Մակքեյն. Սպիտակ տունը պատրաստվում է կաշառել արաբական միապետներին

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգից սենատոր Ջոն Մակքեյնը վստահություն է հայտնել, որ Սպիտակ տունը պատրաստվում է կաշառել Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամներին, որպեսզի շահի նրանց աջակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համաձայնության վերաբերյալ:

«Ես վստահ եմ, որ Բարաք Օբամայի վարչակազմը փորձում է կիրառել կաշառակերության ցանկացած մեթոդներ, որ կարող են անցնել նրանց մտքով», - հայտարարել է Մակքեյնը՝ հավելելով, որ այդ մարտավարությունը դժվար թե հաջողակ լինի, քանի որ արաբական միապետների կարծիքով Իրանի հետ համաձայնությունը սպառնալիք է իրենց պետությունների համար, փոխանցում է iran.ru կայքը:

Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը մայիսի 13-14-ը ԱՄՆ-ի նախագահը Քեմփ-Դևիդում արաբական միապետների գագաթաժողով կանցկացնի, որը նվիրված կլինի գործընկերությանը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի անվտանգության հարցերին:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Շվեյցարիայում կայացած բանակցությունների արդյունքում, վեցնյակը և Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի միջուկային խնդրի շուրջ: Ըստ պայմանավորվածության՝ ուրանի հարստացման իրանական հզորությունների 2/3-րդը կդադարեցնի իր աշխատանքը 10 տարով:

Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը դնել միջազգային վերահսկողության տակ 25 տարվա ընթացքում: Վեցնյակը և Իրանը նախատեսում են ավարտել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի պատրաստումը մինչև հունիսի 30-ը: ԵՄ-ն Իրանի կողմից պարտավորությունների կատարման պարագայում վերացնելու է պատժամիջոցները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/1400