Մամուլ. Տարոն Մարգարյանը այլևս Երևանի բնակիչ չէ` ընտանիքով հեռացել է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: Այժմ նրա երևանյան տանը բնակվում են մայրը և քրոջ ընտանիքը: Մարգարյանի մերձավոր շրջապատից հաստատեցին, որ նա Հայաստանում չէ, բայց գտնվելու վայրը չասացին: Հիշեցնենք, որ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում Մարգարյանի դեմ քրգործ էր հարուցվել, և նա, խուսափելով անցանկալի զարգացումներից, 1 միլիարդից ավելի գումար է վճարել»:


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին»: Երեկ այսպիսի հայտարարություն տարածվեց ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի միջեւ հանդիպումից հետո: Իհարկե, այս հայտարարությունը կարող ենք իշխանությունների փոքրիկ հաղթանակը համարել, սակայն իրականությունն այն է, որ խախտվում է Վենետիկի հանձնաժողովի գործունեության ավանդույթը, եւ հանձնաժողովը, այնուամենայնիվ, եզրակացությունը չի տալու: Ու որքան էլ արտահերթ ընտրական գործընթացին չխոչընդոտելու մասին հայտարարություն եղավ, սակայն ռիսկեր կան: Հավելենք, որ նախօրեին էլ նմանատիպ հայտարարություն էր արել ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Հայաստան դրսից եկող աջակցության ողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն Եվրամիությունը եւ երեք անդամ պետությունները»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հենց այդ օրը` մինչ նրա հարցազրույցը, հանդիպում է եղել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ, սակայն հանդիպումն այդքան էլ հարթ չի գնացել, եւ դա է վկայում հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահի զայրացած տեսքն ու Սվիտալսկու` գործող իշխանություններին սատարելու հայտարարությունը:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս կիրակի Ապարանում հերթական՝ 1718-րդ խաչն է տեղադրվելու, որն ամեն տարի կազմակերպում է ապարանյան կլանի պարագլուխ Աղվան Հովսեփյանը։ Այս տարի խաչքավորը լինելու է «Դվին» հյուրանոցի սեփականատեր՝ Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանը՝ Ղրիմի Արտակը։ Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պետական ընթրիքը վարչապետը հրավիրեց կիսակառույց «Դվինի» ռեստորանում․ գրեթե շուրջօրյա ռեժիմով բանվորներն աշխատել էին, որ ռեստորանային հատվածն ավարտին հասցնեն։ Թե ինչով է բացատրվում այս գործարարի ակտիվությունը, և նոր իշխանությունների հետ ինչ կապեր ունի նա, կպարզենք առաջիկայում։ Ի դեպ, խաչատեղադրման միջոցառմանը, ավանդույթի ուժով, հրավիրվելու են ամենատարբեր շրջանակներից՝ մարզպետներ, քաղաքապետեր, պատգամավորներ։ Այլ բան է՝ այս տարի կգա՞ն, թե՞ ոչ»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը փորձել է տարբեր սխեմաներով թաքցնել իր ունեցվածքի ծագման սկզբնաղբյուրը, սակայն մեր իրականության մեջ ոչինչ գաղտնի հնարավոր չի պահել: Արմեն Գևորգյանը «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոսի բաժնետեր է եղել: Երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ստեղծվում էր ընկերությունը, Գևորգյանը այն ձևակերպել է հոր անունով: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում թերևս հնարավորինս քիչ հարկ վճարելու համար ընկերությունը տեղափոխել է օֆշորային Պանամա, որտեղ 30-տոկոսանոց մասնաբաժինը գրանցել է