Ե՞րբ կարձագանքի ՀԱՊԿ-ն սրացումներին հայ-ադրբեջանական սահմանին. պարզաբանում է նախարարը

Այն, ինչ կատարվում և առնչվում է լարվածության աճին, դատապարտելի է և անընդունելի: Մենք խոսում ենք մեր կառուցողական ներգրավվածության՝ բացառապես խաղաղության ճանապարհով հարցը լուծելու մեր դիրքորոշման մասին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Հանրային» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդմանը տված հարցազրույցում:


Նախարարը պատասխանել է լրագրողի՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող սրացումների մասին հարցին: “Չե՞ք կարծում, որ պետք է միջամտեր ՀԱՊԿ-ը՝ որպես տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորող և ապահովող կառույց”, - հարցրել է լրագրողը:


Նա նշել է, որ կառուցողականությունը չպետք է ընդունվի, որպես վճռականության պակաս: “Բնականաբար, չեմ ցանկանում, որպեսզի դա ընդունվի որպես մեր կողմից վճռականության պակաս. նման բան չի եղել և երբեք չի լինելու: Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը պատրաստ են իրենց պաշտպանելու և այդ գործառույթը մշտապես ինքնուրույն կատարում են: Այդ կարողությունը կա: Միևնույն ժամանակ մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ-ի անդամ: Կա կանոնադրական պարտավորություն՝ միմյանց աջակցելու պաշտպանության ոլորտում”, - ասել է նա:


Նրա խոսքով, Հայաստանն իր գործառույթը կատարում է այնքանով, որ ՀԱՊԿ անդամ-պետությունները տեղեկացված են և գիտեն տեղի ունեցող բոլոր զարգացումների մասին: “Կանոնադրության համապատասխան դրույթների կիրառումը կլինի այն ժամանակ, երբ մենք պնդենք դա, երբ համապատասխան իրավիճակը կգնահատվի այնպես, որ այդ դրույթը պետք է կիրառել”, - ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36303