Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը եւ ՀՀ ՔԿ նախագահ Ավղան Հովսեփյանը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը քրեական վարույթի ոլորտում, այս մասին չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ռուսական տեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Նրա խոսքով, հանդիպման ժամանակ քննարկվել են փոխգործակցության ամրապնդմանը, Ռուսաստանի ու Հայաստանի ՔԿ վարույթում գտնվող քրեական գործերի գծով փոխադարձ իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
«Հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել պայմանվորվածություններ ՝ քրեական վարույթի ոլորտում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ»,- ասել է Մարկինը:
Հիշեցնենք, որ երկու երկրների Քննչական կոմիտեների համագործակցությամբ իրականացվող ամենաաղմկահարույց գործերից մեկն է Հայաստանում ՌԴ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, ում մեղադրում են ՀՀ յոթ քաղաքացիների սպանության մեջ: Ավելի վաղ ռուսական քննչական մարմիններն այս գործի նյութերը փոխանցել էին ՀՀ իրավասու մարմիններին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/3658