Մամուլ. Ի՞նչն է ստիպում լռել նախագահ Սարգսյանին և գնահատական չտալ Քոչարյանի գործին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված է: Տեղի ունեցածը Հայաստանի համար եզակի դեպք է, երբ երկրի պաշտոնաթող ղեկավարը հայտնվում է մեղադրյալի աթոռին: Ու տրամաբանական է, որ այս իրադարձությանը որեւէ կերպ պետք է անմիջապես արձագանքեր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո, Սահմանադրությամբ համարվում է, որ նախագահը պետության գլուխն է, Սահմանադրության պահպանման երաշխավորը: Այնպես որ, կարող էր որեւէ կերպ կարծիք հայտնել: Այնինչ` Քոչարյանի կալանավորումից անցել է մոտ մեկ շաբաթ, բայց Արմեն Սարգսյանը լուռ է: «Ժողովուրդ» օրաթերթը նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց թեմայի վերաբերյալ պարզել Սարգսյանի վերաբերմունքը կատարվածին: «Տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում: Դրանցով զբաղվում են համապատասխան մարմինները, որոնք ունեն սահմանադրական ինքնուրույնություն, օրենքով սահմանված լիազորություններ եւ գործառույթներ: «Սահմանադրությունը հստակ սահմանում է իշխանության ճյուղերի, այդ թվում` հանրապետության նախագահի գործառույթներն ու լիազորությունները, որոնց շրջանակը չի նախատեսում խնդրո առարկա հարցի վերաբերյալ որեւէ գնահատական տալը»,-նախագահի պատասխանն են փոխանցել նրա աշխատակազմից: Հարցին` որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, Արմեն Սարգսյանն ինչ է կարծում` 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգի տապալում կամ խախտում տեղի է ունեցել, նշել են. «Սահմանադրության պահպանման գործառույթը եւս չի նախատեսում գնահատական տալ` 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի խախտում տեղի ունեցել է, թե ոչ»: Համաձայնեք, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանին չէր խանգարի որպես ՀՀ քաղաքացի կարծիք հայտնել այդ գործընթացների մասին` խոսքերը ձեւակերպելով այնպես, որ չդիտվի ուղղորդում: Չնայած, եթե հաշվի առնենք նախագահի արարողակարգային լիազորությունները, Սարգսյանը չի էլ կարող ուղղորդել իրավապահներին: Հ.Գ. Արդյո՞ք Արմեն Սարգսյանի կաշկանդվածությունը պայմանավորված է ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանքով, որը տեսել է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:


«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որեւէ վտանգ չի տեսնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: «Իմ գնահատականը տառացիորեն համընկնում է արտաքին գործերի նախարարության ձեւակերպման հետ, ավելացնելու ոչինչ չունեմ»,-ի պատասխան Aravot.am-ի հարցի, ասաց Միրզոյանը:
«Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի»,-հայտարարել է Լավրովը, այն բանի հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Aravot.am-ը փոխվարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք Ռուսաստանի նման հայտարարությունը չի վտանգի հայ-ռուսական հարաբերությունները, եւ այն միջամտություն չէ՞ Հայաստանի իշխանության քաղաքականությանը, Միրզոյանը մեկ բառով, կարճ ու բացասական պատասխան տվեց. «Ոչ»:


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ շաբաթ է՝ որպես մեղադրյալ գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քոչարյանը պահվում է «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անվամբ: Ուշագրավն այն է, որ մինչ օրս կալանավորված հայտնի պաշտոնյաները եւս տարվել են այնտեղ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի դեպքում իրավիճակը այլ է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Քոչարյանը խնդրել է, որ եթե իրեն կալանավորեն, ապա տեղափոխեն այնպիսի խուց, որտեղ որեւէ այլ անձ չլինի, եւ նա ցանկանում է այդ խցում մենակ մնալ: Ըստ էության նրա՝ նախկին նախագահ լինելու գործոնն էլ պատճառ է դարձել, որ իրավապահները բավարարել են