Օդապարիկներով, հեծանվաերթով և ավանդույթները պահպանելով. Նախընտրականը մեկնարկեց

Այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև մայիսի 12-ը: Իսկ ահա մայիսի 14-ին երևանցիները կընտրեն նոր ավագանու կազմը:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ. իշխող Հանրապետական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդդիմադիր «Ելք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը և նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որի ցուցակի առաջնորդն է Զարոհի Փոստանջյանը:


«Ելք» դաշինքը ինչպես միշտ օրիգինալ մոտեցում ցուցաբերեց` նախընտրական քարոզարշավի մեկնարկն ազդարարելով Երևանի բարձրադիր «Հաղթանակ» զբոսայգուց կեսգիշերին օդապարիկներ բաց թողնելով: «Երկիր ծիրանին» նախընտրականի մեկնարկը կազդարարի այսօր երեկոյան Ազատության հրապարակից հեծանվաերթով: Իսկ Հանրապետական կուսակցությունը չի խախտի ավանդույթները` բացումը տեղի կունենա Էրեբունի վարչական շրջանում, որտեղ արդեն այսօր երեկոյան կմեկնարկեն բակային հանդիպումների շարքը:


Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի կարգախոսներին, ապա ՀՀԿ-ն մայրաքաղաքի բնակիչների հետ հանդիպումներում ասելու է` «Հանուն Երևանի», Նիկոլ Փաշինյանն ու «Ելք»-ը տեղեկացնելու են, թե`«Երևան ջան, ելք կա», իսկ Զարուհի Փոստանջյանն ու ծիրանավորները երևանցիներին տանելու են «Դեպի Արարատ»:


Մինչ այս հանրության տրամադրությունների շոշափումը, կարծես թե, վկայում է, որ Տարոն Մարգարյանը ունի բոլոր շանսերը պահպանելու քաղաքապետի պաշտոնը, ինչին, անշուշտ, նպաստում է այն հանգամանքը, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը վստահ հաղթանակ տարավ:


Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ու Զարուհի Փոստանջյանի մասնակցությունն էլ, ինչպես ասում են, «գալոչկայի» համար չէ` երկու թեկնածուներն էլ ունեն կայուն ընտրազանգված, որը դեռ ավելանալու միտում ունի` «Բարգավաճ Հայաստանի» ընտրազանգվածը և’ իշխանամետ, և’ ընդդիմադիր է: Հետևաբար երկրի երկրորդ քաղաքական ուժի չմասնակցելը հնարավորություն է տալիս ընդդիմադիր Փաշինյանին ու Փոստանջյանին փորձել իրենցով անել այդ ձայները:


Հիշեցնենք, որ անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Երևանում ՀՀԿ-ը ստացել է ընդհանուր առմամբ 241 հազար քվե, իսկ ԵԼՔ դաշինքը՝ շուրջ 70 հազար քվե: "Երկիր խիրանին" խորհրդարանական ընտրություններին չէր մասնակցում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17251