Fake հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի կեղծ fake պաշտոնավարումը. «Երկիր Ծիրանի»

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է կեղծ (fake) հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի կեղծ (fake) պաշտոնավարումը:  


«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, մասնավորապես վերլուծելով 2016 թվականի քառօրյա պատերազմից սկսած մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական իրադարձությունները, կատարել է եզրահանգում հետևյալի մասին.


2018 թվականի ապրիլ ամսից սկիզբ առած քաղաքական իրադարձությունները նախապես կազմակերպված գործողություններ էին, որի համահեղինակներն են Սերժ Սարգսյանը և նրա փեսա Միքայել Մինասյանը:


2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելու հիմնավորման մեջ նշելով. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»` սկիզբ դրվեց ավտորիտար իշխանության գործնական փոխանցումը Սերժ Սարգսյանի ժառանգորդ Միքայել Մինասյանին և Արցախապատկան տարածքների հանձնման պարտականության չեղարկումը Սերժ Սարգսյանի կողմից (փոխանցելով հող հանձնելու աշխարաքաղաքական օրակարգը ապագա իշխանությանը):


Նախապես ծրագրված իշխանափոխությունն անհրաժեշտ էր իրականացնել միայն «Մերժիր Սերժին» կարգախոսով, որպեսզի հնարավոր լիներ ազատել Սերժ Սարգսյանին նրա կողմից ստանձնած հանցավոր պարտականությունից` Արցախապատկան հողերը հանձնելուց, և միևնույն ժամանակ` պահել ավտորիտար համակարգը նրա ժառանգորդի համար:


Միքայել Մինասյանին իշխանության փոխանցման ծրագրի իրականացման իրավական հիմքը դրվել էր 2015 թվականին` այսպես կոչված սահմանադրական բարեփոխումներով: Սերժ Սարգսյանը «բարեհաջող» իրականացնելով այդ սահմանադրական բարեփոխումները` Հայաստանի Հանրապետության նախագահական կառավարումը դարձնելով պառլամենտական` վերացրեց ուղղակի ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահ ձևավորելու ինստիտուտը (գործադիր իշխանության ձևավորման գլխավոր ինստիտուտը): Նախագահական կառավարման ինստիտուտը բավականին փոքր հնարավորություն էր թողնում Միքայել Մինասյանին` ժառանգորդ դառնալու համար:


Ավտորիտարիզմի և Սերժ Սարգսյանի մերձավորների վերարտադրությունը Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետն ավարտվելու շեմին իրականացնելու նախագծի համար գլխավոր շահառուն` Միքայել Մինասյանը, դեռ տարիներ առաջ ստեղծել էր և հովանավորել էր բազմաթիվ լրատվական ընկերություններ, կուսակցություններ և քաղաքացիական շարժումներ: Նրա կողմից ստեղծված բոլոր այս միավորները սպասարկել են Նիկոլ Փաշինյանին և «Մերժիր Սերժին» նախագիծը:


Սերժ Սարգսյանը` թե՛ հրապարակավ, թե՛ փակ բանակցությունների ընթացքում, թե՛ մինչև ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելը (2008 թվական) և թե՛ դրանից հետո մշտապես պատրաստակամություն է հայտնել Արցախապատկան տարածքները հանձնելու վերաբերյալ (պատրաստ է եղել ստորագրել փաստաթղթի տակ): Բարեբախտաբար, անկախ իրենից, այդպիսի փաստաթուղթ չի ստորագրվել: Սակայն ստանձնած հանցավոր պարտականությունը շարունակել է ուժի մեջ մնալ:


Սերժ Սարգսյանը 2011 թվականին Կազանում պատրաստ է եղել ստորագրել Արցախապատկան հողերը հանձնելու փաստաթղթի տակ, իսկ 2016-ին, դիտավորյալ անպաշտպան թողնելով մեր սահմանը, ծրագրել էր այդ կերպ կատարել ստանձնած պարտականությունը` հողերի հանձնումը: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո գիտակցելով, որ հնարավոր չէ հանձնել Արցախապատկան հողերը նույնիսկ անսպասելի հարձակման և պատերազմի միջոցով, նա փորձում է հնարավորինս հետաձգել իր կողմից ստանձնած հանցավոր պարտականության կատարումը` օգտվում է «Սասնա Ծռեր» ապստամբությունից: Նախագծում է բաց ձեռքերի իշխանափոխություն, որով պետք է լուծեր իր առջև ծառացած երկու խնդիր` խուսափել ստանձնած պարտականությունից և իշխանությունը սահուն փոխանցել իր փեսա Միքայել Մինասյանին:


