ՀՀ-ում քաղաքական փոփոխությունները չեն ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո ավանդական ռուս-հայկական ինտենսիվ երկխոսությունը բարձր մակարդակներում շարունակվեց: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: 


Նա հիշեցրել է, որ հաշված ամիսների ընթացքում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեք հանդիպում, Փաշինյանը երկու անգամ հանդիպել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Բացի այս, եղել են նաև հեռախոսային շփումներ, որոնց արդյունքը, ըստ Կարասինի, հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման և զարգացման կուրսի անփոփոխությունն է ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների կոնտեքստում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ: 


Կարասինը նաև ասել է, որ թեև Հայաստանում պահպանվում է որոշակի ներքաղաքական անկայունություն, բայց համագործակցության կոնկրետ հարցերի շուրջ ընթանում է հստակ աշխատանք: Ըստ այդմ, բավականին խոսուն է առևտրաշրջանառության դրական դինամիկան՝ 2018 թվականի առաջին կիսամյակում դրա աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 23,4% կամ $925,6 մլն:


Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՀՀ նոր ղեկավարի օրոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներ բացվում են, թե ոչ, Կարասինն ընդգծել է, որ գոյություն ունի միայն մեկ կարգավորման ռեալ հեռանկար՝ բանակցային ճանապարհով խաղաղ կարգավորում: Ըստ նրա, հայ և ադրբեջանցի ժողովուրդների հետաքրքրվածությունը անվտանգության, կայունության և զարգացման առումով հանդիսանում է բանակցային գործընթացի շարժիչ ուժն ու հիմքը, որին Ռուսաստանը անվերապահորեն աջակցում է. 


«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանը սերտ կապերի մեջ է մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Մենք մեր կողմից փորձում ենք անել հնարավորը, որպեսզի աջակցենք հակամարտության կողմերին խաղաղ պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37066