ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը կաթվածահար է եղել. գերատեսչությունները մնացել են առանց փողի

ԱՄՆ նախարարությունները և գերատեսչությունները ստիպված են մասամբ դադարեցնել աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը:


Հաղորդվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը չի կարողացել երկրի դաշնային բյուջեն հաստատել մինչև հունվարի 20-ի կեսգիշեր: Ավելի վաղ ԱՄՆ-ի սենատորները փորձում են գալ համաձայնության բյուջեի ժամկետը մինեչւ փետրվարի 16-ը երկարաձգելու հարցի շուրջ: Այդպիսով վերջացել է կառավարության ֆինանսավորման մասին ներկայիս ժամանակավոր օրենքի գործողության ժամկետը:


Կարևոր առաջադրանքներ չկատարող պետական մարմինների բոլոր աշխատակիցները ժամանակավոր չվճարվող արձակուրդ կգնան: Սենատում շարունակվում են բանակցությունները նոր օրինագծի հարցով:


Կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրենքի նախագիծն արդեն հաստատվել է Ներկայացուցիչների պալատում: Սակայն Սենատում դեմոկրատական փոքրամասնությունն արգելափակում է դրա առաջխաղացումը, մասնավորապես, Թրամփի վարչակազմի կողմից որոշ ծրագրերի, օրինակ՝ անչափահաս միգրանտների պաշտպանության ծրագրի սահմանափակման պատճառով:


Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, ներգաղթյալների իրավունքների պաշտպան ցուցարարները գուցեեւ նյարդայնանում են նախագահ Թրափմի հականերգաղթային քաղաքականությամբ, սակայն հատել է նաեւ նրանց համբերությունը դեմոկրատների նկատմամբ, որոնց մեղադրում են բյուջեի շուրջ քննարկումները երկարաձգելու պատճառով երիտասարդ փախստականների խնդիրը չլուծելու մեջ:


Եվ այժմ դեմոկրատները չեն համաձայնվում երկարաձգել կառավարության ֆինանսավորման ժամկետը, քանի դեռ չի լուծվել անչափահաս տարիքում անօրինական կարգով Ամերիկա ժամանած 700 հազար փախստականների խնդիրը: Իսկ հանրապետականները մի տեսակ հայտնվել են անորոշ իրավիճակի մեջ, երբ Սպիտակ տնից ստանում են հակասական ուղերձներ:


Թրամփն անցյալ շաբաթ նախ հորդորեց երկու կուսակցություններին կազմել միասնական գործարք, ապա մերժեց այն: Սենատն առաջարկում էր ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի ապրող փախստականների պաշտպանություն: Նաեւ առաջարկում էր զարկ տալ երկրի ֆիզիկական սահմանների հսկողությանը: Սակայն նույնիսկ այս հարցի շուրջ, որը Թրամփի նախընտրական արշավի ամենաուշագրավ պահանջն էր, նրա աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին հանդես եկավ հակասական հայտարարությամբ՝ ասելով, թե Թրամփը ժամանակին չի ըմբռնել այդ պատը կառուցելու հետ կապված իրականությունը:


Այնուհետեւ Սպիտակ տունը սպառնաց չքննարկել անօրինական ներգաղթյալների կարգավիճակի հարցը, քանի դեռ դեմոկրատները չեն հաստատել ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը:


Թրամփը դրանից հետո գրեց, թե պատը մնում է պատ ու այն երբեք չի փոխել իր էությունը:


Այս հակասական հայտարարություններից հետո հանրապետականների առաջնորդները որոշել են, որ չի լինի քվեարկություն ո՛չ փախստականների ո՛չ էլ սահմանների վերաբերյալ, քանի դեռ Թրամփը հստակ չի ասել, թե ինչ է ուզում: Դա էլ թույլ է տալիս դեմոկրատներին ասել, որ Հանրապետական կուսակցությունն անկարող է կառավարել:


Թրամփը երիտասարդ, անօրինական փախստականների կեցության ժամկետը երկարաձգող ԴԱԿԱ ծրագրին տվել էր մինչեւ մարտ ամիսը գործելու ժամանակ: Հանրապետականները այս հարցին լուծում տալու համար ավելի երկար ժամանակ են պահանջում: Դեմոկրատները գտնում են, որ ժամանակը հատել է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26656