Բաց ձեռքերի իշխանափոխության առաջին փորձը տեղի է ունենում 2016 թվականի հուլիսին` «Սասնա Ծռեր» ապստամբության օրերին: Այդ օրերին Նիկոլ Փաշինյանին, ի թիվս Վալերի Օսիպյանի և Արթուր Վանեցյանի, գործուղում են ՊՊԾ գունդ: Խորենացի փողոցում Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպում են հարթակ և տեղադրում բարձրախոսներ, գործուղում են Խորենացի փողոց նաև տիկին Արսինե Խանջյանին: Այդ ժամանակ պետք է տեղի ունենար իշխանափոխությունը, սակայն այդ փորձը հաջողություն չի ունենում` և՛ «Սասնա Ծռերը», և՛ ժողովուրդը չեն ընդունում Նիկոլ Փաշինյանին: «Սասնա Ծռեր» ապստամբությունը չի հասնում իր բուն նպատակին, միայն կասեցվում է` հետաձգում է Սերժ Սարգսյանի ստանձնած հանցավոր պարտավորության ժամկետը:


«Սասնա Ծռեր» ապստամբությունը ճնշելուց անմիջապես հետո 2016 թվականի օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանն իշխանական ամբողջ համակարգի առաջ հայտարարում է «առաջիկա ամիսներին ազգային համաձայնության իշխանություն» ձևավորելու մասին: Սակայն այն մնում է միայն հայտարարություն, դրա փոխարեն համաձայնություն է ձեռք բերվում Կարեն Կարապետյանի, Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի հետ և լուծում է տրվում այդ ժամանակատվածում վարչապետ Հովիկ Աբրահամյանից ազատվելու հարցին:


Հանցավոր պարտականության կատարման ուղղությամբ նույնպես ձեռք են բերվում պայմանավորվածություններ, Սերժ Սարգսյանին տրվում է ժամկետ` ձևավորել նոր խորհրդարան և ստանձնել վարչապետի լիազորություններ (հող հանձնելու ստանձնած պարտականության կատարումից հետո իշխանությունը փոխանցել Կարեն Կարապետյանին):
2016 թվականի աշնանը Բաղրամյանը 26-ը նախաձեռնում է Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական հենարան ստեղծելու հիմք: Փորձ է կատարվում միավորելու տարբեր, նույնիսկ միմյանց հետ կապ չունեցող, բայց Միքայել Մինասյանի հետ կապ հաստատած քաղաքական ուժերի: Այդ փորձի արդյունքում ձևավորվում է «Ելք» դաշինքը: 2017 թվականի համատարած ընտրակաշառքների միջոցով խորհրդարանական ընտրությունների արդյունքները «Ելք» դաշինքը չի բողոքարկում: Գործնական չեն բողոքում նաև այդ ընտրություններում որպես դիտորդներ մասնակցություն ցուցաբերած Արսինե Խանջյանը և Սերժ Թանկյանը:


2017 թվականի կեսերից շրջանառության մեջ է դրվում 2018 թվականի ապրիլի 7-ից մինչև ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում անիշխանության` ժողովրդի արդար բողոքը ճնշելու հրաման տալու անհնարինության թեզը:


Այս օրերով գայթակղում են ավտորիտար իշխանությունը ներկայացնող մի քանի խմբերի, այս խմբերն էլ են իրենց մասնակցությունն ունենում «Մերժիր Սերժին» նախագծին` հավատալով, որ այդ կերպ կարող են հեռացնել Սերժ Սարգսյանին, չգիտակցելով սակայն, որ այդ կերպ Սերժ Սարգսյանն է հեռացնում իրենց:


Ավտորիտար համակարգը չէր կանխատեսել, որ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, ազատելով իրեն իր ղեկավարման ընթացքում հող հանձնելու հանցավոր պարտականությունից հրաժարականի միջոցով, չէր կարող թողնել իշխանությունն անտեր կամ այն փոխանցել Կարեն Կարապետյանին:


«Ելք» դաշինքից փողոց գործուղվելու միջոցով իշխանափոխության թույլտվություն ու հանձնառություն ունենում են միայն Նիկոլ Փաշինյանը և նրա միավորը: Դաշինքի երկու այլ միավորների դերը այդ պահին պետք է լիներ հրապարակավ հակառակվելը Նիկոլ Փաշինյանին:


