Հայաստանը բացառիկ դաշնակից է Ռուսաստանի համար. Կոնստանտին Կոսաչով

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությանը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ:

Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-ռուսական միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները խարսխված են բազմադարյան բարեկամության եւ պատմական ամուր կապերի վրա:


Արա Բաբլոյանը նշել է, որ խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը կարեւոր տեղ է զբաղեցնում հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգում: Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստերի աշխատանքը, որը հարթակ է երկու երկրների օրենսդիրների երկխոսության համար եւ հնարավորություն է տալիս քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մեծ շրջանակ: Արա Բաբլոյանը կարեւորել է նաև համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում եւ նշել, որ այս գործում մեծ է օրենսդիր մարմինների համապատասխան հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի գործունեության դերը:


ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշել է, որ Հայաստանը բացառիկ դաշնակից է Ռուսաստանի համար. շփման եզրերը եւ օրակարգերը հաճախ են համընկնում:


Կոնստանտին Կոսաչովը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել օրվա առաջին համատեղ նիստում քննարկված հարցերը եւ նշել, որ նիստերի օրակարգում ներառված են երկու երկրների անվտանգությանը, ռազմավարական գործընկերությանը եւ միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:


Պարոն Կոսաչովը նույնպես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության եւ փոխշահավետ համագործակցության դերը միջազգային կառույցներում՝ նշելով, որ Ռուսաստանն ու Հայաստանն ընդգրկված են մոտ յոթ վեհաժողովի կազմում. հանձնաժողովի նախագահի խոսքով՝ սա պատահական համընկնում չէ, խոսքը ընդհանուր հետաքրքրությունների մասին է:

Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ համատեղ նիստերի ընթացքում քննարկված երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերը հնարավորինս արագ կլուծվեն: Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են խորհրդարանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր եւս:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/28603