Աստանայի Վեհաժողովից հետո: Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին, ըստ էության, հաշվետվություն էր ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, թե ինչ է եղել Աստանայում: Նաեւ ասել էր, թե Հայաստանի համար ծանր կլինի ղեկավարել թե՛ ԵՏՄ-ն, թե՛ ՀԱՊԿ-ը: Սա, իհարկե, ուղղակի անհեթեթ պատճառաբանություն է, սակայն Ալիեւի նախօրեին Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանն արած հայտարարությունները շատ պարզ վերահաստատում են, որ խնդիրը իրականում շատ ավելի խորն է:


Ալիեւը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը խնդիրներ է ստեղծում, իսկ Բելառուսի հետ իրենք շարունակելու են գործակցել ռազմա-տեխնիկական ոլորտում, ու զարմանում են, որ Հայաստանը դրանից աղմկում է, քանի որ իրենք միայն Բելառուսից չէ, որ զենք են գնում: Եվ Ալիեւը այստեղ հիշեցրել է ՌԴ զենքի մասին՝ ասելով նաեւ, թե իրենք գոհ են բելառուսականից: Այսպիսով ակնառու է Մինսկի ու Բաքվի, այսպես ասած, խաղը Ռուսաստանի նյարդերի հետ, որի համար փորձում են օգտագործել հայաստանյան քվոտայով գլխավոր քարտուղարի խնդիրը: Երբ տեղի կտան Ռուսաստանի նյարդերը եւ ինչ ձեւով, պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան եւ ակամայից հայտնվի բելառուսա-ադրբեջանական խաղի մեջ, թեեւ, ըստ էության, ձգտելով հակադրվել դրան: Պետք է թերեւս ելնել հենց այն արձանագրումից, որ այդ խաղի բուն թիրախը Հայաստանը չէ, Հայաստանը շեղող թիրախն է: Դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հանգիստ նստի ու նայի, թե ինչպես են Բելառուսն ու Ադրբեջանը փորձում ռուսներին մղել անկյուն: 


Ի վերջո՝ պրոցեսն ինքը թիրախավորում է նաեւ Հայաստանը: Պարզապես Հայաստանի, այսպես ասած, հակադարձող, պատասխան գործողությունները պետք է կառուցվեն, մշակվեն ու հաշվարկվեն հենց այն իրողությունից, որ բուն թիրախ, այդուհանդերձ, Ռուսաստանն է: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է հակադարձի այնպես, որ օգնություն առաջարկի Ռուսաստանին՝ միաժամանակ նաեւ հասկացնելով Մոսկվային, որ առանց Հայաստանի օգնության, եւ առավել եւս Հայաստանի շահերի հաշվին այդ խաղի դեմ որեւէ հակախաղ կառուցելը Մոսկվայի համար կլինի գրեթե անհնարին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ը երեկ հայտարարություն է տարածել՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մեղադրելով առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններից խուսափելու մեջ: «Հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 եւ 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի եւ շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էլ անմիջապես հերքում է տարածել` տեղեկացնելով, որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են, եւ որ ՊԵԿ համեմատական հետազոտությունները կատարվել են ոչ համադրելի ժամանակաշրջանների եւ ոչ համադրելի մեծությունների հիման վրա: «Ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որեւէ ապացուցողական փաստ, ինչը, Ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Թե ով է ճիշտ այս բանավեճում, ժամանակը ցույց կտա: ՊԵԿ-ը դեռ պետք է կարողանա ապացուցել հնչեցրած մեղադրանքները: Բայց այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. ինչո՞ւ է ՊԵԿ-ը ռուսական «Գազպրոմ» ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ նման քայլ անում այս պահին: Ինչպես հայտնի է, կրկին օրակարգում է հայտնվել ՀՀ-ին տրամադրվելիք գազի սակագնի նվազեցման հարցը: Ենթադրվում է՝ գազի սակագնի նվազեցման հարցը քննարկվելու է դեկտեմբերի 6-ին Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ: Ու այդ հանդիպումից առաջ նման քայլը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ՝ առիթ հանդիսանալով ՌԴ իշխանությունների համար, որ հրաժարվեն գազի սակագինն իջեցնելուց: Սա սադրա՞նք է, թե՞ բանակցություններից առաջ «Գազպրոմին» անկյուն մղելու եւ խեղճացնելու փորձ, դժվար է ասել: Ամեն դեպքում այս հարցերում ավելորդ զգուշավորությունը չէր խանգարի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38806