Նախագիծը բարեհաջող իրականացնելու համար ստեղծել էին այնպիսի իրավիճակ, որ բոլորը` և՛ ազգային, և՛ միջազգային հանրությունը, և՛ իշխող ավտորիտար քաղաքական վերնախավը, և՛ վերնախավում միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող խմբերը հավատային և սպասարկեին այդ կեղծ օրակարգը` Նիկոլ Փաշինյանի կողմից խոստացված իշխանափոխությունը քայլ արա «Մերժիր Սերժին» կարգախոսով:


Սերժ Սարգսյանը, հմուտ տիրապետելով խորհրդային ավտորիտարիզմի անցումային շրջանի գործիքներին` իշխող Կոմունիստական կուսակցության տապալման միջոցով այն վերափոխելը ՀՀՇ-ի, Հայաստանի Հանրապետությունում ավտորիտարիզմի արդիականացումը և նրա կառավարման վերնախավը ներկայացնող անձանց փոխարինումը նոր կուսակցական միավորումներով իրականացնում է քառորդդարյա ավտորիտարիզմը սպասարկող ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ կուսակցությունները տապալելու միջոցով` դուրս մղելով (չեզոքացնելով) նրանց իշխող քաղաքական համակարգից, տեղը ներդնելով նորացված տարբերակ` անփորձ երիտասարդների, շոու բիզնեսի, ոստիկանական և ԿԳԲ-ական փորձառու անձանց այլ քաղաքական անվամբ:


Արդի Հայկական պետականության քաղաքական անկախության և նրա տարածքային ամբողջականության դեմ իրականացվող ծրագրի շարունակականությունն ապահովելու և Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի նպատակը (իշխանությունը պահել իրենց ձեռքերում) իրագործելու համար այս պահին ընտրված ժամանակավոր փոխանորդի` ի դեմս Նիկոլ Փաշինյանի և ՔՊ կուսակցության միջոցով նախատեսված է ապահովել անցումը հետխորհրդային ավտորիտարիզմից դեպի արդիական ավտորիտարիզմ և իրականացնել ավտորիտար քաղաքական իշխանության կերպարի փոփոխություն (ռեբրենդինգ):


Այս կեղծ (fake) հեղափոխությունը` «Մերժիր Սերժին» կարգախոսով, արդի Հայկական պետականությունում գործող ավտորիտարիզմի արդիականացման փորձ է: Այն կրկին հնարավոր է հետաձգվեր կամ ընդհանրապես տեղի չունենար, եթե չլիներ ամենագլխավոր դրդիչ պատճառը` Արցախապատկան հողերի հանձնման վերաբերյալ Սերժ Սարգսյանի հանցավոր պայմանավորվածությունը:


Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը Արցախյան հարցի կարգավորման մասին բացահայտում է առկա խնդրի վերաբերյալ Սերժ Սարգսյանի կողմից հող հանձնելու մտադրությունը և պայմանավորվածությունները: Դեսպանն օգտագործում է «օկուպացված տարածքների» հանձնում եզրույթը, որը կրկնում է Սերժ Սարգսյանի մտադրությունը, և ըստ էության, վկայություն է նրա հետ ձախողված պայմանավորվածությունների մասին:


ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան պաշտոնական այցի ընթացքում հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի ընտրությունից հետո կունենա բավական ուժեղ դիրքեր՝ Արցախյան բարդ և դժվարություններ ունեցող խնդրում առաջնորդություն անելու համար» (խորհրդարանական ընտրություններից հետո ազատագրված տարածքների հանձնման, տարածաշրջանում նոր քաղաքական քարտեզի գծագրման և նոր զինված ուժերի ներկայության մասին դիրքորոշում):


ԱՄՆ նախագահի խորհրդական Ռուդոլֆո Ջուլիանին Հայաստանում ոչ պաշտոնական այցի ընթացքում հայտարարեց. «Ես զարմացած էի, որ դա բնութագրվում էր որպես հեղափոխություն: Սա վարչակազմի խաղաղ փոփոխություն էր, սա ներքին հարց է: Հուսով եմ՝ սա օրինական փոփոխություն է»:


2018 թվականի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը օլիգարխիկ (ռեյտինգային) ընտրակարգով կրկին փորձ է երկարաձգելու ավտորիտարիզմի կյանքը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38309