ազգականի անունով: Երբ բացահայտվեց Պանամայի օֆշորային պատմությունը, այդ թվում և՝ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի բազմամիլիարդանոց կարողությունը, կազմակերպությունը վերադարձել է Հայաստան, և Արմեն Գևորգյանը իր մասնաբաժինը գրանցել է մորաքրոջ անունով: Ավելի ուշ որոշել է ընդհանրապես ազատվել այդ ակտիվից՝ ամենայն հավանականությամբ, այն փոխանցելով Սամվել Մայրապետյանին: Եվ հիմա հարց է առաջանում՝ որտեղի՞ց Արեմեն Գևորգյանին նման ունեցվածք, և որտեղի՞ց այն միջոցները, որը նա ներդրել է ընկերության հիմնադրման համար: Արմեն Գևորգյանը հաստատ այդ հարցին որևէ տրամաբանական պատասխան չի կարող հորինել»:


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի մասին, որը պետբյուջեի հաշվին շռայլ գնումներով է աչքի ընկել: Անգամ սիգարետներ էին գնել: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել եւ շատ էին ցանկանում, որ «Ժողովուրդ» օրաթերթը ներկա լիներ: Գնացինք եւ հետաքրքրվեցինք, թե ինչու են պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել: «Սիգարետները կոնկրետ պատվերով է, Լիբանանի գործատուներից մեկը, որը դիստրիբյուտոր է Լիբանանում, հետաքրքրված է «Սիգարոն»-ի սիգարետներով, որովհետեւ մեր այցի շրջանակներում ոնց որ տեսել է գործընկերոջ ձեռքին «Սիգարոն», հետաքրքրվել է այդ բրենդով: Խնդրել է, որ իրեն փաթեթ ուղարկենք 10 հատանոց ամեն մեկից, որ ինքը դա նայի, ուսումնասիրի»: Ու պարզվում է՝ չի հավանել «Սիգարոն»-ը ու այդպես էլ չի ներկրել Լիբանան: Հավելենք, որ այս հիմնադրամը նախկինում կոչվել է «Հայաստանի զարգացման հիմնադրամ», 2017-ին պետբյուջեից ստացել է 771 մլն 725 հազար դրամ, որից մոտ 325 մլն դրամը ծախսվել է որպես աշխատավարձ։ Միայն Ավակյանի աշխատավարձը կազմում է շուրջ 1 մլն դրամ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Այն, որ հայրենի իրավապահ համակարգը չի փայլում պրոֆեսիոնալիզմով, վաղուց որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Եթե հին Հայաստանում այս կամ այն մարդու վրա «գործեր» էին սարքվում, դասականի ասած, «ուչաստկովիի մակարդակով», ապա հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ազատություն ունեն, առավել տխուր իրավիճակների ենք ականատես լինում: Պաշտոնական հաղորդագրություններից սկսած մինչեւ ուժային կառույցների ղեկավարների կողմից տրված հարցազրույցներում կարելի է հանդիպել մականուններով, անձնական որակումներով, չհիմնավորված կասկածներով համեմված տեքստերի: Ու քանի որ կյանքը ցույց տվեց` ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի եւ նախկին կոռումպացված չինովնիկների դեմ հարուցված քրգործերի հիմնավորումները, մեղմ ասած, թերի էին, իսկ դրանից առաջ արված հայտարարությունները՝ աղմկահարույց, քննչական մարմիններում հստակ որոշում է կայացվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննչականներում հրահանգվել է այսուհետ որեւէ գործի մասին ոչինչ չխոսել: Անգամ եթե պաշտպանական կողմը հայտարարություններ անի, որեւէ կերպ չարձագանքել:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին երկար է տեւել եւ բուռն։ Ընտրական օրենսգրքից հետո քննարկվել է վերջին շրջանում ՀՀԿ-ն լքածների հարցը։ ԳՄ-ականները ցանկացել են իմանալ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, հիշեցրել են՝ երբ Սասուն Միքայելյանը լքեց