Հայաստանը պատրաստ է պատերազմի եւ վճռական պատժիչ գործողությունների. Տոնոյան

Ադրբեջանական զինուժի կուտակումների և ակտիվության մասին հաղորդագրությունները ճիշտ են և նման զարգացումներ գրանցվել ու գրանցվում են ոչ միայն Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով՝ մասնավորապես՝ Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին EADaily.com-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտապանության նախարար Դավիթ Տոնոյանը:


Նրա խոսքով, բանակցություններում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած առավելապաշտական դիրքորոշման պայմաններում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ բարձր է: «Ադրբեջանի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք, երևույթ, որից զերծ մնալը դրված է որպես նախապայման ԼՂ հակամարտության, և ընդհանրապես՝ բոլոր հակամարտություների խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հիմքում», -նշում է նախարարը:


Հատկապես մտահոգիչ են, նշում է Տոնոյանը, մինչ օրս լարվածությամբ համեմատաբար աչքի չընկած նախիջևանյան ուղղությամբ ռազմական ակտիվության դրսևորումները: «Այստեղ ռազմական ցանկացած արկածախնդրություն հղի է խոշոր հրդեհ բոցավառելու վտանգով, ճգնաժամ, որին ամնասն չեն մնա տարածաշրջանային այլ դերակատարները», - զգուշացնում է Դավիթ Տոնոյանը:


Միաժամանակ, Հայաստանի որդեգրած ողջ կառուցողական կեցվածքով հանդերձ, նա չի ցանկանում, որպեսզի մարդկանց մոտ ձևավորվի տպավորություն, թե հայկական կողմը խաղաղության խնդրարկու է:


«Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել հակամարտության ռազմական էսկալացիան իրենց վերահսկողության տակ ունենալու հարցում: Այսինքն՝ այնպես չի լինելու, որ իրենք սկսեն որևէ տեղամասում թեկուզ սահմանափակ ծավալի օպերացիա և հույս տածեն որ իրենց խնդրանքով միջնորդ պետությունները կհամոզեն հայկական կողմին դադարեցնել այդ ագրեսիայի պատժման նպատակով ձեռնարկված հակահարձակումը: 2016թ. ապրիլյան ագրեսիայի նման սցենարի կրկնման դեպքում հայկական կողմը կարող է չկարողանալ զերծ մնալ իր տրամադրության տակ եղած ողջ զինանոցը օգտագործելու և այդպիսով՝ հակառակորդի սահմանափակ մարտական խնդիրները ավելի վճռական ու ծավալուն ձևաչափով հակադարձելու «գայթակղությունից»», - նշում է նախարարը:


Նրա խոսքով, ապրիլյան մարտերից առաջին հերթին կատարել ենք ռազմավարական նշանակության հետևություններ. «Կրկնում եմ, Ադրբեջանը չէ, որ պետք է իրեն վերապահի իրադրության էսկալացիայի ժամը, տեղը և ծավալը որոշելու մենաշնորհը»:


«Արել ենք նաև մի շարք հետևություններ ռազմական գործողությունների օպերատիվ և մարտավարական մակարդակներում, որոնց արդյունքում կատարել ենք անհրաժեշտ փոփոխություններ զորքերի օպերատիվ դասավորության, առաջնագծում մարտական խնդիրների կատարման, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով բանակի հագեցման ոլորտներում: Տեխնիկական և ընթացակարգային լուծումների միջոցով բացառել ենք նաև նման հարձակումներին դիմագրավելիս հանկարծակի գալու գործոնը», - ընդգծում է նա:


Իր ողջ նշանակությամբ հանդերձ, Տոնոյանի խոսքով, «ապրիլյան պատերազմը» չպետք է գտնվի մեր ռազմական մտքի կիզակետում:


«Ռազմարվեստի պատմությունը ականատես է բազմաթիվ դեպքերի, երբ նույնիսկ ամենալավ զորահրամանատարները և նույնիսկ ամբողջ զինված ուժերն ընկել են ապագայի պատերազմին նախորդ ռազմական գործողությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվելու և դրա հետևանքով սխալվելու թակարդը: Այնպես որ՝ հավանական ռազմական գործողություններին նախապատրաստվում ենք համակողմանիորեն, ոչ թե միայն անցյալի փորձի հաշվառմամբ», - եզրափակում է նախարարը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33889