Ատոմակայանը հավերժ չէ, բայց դրա հետ կապված պլաններ շատ կան. փոխնախարար

2017 թվականին ակտիվորեն շարունակվել են ՀԱԷԿ-ի վերազինման և վերակառուցման ծրագրի աշխատանքները, որի արդյունքում կունենանք առնվազն տասը տոկոս հզորության ավելացում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:


Նա անդրադարձավ վերջին շրջանում ատոմակայանի շուրջ առկա խոսակցություններին, որոնք հատկապես սրվեցին ԵՄ-ի պաշտոնատար անձանց կողմից արվող այն հայտարարությունների ֆոնին, թե հայկական ատոմակայանը պետք է փակվի: Փոխնախարարը նախ նշեց, որ որևէ մեկը երբեք չի ասել, թե այն հավերժ է աշխատելու: Բայց Հայաստանը նախատեսում է ծրագրի կյանքի երկարացում և իրականացնում է լուրջ ներդրումներ. օրինակ, 170 միլիոն դոլար ներդրումը անվտանգության ստանդարտների ուղղությամբ է արված.  


«Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում ու եզրակացություններ ներկայացնում: Բայց պետք է հասկանանք, թե երբ ենք դա ապագործարկելու, ինչպես նաև մեր հետագա քայլերը: Որևէ  մեկի մոտ «իլյուզիա» չկա, թե մեր ատոմակայանը հավերժ է աշխատելու, բայց մեր ներդրումները ուղղված են հիմնականում անվտանգության ստանդարտների բարձրացմանը, և մենք միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել ենք»,- նշել է Հարությունյանը: 


Ինչ վերաբերում է ապագային, ապա Հայկ Հարությունյանը նշեց, որ դեռ որոշում չկա, թե ինչ բլոկի կառուցում է նախատեսվում ապագործարկումից հետո:


Նշենք, որ դեռ անցած տարեվերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հայտարարել էր, որ ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի: Նախագահն ընդգծել է, որ բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը:


«Ծրագիրը նախատեսում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչեւ 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում:


ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին եւ այդ ծրագրի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրերը:


Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվում են նախագծային եւ շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաեւ դրա արդիականացման միջոցառումներ: 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, այդ թվում՝ էներգաբլոկի սարքավորումների գործիքային զննությունը, գործնականում ավարտվել են»,- մասնավորապես ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27562