Դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի առաջին ատյանի դատարանում այսօր քննվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը։

«Դատական նիստը երեկ էր նշանակված, երեկ հետաձգվեց պատշաճ ծանուցում չլինելու պատճառով։ Այսօր արդեն ժամը 10։00-ից գործի քննությունը սկսվել է, ժամը 16։00-ին հրապարակվել է դատական ակտը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանը։

Նրա խոսքով՝ արդյունքում մերժվել է քննիչի միջնորդությունը անհիմն լինելու պատճառաբանությամբ։ «Քանի որ այս պահի դրությամբ դատական ակտը չենք ստացել, դատարանի պատճառաբանություններին կոնկրետ չենք տիրապետում, բայց մեր կողմից, որպես Արա Մինայսանի պաշտպան, ներկայացրել ենք բոլոր դիտարկումները, մասնավորապես, որ առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ անհիմն է, չի բխել գործի փաստական տվյալներից, չի բխել իրականությունից», - ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ նաև առկա չէին հիմնավոր կասկածներ վերագրվող արարքով։ «Բացակայել է նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը», - նշեց Ղազարյանը։

Փաստաբանն ասաց նաև, որ այս երկու հանգամանքների համաժամանակյա առկայությունը պարտադիր է, որպեսզի անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվի։

Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծեց, թե առաջադրված մեղադրանք է անհիմն, թե ներկայացված միջնորդությունը անձի նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

«Քանի որ այսօրվա դատական նիստը վերաբերում էր քննիչի միջնորդությանը, դիտարկումները կատարվել են, որ հիմնավոր կասկածները ամբողջությամբ բացակայում է, բացակայում է նաև կալանքի հիմքերը» - նշեց նա։
Փաստաբանը հավելեց, որ եթե վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվի վերաքննիչ բողոք կայացված դատական ակտի դեմ, բնականաբար, իրենց բոլոր առարկությունները, դիտարկումները կարտացոլվի վերաքննիչ բողոքի պատասխանում։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների հիմքով բուժկենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Մինասյանի փաստաբանները հանդես էին եկել պատասխան հայտարարությամբ՝ նշելով, որ որևէ կերպ չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից մատնանշված գումարներն իր սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ հանգամանք:


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38321