Խնդիրները հասկանալու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու այց. Վրաստանի վարչապետը Հայաստանում

Վրաստանի վարչապետի այցը միայն առաջին հայացքից ճանաչողական կարող է թվալ, քանի որ պաշտոնավարումից հետո նա առաջին անգամ է այցելում Երևան: Սակայն եթե հիշենք այն հանգամանքը, որ Կվիրիկաշվիլին մինչ այդ զբաղեցրել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարի, փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնները և մեկ անգամ չէ, որ այցելել է Հայաստան, ապա պարզ է դառնում, որ վրացի պաշտոնյան երկկողմ համագործակցության ողջ շրջանակից բավականին քաջատեղյակ է և, կարելի է ասել, լավ պատկերացնում է հայ-վրացական հարաբերությունների նաև ներկա նրբությունները: Այս մասին հայտարարել է վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Նրա խոսքով, այցելությունը կարելի է առանձնացնել իր կարևորությամբ՝ առկա գործակցության մանրամասներին ևս մեկ անգամ անդրադառնալու, արվածը վերլուծելու, խնդիրները հասկանալու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով:

«Հայաստանում նախատեսված հանդիպումներից թերևս առավել հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչի շուրջ կլինեն քննարկումները երկու երկրների կառավարության ղեկավարների միջև: Կողմերն անշուշտ կանդրադառնան ինչպես երկկողմ քաղաքական և տնտեսական ու մասնավորապես՝ երրկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների աճին, այնպես էլ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ ոլորտին առնչվող քառակողմ համագործակցությամբ պայմանավորված համատեղ աշխատանքին: Կողմերը միշտ կարևորել են հումանիտար և կրթական ոլորտների համագործակցությունը, սակայն որոշ խնդիրներ դեռևս իրենց վերջնական լուծումները չեն ստացել: Նշվածի շրջանակներում անհրաժեշտություն կա ակտիվ պահել հատկապես Վրաստանում մեր հայրենակիցների՝ կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնման հարցը»,- ասել է վրացագետը:

Ասվածի համատեքստում նա հուսադրող է համարում նաև այն իրողությունը, որ հատկապես վերջին երկու-երեք տարիներին հայկական կողմի բարձրացրած խնդիրներն իրենց մասնակի կամ ամբողջական լուծումներն են գտնում, ինչը նախկինում հազվադեպ էր հանդիպում: Ըստ Էրոյանցի, կարևոր է նաև, որպեսզի տարբեր արտաքին տնտեսական և մաքսային համակարգերի մաս կազմող Հայաստանն ու Վրաստանը կարողանան ապահովեն իրենց տնտեսությունների անխափան աշխատանքը նաև համատեղ ծրագրերի միջոցով, և նման հնարավորություն, կարծես, կողմերը հենց իրենք են ստեղծել. գործող Ազատ առևտրի համաձայնագիր, անմիջական սահման, անցակետեր, նոր կառուցվող «Բարեկամության կամուրջ» և այլն: Բացի այդ, մատնանշել է նա, Երևանն ու Թբիլիսին բավականին ըմբուռնումով են մոտենում տարածաշրջանում առկա հակամարտություններին, մասնավորապես՝ ԼՂՀ և Հարավօսական ու Աբխազական խնդիրներին, ինչն անկասկած պահել է պետք:

«Միևնույն ժամանակ, այսօր ստացվել է այնպես, որ Վրաստանն իր արտաքին քաղաքականության մեջ մեծապես կարևորում է կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թուրքիան և Ադրբեջանը հիմնականում ապահովում են Վրաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությունը: Մյուս կողմից Վրաստանի համար խնդիր է մնում տարածքային ամբողջականության հարցը, որն անմիջական առնչություն ունի վրաց-ռուսական հարաբերությունների հետ: Անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանը, որպես Ռուսաստանի և Վրաստանի համար առավել վստահելի և հավատարիմ գործընկեր, կարող է միջնորդի դեր ստանձնել վերջիններիս միջև հարաբերությունների բարելավման հարցում»,- նկատել է վրացագետը՝ հավելելով, որ միշտ շեշտվում է Վրաստանի կարևորությունը Հայաստանի համար հատկապես որպես հյուսիս տանող միակ բաց ցամաքային տարանցիկ ուղի, սակայն պետք չէ մոռանալ, որ հենց այդ տարանցիկ վճարների շնորհիվ ֆինանսական մեծ օգուտներ է ստանում Վրաստանը:

Նշենք, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11064