Փաշինյան-Ռոհանի. ի՞նչ հետևություններ անել այս հանդիպման կարևոր շեշտադրումներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: VERELQ-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ այս հանդիպումը ու դրանում հնչած հայտարարությունները կարևոր շեշտադրումներ են պարունակում:

Նախ, նրա խոսքով, պետք է արձանագրել այն հանգամանքը, որ տեղի ունեցավ ՀՀ նոր վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը, թեև ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակներում, բայց կարևորը այն է, որ հանդիպումը տեղի ունեցավ: Իսկ այն չափազանց կարևոր է երկու երկրների հարաբերությունների փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն ապահովելու կամ ըստ էության հասկացված լինելու հանգամանքը ապահովելու առումով: Բացի այդ, նշեց փորձագետը, եղան կարևոր շեշտադրումներ իրանական կողմից.

«Մասնավորապես, խոսքը վերաբերվում է Հայաստանի և Վրաստանի միջոցով Իրանի համար դեպի Սևծովյան տարածաշրջան ելքի ապահովմանը, որի վրա Իրանի նախագահը հատուկ շեշտադրում արեց: Սա ցույց է տալիս մի քանի կարևոր խնդիրներ, նախևառաջ այն, որ ամենաբարձր պաշտոնական մակարդակով իրանցիները հայտարարում են, որ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային և էներգետիկ միջանցքը հույժ կարևոր է և հենց նման բառերով է արտահայտվել Ռոհանին: Մյուս կողմից, պետք է նշել, որ այդ ծրագիրը ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, այլ նաև քաղաքական կարևոր բաղադրիչ. դրանով Թեհրանը ՀՀ նոր իշխանություններին հավաստիացնում է, որ Հայաստանի հարևան և բարեկամ Իրանը չի պատրաստվում աջակցելու Հայաստանի մեկուսացմանը միտված որևէ ծրագրի, նույնիսկ հակառակը՝ փորձում է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի շնորհիվ ապահովել Հայաստանի մեկուսացումից դուրս գալու կարևորագույն խնդիրը»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր է ոչ միայն արձանագրել այս փաստը, այլև լրջագույն աշխատանք իրականացնել, որովհետև նշված միջազգային առանցքի մաս կազմելը Հայաստանի համար ունի աշխարհա-քաղաքական, ռազմավարական և անգամ կենսական նշանակություն: Ուստի, ընդգծեց Ոսկանյանը, լրջագույն ջանքեր պետք է գործադրվեն, հաշվի առնելով դրա բոլոր բաղադրիչները:




Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումից հետո Հայաստանում շատ վատատեսական սցենարներ էին հնչում, թե այսպիսով Հայաստանի մեկուսացումը շարունակվում է և Ադրբեջանը ավելի է մերձենում Իրանի հետ: Վարդան Ոսկանյանը չի կիսում այդ տեսակետը, քանի որ, նրա խոսքով, ճանապարհային քարտեզը որևէ խնդիր չի լուծել և, հատկապես, չի լուծվել Իրանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների ամբողջությունը, այնպես որ ակնհայտ է, որ թեև Հայաստանի համար այդ գործընթացը հետաքրքիր է, բայց շատ լուրջ անհանգստությունների տեղիք չի կարող տալ:

Բացի այս, մի կարևոր հանգամանք ևս կա, որին ուշադրություն դարձրեց մեր զրուցակիցը՝ Հայաստանի և Իրանի թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը և հարաբերությունների օրակարգը կախված չէ որևէ երրորդ խաղացողի կամքից կամ գործողություններից.

«Այդ օրակարգի համար մեկ պատասխանատուն հայկական կողմն է և եթե մենք այդ օրակարգին մոտենում ենք լրջորեն, քայլեր ենք ձեռնարկում այն իրացնելու, դրանով առաջ շարժվելու համար, ապա որևէ Կասպից ծովի կարգավիճակի կոնվենցիա կամ մեկ այլ համաձայնագիր չի կարող ազդել մեր հարաբերությունների վրա և չի կարող ազդել մեր երկրի զարգացման տեսլականի վրա: Իրանի հետ հարևանությունը, Իրանի հետ կապերը բխում են մեր պետության անմիջական, ուղղակի ու կենսական շահերից և առաջին հերթին մենք պետք է աշխատենք դրանց ուղղությամբ: Եվ պետք է աշխատենք, ուշադրություն չդարձնելով մյուս բոլոր խնդիրների վրա, որ առկա են Իրանի ու տարածաշրջանի կամ արտատարածաշրջանային ուժերի միջև: Գործելու մենաշնորհը տրված է մեզ»,- հավելեց նա:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/36546