Մարուքյանը չգիտի՝ մայիսի 8-ից հետո կմնա ԱԺ-ում, թե կգնա կառավարություն

Ելք խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը չունի պատասխան, թե որտե՞ղ է շարունակելու իր գործունեությունը մայիսի 8-ից հետո՝ Ազգային Ժողովում թե կառավարությունում: Խնդիրը մեկն է՝ նման քննարկում դեռ չի եղել: Ավելին՝ Մարուքյանը կարծում է, որ նման խոսակցությունները տեղավորվում են, ժողովրդական լեզվով ասած, «ձուկը ջրում» տրամաբանության մեջ:


«Մենք չենք ունեցել նման քննարկում և այս պահին որևէ բան չի քննարկվում: Մայիսի 8-ին բոլորի հույսով Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ, որից հետո արդեն կխոսենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:


Ինչ վերաբերում է խորհրդարանի հետագա կազմվածքին, ապա, ըստ պատգամավորի, ձևավորվել է ֆորս-մաժորային իրավիճակ և պարզ չէ, թե ով է կայուն մեծամասնություն: Մարուքյանը նշեց, որ պարզ չէ, թե ինչ է կատարվում, բայց  միջազգային պրակտիկայում առկա օրինակով վարչապետ Փաշինյանը լինելու է փոքրամասնության վարչապետը:


«Երբ երեք ուժեր նրան առաջադրել են և չորրորդ ուժը՝ քաղաքական մեծամասնությունը, որոշակի ձայներով աջակցելու է նրա ընտրվելուն վարչապետի պաշտոնում, ձևավորվում է կառավարություն, որը կոչվում է փոքրամասնության վարչապետի կառավարություն: Դա էլ ժամանակավոր բնույթ է կրելու, բայց վստահեցնում են, որ այն իր առջև դրված խնդիրները կլուծի»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:


Այս պահից սկսած կարևորագույն անելիքը Ընտրական օրենսգրքում փոփոխությունները նախապատրաստելն է, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև մինչ այդ երկրի կայունությունն ապահովվի: Միայն ԸՕ-ում փոփոխությունները կարող են անել այնպես, որպեսզի քաղաքական ճգնաժամը չշարունակվի:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/30776