Իսրայելը մտավախություն ունի, որ Ղարաբաղ այցելած բլոգերին կարտահանձնեն Ադրբեջան

Իսրայելի պաշտոնյաները մտահոգված են, որ Ադրբեջանը մոտ է հաջողության հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից արտահանձնելու գործում:

Լապշինը Ադրբեջանի հարցումով ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին 15-ին Մինսկում` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ արդեն Բելառուսի իրավապահ մարմիններին է փոխանցել Լապշինի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որն ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն, գրում է The Times of Israel-ը:

Իսրայելի ԱԳՆ-ն բլոգերի հետագա ճակատագրի վերաբերյալ իր մտավախությունները հայտնել էր իսրայելյան Haaretz-ում, իսկ ավելի ուշ նաև The Times of Israel-ում:

Լապշինի ընտանիքն իր հերթին հայտարարում է, որ Բելառուսի իրավապահները փորձում են ստիպել նրան համաձայնություն ստորագրել արտահանձնման վերաբերյալ: Եթե նա ստորագրի դա, հետագայում զրկված կլինի արտահանձնումը բողոքարկելու իրավունքից: Բլոգերի ընտանիքը վախենում է նրա կյանքի համար, եթե նա արտահանձնվի Ադրբեջանին:

Լապշինի կինը` Եկատերինա Կոպիլովան, հայտնել է Haaretz-ին, որ դեկտեմբերի 25-ից հետո 2 իրավապահ մտել է իր ամուսնու բանտախուցն ու հայտարարել, որ Բելառուսին են փոխանցվել նրա արտահանձնման փաստաթղթերը: Նրանք ասել են, որ բլոգերին կուղարկեն Բաքու, որից հետո անմիջապես կփոխանցեն Իսրայելի պաշտոնյաներին և կտեղափոխեն Իսրայել: Հաջորդ օրը, ըստ բլոգերի կնոջ, նրան տեղափոխել են ավելի վատ պայմաններով այլ բանտախուց: Նա ենթադրել է, որ բլոգերի վրա փորձում են հոգեբանական ճնշում գործադրել` խախտելով նրա իրավունքները:

Նշենք, որ հայտնի բլոգեր Լապշինը բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղ, ինչի համար դեռ 2011 թվականին ներառվել էր Ադրբեջանի հանրահայտ «սև ցուցակում»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/14189