Դեկտեմբերին արռտահերթ անցկացնելու որոշումը Փաշինյանն ընդունել է միանձնյա. ՀՀԿ-ական

Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է միանձնյա, առանց քաղաքական ուժերի հետ խորհրդակցելու: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:  


Նա ներկայացրեց լրագրողներին իր և վարչապետի քննարկումների մանրամասները՝ նշելով, որ Փաշինյանի հետ հանդիպել են երկու անգամ: Ըստ Բաղդասարյանի, առաջին հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում, կողմերին հաջողվել է որոշակի համաձայնության հասնել արտահերթի մասով, բայց այն ժամանակ խոսքը դրանք մայիս-հունիսին անցկացնելու մասին էր:  


«Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ մենք որևէ որոշում չենք կայացրել: Մենք մեր հայտարարությունը տարածել ենք և պատրաստ ենք նորմալ բանակցային գործընթացի, որտեղ բոլոր քաղաքական ուժերը համաձայնության կգան: Բոլորիս պետք է տրվի ժամանակ, որպեսզի կարողանանք պատրաստվել ընտրություններին, և համերաշխ, առանց ցնցումների  ու այլ խնդիրների գնանք դրանց», - հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը։


Նրա խոսքով, դեկտեմբերին ընտրությունների անցկացումը բավական վտանգավոր քայլ է, այն հղի է վտանգներով, քանի որ կարող է ստացվել այնպես, որ ապագայում ձևավորվող Ազգային ժողովը լինի միահեծան.


«Չեմ կարծում, որ խորհրդարանական պետության, թռիչքային քայլեր կատարող երկրում դա արդարացված կլինի», - հայտնեց ՀՀԿ-ականը:


Միևնույն ժամանակ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ երկխոսելու հնարավորությունները չեն սպառվել: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37082