28.03.2024
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն օգոստոսին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նալբանդյան. Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ «այս գագաթաժողովը տարբեր հանդիպումների լավ առիթ է»։ «Եվ Հանրապետության Նախագահը կարևոր հանդիպումներ ունեցավ: Քիչ առաջ հանդիպում կայացավ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Երեկ երեկոյան նաև պետքարտուղար Քերիի հետ: Երկկողմ հարաբերությունների, բազմաթիվ այլ հարցերի շարքում քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ Առաջին հերթին, դա վերաբերում էր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և վերահաստատվել Սանկտ-Պետերբուրգում։ Այդ պայմանավորվածությունները եթե իրականացվեն, համապատասխան պայմաններ կստեղծվեն, ինչպես որ մենք բազմիցս ասել ենք, խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,– ասել է նա:

«Եվ գլխավոր թեման հենց սա էր։ Խոսքը գնում է, գիտեք, հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ։ Չնայած Ադրբեջանը ձևացնում է, թե չգիտի ինչի մասին է խոսքը, բայց եռանախագահող երկրները բավական մանրամասն առաջարկներ են ներկայացրել, և Հայաստանը արձագանքել է և տվել է իր, ընդհանուր առմամբ, դրական կարծիքն այս մեխանիզմի ստեղծման առնչությամբ»,– ավելացրել է Էդվարդ Նալբանդյանը։

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ սա առաջին անգամը չէ, տարիներ շարունակ է այս նախաձեռնությունը քննարկվում, դա եռանախագահող երկրների նախաձեռնությունն էր։ «Դեռ 2011, 2012թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած գագաթաժողովների արդյունքում հրապարակվեցին համապատասխան հայտարարություններ, որոնցում հստակ նշվում էր այս մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց ամեն անգամ Ադրբեջանը հետ քայլ էր կատարում: Այս անգամ ևս Վիեննայից և Սանկտ-Պետերբուրգից հետո Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել այդ պայմանավորվածություններից` ձևացնելով, թե այդպիսի պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել։ Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթաժողովի արդունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին:

Երկրորդը նա է, որ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնմանը և թվաքանակի ավելացմանը: Նույն պատմությունն է. չնայած Վիեննայից և Սանկտ-Պետերբուրգից բավական ժամանակ է անցել, բայց Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է նաև այս պայմանավորվածության իրագործմանը: Սրան էին վերաբերում հիմնական քննարկումները: Նաև սրա մասին էինք խոսում եռանախագահների հետ։ Վարշավայում երեկ ես նաև հանդիպում ունեցա եռանախագահների հետ։ Իրենք ևս գտնվում էին այստեղ: Մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունների շուրջ մենք շարունակելու ենք քննարկումները. տեսնենք, թե ինչպես կարելի է իրագործել:

Ամեն դեպքում եռանախագահող երկրները, ԵԱՀԿ գործող նախագահը` Գերմանիայի արտգործնախարարը, բավական հաստատակամ են: Եվ պարոն Շտայնմայերը, երբ Հայաստանում էր, դրա մասին ասաց, և դրանից առաջ էր նաև հայտարարել՝ դեռ հունվարին իր ելույթում. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու պահին ինքն աջակցեց այս մեխանիզմի ստեղծմանը: Եվ հիմա էլ հաստատակամ են, որ պայմանավորվածությունները պետք է հարգվեն և պետք է կատարվեն: Հնարավոր չէ հանդիպումից հանդիպում որևէ հարցի շուրջ պայմանավորվել, և կողմերից մեկը հետ քայլ անի, որովհետև դրանով իսկ կորցնում է վստահությունը, որ կարելի է այդ երկրի հետ ընդհանրապես բանակցել և ինչ-որ բանի մասին պայմանավորվել:

Գիտեք, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս ասել են այդ մասին: Եվ այն ձևակերպումները, ես կասեի` ընդհանրական ձևակերպումները, որոնք վերաբերում են հիմնախնդիրների կարգավորմանը, որոնք տեղ են գտնում այս գագաթաժողովների հայտարարություններում, հռչակագրերում, Ադրբեջանը նորից փորձեր է կատարում ձևացնել, թե դա աջակցություն է իր մոտեցումներին: Իհարկե այդպես չէ:

Բաքուն փորձում է դրանով հիմնավորել իր ռազմատենչ հայտարարությունները, գործողությունները, որոնք հակադրվում են միջազգային հանրության մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ: Գիտեք, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան` երկու եռանախագահող երկրները Հյուսիս-ատլանտյան դաշինքի մաս են կազմում, և, Ռուսաստանի հետ համատեղ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբող հինգ հայտարարություններում, հստակ արտահայտվել են այն սկզբունքների, այն տարրերի վերաբերյալ, որոնք հիմք պետք է հանդիսանան հիմնախնդրի կարգավորման համար:

Հենց այս հայտարարություններն է փորձում անտեսել Ադրբեջանը և ամեն կերպ խոչընդոտում է որևէ հղում կատարալու անգամ այս հայտարարություններին, որոնք բոլոր այն առաջարկների և հին և նոր գաղափարների հիմք են հանդիսանում` որոշ ինչ-որ ձևակերպումների նյուանսների փոփոխություններով։ Բայց այդ առաջարկների էությունը նույնն է։ Դրանք հիմնված են հենց այն հինգ հայտարարությունների վրա, որոնք արել էին եռանախագահող երկրները: Իսկ Հայաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է համանախագահ երկրների հետ շարունակել ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,– ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Դաժան սպանություն Ջավախքում. ընտանիքի չորս անդամների դիերը հայտնաբերել են երկու օր անց
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար