Իրանի հոգեւոր առաջանորդ խիստ քննադատության է ենթարկել Ռոհանիին

Իրանում երկրի նախագահի պաշտոնի համար սկսված նախընտրական պայքարը վառ երանգներ է ստանում: Իր թեկնածությունն առաջադրած երկրի գործող նախագահ Հասան Ռոհանիին քննադատում են ոչ միայն մրցակիցները, այլեւ Իրանի հոգեւոր առաջանորդ այաթոլլա Ալի Խամենեին:


Ինչպես փոխանցում է Reuters-ը, Ալի Խամենեին քննադատել է երկրի առաջնորդ Հասան Ռոհանիին` Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու նրա քաղաքականության համար: Նրա խոսքով, այդ քաղաքականությունը հանգեցրել է Իրանի համար պատերազմական սպառնալիքի:


«Ոմանք ասում են, որ նրա` այդ պաշտոնը զբաղեցնելուց ի վեր, պատերազմի ստվերը սկսել է հեռանալ: Դա ճիշտ չէ», - նշել է նա` նկատի ունենաով արեւմտյան երկրների հետ Ռոհանիի քաղաքականությունը: «Միայն քաղաքական ասպարեզում այլ մարդկանց առկայությունն օգնեց հեռացնել այդ սպառնալիքը», - ասել է նա:


Ռոհանին առաջադրվել է Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելու երկորդ ժամկետի համար, սակայն նրա հակառակորդների շարքում Խամենեիի դաշնակիցներն են, ովքեր ձախողված են համարում միջազգային հանրության հետ Իրանի միջուկային գործարքը:


Իրանի նախագահի պաշտոնի գրանցված թեկնածուները վեցն են. Հասան Ռոհանին, Մոստաֆա Ակա-Միրսալամը, Իշհաք Ջահանգիրին, Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, Սայեդ Իբրահիմ Ռաիսին և Մոստաֆա Հաշեմի-Թաբան:


Իրանի նախագահական ընտրությունները նախատեսված են 2017 թվականի մայիսի 19-ին: Երկրի նախագահ կդառնա այն թեկնածուն, ով կստանա ընտրողների ձայների ավելի քան 50%-ը: Եթե դա ոչ մի թեկնածուի չհաջողվի՝ տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/17583