Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ձերբակալվել է. ՀՔԾ

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի կողմից 27.06.2018թ.-ին ձերբակալվել է նույն օրը նախաքննական մարմին ներկայացած Նազիկ Ամիրյանը:


ՀՔԾ-ից հայտնում են, որ Ամիրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման մեջ, որ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում` Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:


Նախաքննությունը շարունակվում է:


Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ արտահերթ նիստում միջնորդագիր ներկայացնելիս նշել էր, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանի գործով մեղադրանք առաջադրելու` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ իր կնոջ`Նազիկ Ամիրյանի, դստեր`Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար:


Ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Այս գործով արդեն իսկ կա երկու մեղադրյալ՝ Մանվել Գրիգորյանը եւ նրա բարեկամ Արմեն Հակոբյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32954