ՀՀԿ-ն, նրան անվանեցիք «դավաճան», Շիրակ Թորոսյանին՝ «թուլամորթ», Ցոլակյանին՝ «առնետ»։ «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել»,- ասել է Սերժ Սարգսյանը եւ արձանագրել, որ գնացածներին անվանարկելով՝ հարցը չի լուծվի․ իրենց որոշումն է՝ մեղքն իրենց վիզը։ Ապա քննարկել են առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը։ Սերժ Սարգսյանը կարծիք չի հայտնել, լսել է ԳՄ-ականներին, որոնք միաբերան պնդել են, որ եթե անգամ պիտի պարտվեն, զրո ձայն հավաքեն, քաղաքական մոտեցումը պահանջում է մասնակցել։ Մանավանդ՝ իրատեսական է, որ ընտրությունները կայանան հին օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգայինով, ինչը մեծացնում է ՀՀԿ-ի շանսերը։ Դեմ է եղել միայն Սամվել Ֆարմանյանը՝ ասելով, որ թիրախ են դառնալու բոլոր ուժերի համար, իրենց հաշվին փորձելու են ռեյտինգ հավաքել։ Սերժ Սարգսյանը մասնակցելու կողմնակիցներին առաջարկել է գնալ, քննարկել, առաջարկների-քայլերի փաթեթ պատրաստել, ներկայացնել՝ «նոր կոնկրետ որոշում կկայացնենք»։ Որեւէ ցուցակ, համամասնականի հերթականություն ԳՄ նիստում չի քննարկվել։ Քննարկել են առհասարակ ՀՀԿ-ի ապագան, այդ թվում եւ՝ համագումար անցկացնելու հարցը։ Որոշվել է նոյեմբերի սկզբին հրավիրել ոչ թե համագումար, այլ՝ համաժողով։ «Համագումար անցկացնել այս պահին նպատակահարմար չէ»,- տեղեկացրեց ԳՄ աղբյուրը։ Ընտրությունների մասնակցության հարցը համաժողովո՞ւմ կքննարկվի։ «Այո, սակայն մինչ այդ ԳՄ-ում ու ՀՀԿ խորհրդի նիստում կլինի քննարկում»։ Բայց մինչ այդ՝ հաջորդ շաբաթ կայանալիք ԱԺ արտահերթ նիստը, հավանաբար, ՀՀԿ-ն կտապալի՝ քվորում չի լինի։


«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի եկամուտների հանրագումարը հունիսին ներկայացրած հայտարարագրի տվյալներով կազմել է 2 710 000 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից: Խաչատրյանն այն ներկայացրել էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր վերոնշյալ նախարարության փոխնախարարի պաշտոնից: Փոխնախարարի պաշտոնից նա ազատվել էր իշխանափոխությունից 8 օր անց՝ մայիսի 16–ին, իսկ արդեն հոկտեմբերի 15–ին նախարար է նշանակվել: Ըստ նշված հայտարարագրի՝ նորանշանակ նախարարն ունի առանձնատուն, ավտոտնակ, բնակարան, 2 հողամաս, այգետնակ: Հայտարարագրել է նաև «MITSUBISHI OUTLANDER 2.9 L» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ 27 000 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր: Փոխնախարարի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 18170 ԱՄՆ դոլար, 3975 ԱՄՆ դոլար, 13600 եվրո, 137500 ՀՀ դրամ, իսկ դրամական միջոցները` 22 000 ԱՄՆ դոլար: Նշված ժամանակահատվածում աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 2 710 000 ՀՀ դրամ: Տիգրան Խաչատրյանը 2016 թ. հոկտեմբերից եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ ը: Մինչ այդ՝ սկսած 1995–ից, նա ՀՀ ֆինանսների (հետագայում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի) նախարարությունում մի շարք պաշտոններ է զբաղեցրել: Իսկ 2006–2016թթ. եղել է «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը: 2008–2014թթ. եղել է Զարգացման հայկական գործ ակ ալության խորհրդի անդ ա մ , 2016թ.՝ Հա մ ա հայկ ա կան բանկ ի խորհրդի անդամ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37676