Սամվել Ալեքսանյանն աշխատել է նախկին իշխանությունների թելադրած խաղի կանոններով. Ծառուկյան

Գործարար Սամվել Ալեքսանյանն աշխատել է այն խաղի կանոններով, որը թելադրել է նախկին իշխանությունը: Հիմա խաղի կանոնը փոխվել է, բոլորը պետք է նոր խաղի կանոնով աշխատեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 1-ին նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից «Երեւան սիթի»-ում լայնածավալ ստուգումներին:


Նրա խոսքով, ցանկացած մարդ պետք է պատկերացնի, որ իշխանություններն ու կառավարությունն է թելադրում խաղի կանոնները: «Բոլորն էլ գիտեն՝ ով ինչով է զբաղվում, ինչ է տանում, ինչ է ներմուծում: Խաղի կանոնը դրած ա, մարդը ասում ա՝ ինչ ասել են, ես արել եմ: Հիմա խաղի կանոնը փոխվել է, բոլորը պետք է նոր խաղի կանոնով անեն:


Նույնիսկ գիտեն, թե Սամվել Ալեքսանյանն ինչ է ուտում, ինչ է շնչում, ինչքան փող է աշխատում: Ինքն էլ ասում է, որ իրեն ասել են, իրեն թույլ են տվել, ինքն էլ այդպես արել է», - հայտարարեց Ծառուկյանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում եւ բացահայտել մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։


Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ»: Ըստ ԱԱԾ-ի, «Ալեքս Հոլդինգը» իր աշխատակիցների, նրանց ծանոթների անվամբ գրանցել է 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում:


Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ:


Նշենք, որ ՊԵԿ-ի պաշտոնյաները խոստովանել են, որ ամենաբարձր մակարդակով եղել է պայմանավորվածություն, որ օրենքը շրջանցելով 20 տոկոս ավելացված արժեքի հարկի փոխարեն առեւտրային ցանցերը վճարեն 2 տոկոս շրջանառության հարկ, որպեսզի գյուապրանքների գները չբարձրանան:


Այս հարցին անդրադարձել էր նաեւ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ նախկինում իշխանությունների հետ Սամվել Ալեքսանյանի առեւտի ցանցերում գյուղմթերքների սպառման մասով հարցը եղել է պայմանավորվածության դաշում, որպեսզի գյուղացիները չտուժեն, մթերումները կատարվեն. «Դա մսամթերքին և մրգերին է վերաբերում, որ օրենքում կազուս կար, մինչև կարգավորվի, մինչև ամսի 5-ը պայմանավորվել ենք, որ օրենսդրական դաշտը բերեն, քննարկենք, կարգավորենք: Եթե, բացի դա, շրջանցումներ եղել են, այդտեղ շահարկումներ են եղել»:


Ֆինանսների նախարար նախօրեին Ատոմ Ջանջուղազյանը հստակ պատասխան չտվեց հարցին, թե «Երեւան սիթի»-ի ղեկավարության կողմից նման սխեմաների կիրառումն անօրինակա՞ն է, թե օրենքով է արվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31806