Դասադուլը թևակոխեց հացադուլի. ուսանողները փակվել են լսարանում, ՊՆ-ում տեղյակ են

ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի դիմաց շարունակվում է ուսանողների դասադուլի ակցիան, որին միացել են նաև Կոմիտասի անվան Կոնսերվատորիայից 30 ուսանող:  


Tert.am-ի թղթակիցը փոխանցում է, որ 5 ուսանողներ այսօր հացադուլ են սկսել: ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով հանդիպել է ուսանողներին, փորձել է նրանց համոզել դադարեցնել հացադուլը, քանզի դա պայքարի ծայրահեղ գործիք է:


«Նրանք շատ առողջ են պետք մեր հասարակությանը և՛ այս, և՛ այլ պայքարների համար: Թեև իրենք շատ հաստատակամ են իրենց որոշման մեջ, բայց ես կփորձեմ շարունակել համոզել, որ դադարեցնեն»,- ասել է Միրզոյանը:


Պատգամաբորը նաև ասել է, որ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին տեղեկացրել է ուսանողների հացադուլի մասին և որ նրանք վճռական են տրամադրված։


«Այս պահին Արտակ Զաքարյանի արձագանքը դրական չէր, բայց հորդորեցի մտածել այն մասին, որ իշխանությունը պետք է զիջման գնա, ուրիշ լուծում է պետք, չորով օրենքն անցկացնելը լուծում չէ»:


Ազատություն ռադիոկայանը մոտեցել է ԵՊՀ այն լսարանին, որտեղ հացադուլ են իրականացնում հինգ ուսանողներ: Նրանց թվում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով էլ «Ազատությանը» դռան ետևից տեղեկացրեց, որ իրենց հացադուլն անժամկետ է, իրենք գիշերելու են լսարանում, իսկ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագիծը կասեցվի:


«Մենք սկզբունքորեն որոշել ենք, որ դուռը պետք է չբացվի՝ հաշվի առնելով հանգամանքները, որ մեզ դուրս կհանեն ու կդադարեցնեն գործընթացը, որոշել ենք ոչ մի դեպքում դուռը չբացել, նույնիսկ այն դեպքում, երբ մարդիկ ուզենան մեզ միանալ»,- ասել է Դավիթ Պետրոսյանը:


Նա նշել է, որ ԱԺ-ն չցանկացավ, որ ուսանողները միանան քննարկմանը, իսկ հացադուլ իրականացնելով ուսանողները փորձում են ցույց տալ, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայն կարող է ազդեցություն ունենալ և պետք չէ անտարբեր լինել: Իրենց հետ կապ հաստատելու, բանակցելու փորձեր արվել են միայն ԵՊՀ ղեկավարության կողմից՝ ի դեմս պրոռեկտորի, իսկ իշխանության ներկայացուցիչներից որևէ արձագանք չեն ստացել:


ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը հավաստիացրել է, որ ֆիզիկական ուժ չի կիրառվի ԵՊՀ լսարանում փակված և հացադուլ իրականացնող ուսանողների հանդեպ:


Հիշեցնենք, ուսանողները դասադուլ, իսկ հիմա արդեն հացադուլ են անցկացնում տարկետման իրավունքի վերացման դեմ: Համապատասխան նախագիծը Ազգային Ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24470