Մամուլի տեսություն. Ո՞վ է ՀՀ նախագահի աթոռի ամենահավանական թեքնածուն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների անցկացման հարցում երևի ամենաշահագրգիռն այդ հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է, ով մեզ հասած լուրերով, ՀՀ նախագահ դառնալու ամենամեծ հավակնություններն ունի: 2018թ. մարտի 23-ին Գ. Հարությունյանը կդառնա 70 տարեկան և դեմ չէ 15-օրյա կարճատև հանգստից հետո շարունակել նախագահել, բայց ոչ թե ՍԴ-ի, այլ ՀՀ նախագահի պաշտոնում: Դա հնարավոր է, եթե գործող Սահմանադրությունը փոխարինվի նոր Սահմանադրությամբ, և նախագահը ընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ 262 մարդու կողմից: Հարությունյանը հասկանում է, որ համաժողովրդական քվեարկության դեպքում նա նույնիսկ 262 ձայն չի ստանա»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտերիմների շրջանում ասել է, թե իշխանությունները մտադիր են ՀՀ արդարադատության նախարարի թափուր մնացած պորտֆելը «հանձնել» իրենց՝ ՀՅԴ-ին: Ավելին՝ լուրեր կան, որ Արծվիկ Մինասյանին արդեն իսկ այդ պաշտոնն առաջարկվել է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունները ճշտել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից: Նա կտրականապես հերքեց տեղեկությունները. «Ակնհայտ է, որ դա ապուշություն է, ու ես այն մարդը չեմ, որ ինքնահաստատման փորձ անեմ, դա իմ տեսակին բնորոշ չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Իսկ այն դիտարկմանը, թե միգուցե ՀՀ իշխանություններն իրենց կուսակցությանը` ՀՅԴ-ին են նման առաջարկով դիմել, պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ»: Մի խոսքով, արդարադատության նախարարի պաշտոնը ՀՅԴ-ի տալու լուրերի մասին Մինասյանը կոնկրետ բան չկարողացավ ասել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տարվա ավարտին առնվազն տասը տարով վերարտադրվելու վճռական հայտ է ներկայացնելու: Ըստ էության, իշխանությունը խախտեց նույնիսկ իր գրավոր խոստումը եւ սահմանադրական փոփոխությունների փոխարեն հրապարակեց լիովին նոր նախագիծ, որը ոչ այլ կերպ, քան նոր Սահմանադրություն հնարավոր չէ չանվանել: Ըստ այդմ, Հայաստանում աշնանը տեղի է ունենալու ամբողջովին նոր Սահմանադրության ընդունման գործընթաց, որը նշանակալիորեն տարբերվում է 2005թ. փոփոխություններից: Եթե առաջին դեպքում գործող համակարգի սահմանադրական մեխանիզմները փաստացիորեն լրամշակվում էին, այսինքն՝ լիովին տեղավորվում «սահմանադրական փոփոխություններ» եզրույթի ներքո, ապա այս պարագայում ընդունվում է նախադեպը չունեցող մի վիճարկելի ու ինքնանպատակ կառավարման համակարգ:

Հիշեցնենք, որ, ըստ էության, 2005թ. սահմանադրական փոփոխությունները արվում էին Ռոբերտ Քոչարյանին նախագահության ժամկետի ավարտից հետո ուժեղ վարչապետի պաշտոնում գործելու հնարավորություն ընձեռելու նպատակադրությամբ: Սակայն 2008թ. նախագահական ընտրություններում Քոչարյանը չափն անցավ, եւ «որքան վատ, այնքան լավ» իր բանաձեւը բումերանգի էֆեկտով հարվածեց հենց իրեն: Մարտի 1-ի սպանդը լիովին փակեց Քոչարյանի՝ այդքան սպասելի ու լիովին հավանական վերադարձը իշխանության ղեկին: Անշուշտ, Սերժ Սարգսյանն էլ քիչ ջանք չգործադրեց Քոչարյանի վերադարձը կանխելու ուղղությամբ, ինչը նախ եւ առաջ պայմանավորված էր ուժային կառույցների ամբողջական վերահսկողության հանգամանքով: Ուշագրավ է, որ Քոչարյանը սահմանադրական փոփոխություններ կատարեց իր իշխանավարության ավարտից 3 տարի առաջ, ինչպես այսօր փորձում է վարվել Սարգսյանը»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/2730