Իսրայելը հետաքննություն է սկսել Ադրբեջանին դրոններ վաճառած ընկերության դեմ

Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել անօդաչուներ արտադրողի դեմ, որը, հնարավոր է, փորձարկումներ է անցկացրել կենդանի թիրախի վրա՝ անօդաչու տեխնիկան ցուցադրելիս Ադրբեջանի խնդրանքով փորձելով գրոհել հայկական դիրքերի վրա:

Հետաքննությունը վարում է իսրայելական ոստիկանության միջազգային հանցագործությունների քննությամբ զբաղվող բաժինը, հայտնում է Times of Israel-ը:

Հետաքննության մասին տեղեկությունը տարածվել է, երբ Իսրայելի դատարանը հավանություն է տվել գործով լրատվամիջոցներին տեղեկություններ փոխանցելու արգելքին: Օրինակ՝ ոստիկանությունը չի բացահայտի «հաճախորդին»:

Aeronautics-ի հայտարարության մեջ նշված է, որ ընկերությունը «ցանկացած հարցով լիովին կհամագործակցի եւ իր հնարավորությունների սահմաններում կաշխատի, որ հետաքննությունը հնարավորինս արագ կատարվի»:
Դատարանի որոշումը վկայում է, որ ընկերության դեմ քննություն է վարվում առնվազն սեպտեմբերի 4-ից, տեխնիկայի ցուցադրման ժամանակ անօդաչուների օգտագործման մասին տեղեկությունների առաջին հրապարակումներից մի քանի շաբաթ հետո:

Հաղորդվում է, որ ընկերությունը գործ է ունեցել նաեւ Մյանմարի ռազմական խունտայի հետ, որը մեղադրվում է մուսուլմանների էթնիկական զտման մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսին Aeronautics ընկերությունը զրկվել է «կարեւոր հաճախորդին» Orbiter 1K անօդաչուի արտահանման լիցենզիայից:

Times of Israel-ի հոդվածում նշվում է, որ իսրայելական ռազմական ձեռնարկությունները, որպես կանոն, հաճախորդներին ուղղակիորեն չեն անվանում: Սակայն հայտարարությունից կարելի է կռահել, որ հաճախորդը Ադրբեջանն է: Իսրայելական պարբերականը նաեւ ընդգծում է, որ անցյալ տարի Ադրբեջանը Harop կամիկաձե անօդաչուն օգտագործել է ավտոբուսի վրա հարձակվելիս, որի հետեւանքով 7 հայ է զոհվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24482