խնդրանքը: Մինչ այդ, Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, թե նա հարմարվել է այնտեղի պայմաններին, զբաղվում է սպորտով, նաեւ շարունակում է գիրք գրելը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` Երեւանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Զոհրաբյանին հարցրեց՝ հնարավո՞ր է Փաշինյանի կառավարությունը ստիպի ԲՀԿ-ին չմասնակցել ավագանու ընտրություններին: Ի վերջո, ՔՊ ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը, եւ հավանական է, որ նա հասարակության կողմից չընդունվի որպես քաղաքապետի թեկնածու, այդպես հնարավորություն ստեղծվի, որ ԲՀԿ-ն հաղթի ավագանու ընտրություններում՝ շնորհիվ ֆինանսական ու մարդկային ռեսուրսների: «Ինչպես կարող է որեւէ մեկը, ինչ պաշտոնյա էլ ինքը լինի, որեւէ քաղաքական ուժին արգելել մասնակցել ընտրությունների: ԲՀԿ-ն ունի այլեւս կայացրած քաղաքական որոշում, որ անպայման մասնակցելու է այդ ընտրություններին»,- ասել է Զոհրաբյանը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն իսկ կարելի է հստակ պնդել, որ «Ելք» դաշինքն այլևս ոչ ևս է: Դրա մասին են վկայում թե՛ ՔՊ–ի որոշումը Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին, որն անսպասելի էր դաշինքի գործընկերների համար, թե՛ վերջիններիս արձագանքները: Ավելին, մեր հավաստի տվյալներով՝ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը որոշել են ավագանու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքով: «Փաստի» տեղեկություններով, արդեն առկա է նաև նախնական համաձայնություն դաշինքի անվան շուրջ. այն կարտահայտի այդ կուսակցությունների անունները և կկոչվի «Լուսավոր Հանրապետություն»: Իհարկե, չի բացառվում, որ այս դաշինքում ընդգրկվեն նաև այլ քաղաքական ուժեր, հատկապես խորհրդարանական ընտրությունների շեմին, սակայն այս պահին հստակ է վերոնշյալ երկու կուսակցությունների դիրքորոշումը: Իսկ թե որքանով արդյունավետ կլինի «Քաղաքական պայմանագիր» կուսակցության՝ ընտրություններին միայնակ մասնակցելու հակվածությունը, ցույց կտա ժամանակը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Մալխասյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունիսի 27–ի դրությամբ ունեցել է 26 հազար ամերիկյան դոլար, 6 հազար եվրո եւ 6 միլիոն դրամ դրամական միջոցներ: Եկամուտները կազմել են 2 միլիոն 63 հազար դրամ, որից 1 միլիոն 341 հազար դրամն ու 91 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 630 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճար: Որպես եկամուտներ է հայտարարագրել եւս 775 եվրո միանվագ վճարներ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրանական «Սավա» ընկերությունը, որ իրականացնում էր «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատված­ներից մեկի կառուցումը, լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել իր 17 աշխատակիցներին, մարդիկ 5 ամիս աշխատել են, բայց այդպես էլ չեն վարձատրվել: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալա­ռուն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունն է: Իսկ ահա «Սավա»-ն վերոնշյալ ընկերության ենթակապալառուն է, որը պարտավորվել էր նորոգել Երևան-Թալին ճանապարհի Ագարակ գյուղի 3 կմ ճանապարհահատվածը: Սակայն ընկերությունը ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարել և ճանա­պարհի նորոգման աշխատանքներն էլ ավարտին չի հասցրել, միաժամանակ պարտքեր կուտակել: Հիմա այդ ընկերության հետ պայմանագիրը դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել «Սավա» ընկերության աշխատակիցները՝ պատմելով, որ իրանական այս ընկերությունն ունեցել է երեք բաժնետեր, որից երկուսը աշխատողների համար նախատեսված աշխատավարձերը վերցրել են ու փախուստի դիմել: Իսկ երրորդ բաժ­նետերը ՀՀ-ում է, բայց ոչինչ չունի»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34241