ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվելու է ԱԱԾ-ում. Վանեցյան

Մեր գործողությունների նպատակը մարդկանց նստեցնելը չէ: Մենք հակված ենք պետությունից գողացված, թաքցված գումարները վերադարձնենք պետական բյուջե: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի այն բացահայտմանը, որ 461 քաղաքացու անունով, որոշ դեպքերում նաեւ ոչ նրանց գիտությամբ բացվել են Ա/Ձ-ներ, սակայն գործի շրջանակներում ձերբակալվածներ չկան:


«Մեր գործողությունների նպատակը մարդկանց նստեցնելը չէ: Մենք հակված ենք պետությունից գողացված, թաքցված գումարները վերադարձնենք պետական բյուջե: Ասում են՝ այսինչ գործի հետեւում կանգնած է այնինչ մարդը, բայց իրավական առումով դա շատ բարդ է եւ անհնար: Եթե մարդը վերականգնում է պետբյուջե գումարները, ինքը քրեական պատասխանատվությունից ազատվում է: Իսկ պաշտոնյաները, որոնք մասնակցել են եւ իրենց իմացությամբ են եղել գործողությունները, ներկայումս իրականացվում է քննություն, կլինեն հրավիրվածներ քննչական վարչություն եւ, եթե չեն կարողանա տալ հստակ պատասխաններ՝ իրենց կատարած գործողությունների մասին, ապա գործում կներգրավեն որպես մեղադրյալներ»,- ասաց նա:


ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվելու է ԱԱԾ եւ հարցաքննվելու է: ԱԱԾ տնօրենի խոսքով՝ Մաշադյանը հարցաքննվում է, որովհետեւ ներկա է եղել այն հայտնի բանակցություններին, երբ որոշվել է սուպերմարկետներին տալ հնարավորություն 20 տոկոս եկամտահարկի փոխարեն վճարել 2 տոկոս հարկ:


«Նա որպես վկա կհրավիրվի ԱԱԾ, կտա ցուցմունք եւ իր ցուցմունքին գնահատական տալուց հետո կորոշվի իր հետագա կարգավիճակը հարուցված քրեական գործի շրջանակներում: Ի՞նչ է նշանակում, որ պայմանավորվածություն է եղել նախորդ իշխանությունների հետ: Պայմանավորվածություն է եղել, որ ապօրինի գործե՞ն: Ինչո՞ւ է միայն այդ 11 ընկերությունը նման կերպ աշխատել, ինչո՞ւ մեր եւ ձեր բակի խանութները չեն ուզել առանց հարկերի աշխատել»,- ասաց նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31871