Ռազմական փուլն ավարտվեց, զարգացումները կտեղափոխվեն քաղաքական հարթություն. արևելագետ

Առաջիկա ժամերին և օրերին ականատես կլինենք տեղեկատվական պատերազմի հսկայական ալիքի, որի բովանդակակային բաղադրիչներն են լինելու, մի կողմից` կոալիցիոն ուժերի վճռակության, նրանց գործողությունների նպատակաուղղվածության հիմնավորումը, մյուս կողմից՝ «սիրիական պատասխանի» արդյունավետության ներկայացումը և հասցված հարվածի հետևանքները նվազագույնին հասցնելու միտումները: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում նշեց արևելագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով իրավիճակին Սիրիայում:

Նրա խոսքով, բոլորովին սպասելի էր, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԶՈւ-ն համատեղ պատժիչ հարված կհասցրեին սիրիական վարչակարգին՝ սեփական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքի հիման վրա: Կանխատեսելի էր նաև այն, որ ռազմագործողությունը կլինի թիրախային և կներառի Սիրիայի տարածքում քիմիական զենքի պատրաստման և պահպանման մի քանի օբյեկտներ: Կանխատեսելի էր նաև, որ թիրախային հարվածը հնարավորինս կշրջանցի Սիրիայի տարածքում ներկայություն ունեցող այլ արտաքին ուժերի դիրքերը, իսկ պատժիչ հարձակման պատասխանը կներկայացվի որպես բացառապես սիրիական ԶՈւ-ի գործողություն:

«Առաջիկայում ականատես կլինենք տեղեկատվական պատերազմի հսկայական ալիքի, որի բովանդակակային բաղադրիչներն են լինելու, մի կողմից` կոալիցիոն ուժերի վճռակության, նրանց գործողությունների նպատակաուղղվածության հիմնավորումը, մյուս կողմից՝ «սիրիական պատասխանի» արդյունավետության ներկայացումը և հասցված հարվածի հետևանքները նվազագույնին հասցնելու միտումները: Այլ կերպ ասած՝ կարծես սրանով գործընթացի ռազմական փուլը, կարծես, կավարտվի, և հետագա զարգացումները կտեղափոխվեն քաղաքական հարթություն՝ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների մասնակցությամբ, որտեղ, սակայն, լարվածությունը կշարունակվի, քանի որ այդ լարվածությունը պայմանավորված չէ միայն սիրիական հիմնախնդրով, իսկ վերջինը միայն բազուկներ ցուցադրելու հարթակ է»,- նշեց Արմեն Պետրոսյանը:

Նա հավելեց, որ ստեղծված իրավիճակին հավելյալ բարդություն է հաղորդում այն իրողությունը, որ արտաքին գերատեսչությունների մակարդակով չկա լիարժեք շփում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև, քանի որ ԱՄՆ նոր պետքարտուղարը և նրա թիմը դեռևս լիովին չի ստանձնել պաշտոնը, իսկ առկա մյուս հարթություններում՝ նախագահների մակարդակով շփում ընդհանրապես չկա, պաշտպանական գերատեսչությունների միջև կապը կրում է իրավիճակային բնույթ:


Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/29763