Փորձագետ. Իրանն ու ՌԴ-ը կարող են հաջողությամբ պայքարել Հարավային Կովկասում Թուրքիայի և ԱՄՆ-ի ազդեցության դեմ

Ելնելով իրանական բարձրագույն քաղաքական իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից` Թեհրանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Իրանի և ԵՏՄ-ի անդամ երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Ես չեմ բացառում, որ Մոսկվայի և Թեհրանի միջև Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում, գոյություն ունի որոշակի մրցակցություն, այդ թվում էներգետիկ ոլորտում: Սակայն պետք է հաշվի առնել, որ այստեղ իրենց շահերն են առաջ տանում նաև երրորդ երկրները: Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտության պայմաններում, Մոսկվային շատ ձեռնտու է տարածաշրջանում ունենալ ուժեղ դաշնակից ի դեմս Հայաստանի, իսկ դրա համար անհրաժեշտ է Հայաստանի և Իրանի սերտ համագործակցություն», - նշել է Ոսկանյանը:

Նրա խոսքով, Հայաստանը կարևորագույն կետն է Մերձավոր Արևելք դուրս գալու համար, իսկ ռուսական ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ի վերջո ձեռնտու է նաև Ռուսաստանին: «Ես կարծում եմ, որ ամենալավագույն սցենարը Հայաստանում և ընդհանուր Հարավային Կովկասում ռուսական և իրանական շահերի համադրումն է: Այստեղ առկա են նաև այլ խաղացողներ՝ Թուրքիան և ԱՄՆ-ը, ում ուժեղացումը ձեռնտու չէ թե' Մոսկվային, թե' Թեհրանին»,- նշել է իրանագետը, փոխանցում է Արմինֆոն:

Փորձագետի կարծիքով, Իրանից միջազգային պատժամիջոցների հանվելուց հետո Թեհրանը կվերսկսի Հայաստանի հետ տնտեսական ծրագրերի իրականացումը:

«Մենք գիտենք, որ Հայաստանի հետ համատեղ ծրագրերը այս պահին գտնվում են սառեցված կամ կիսասառեցված վիճակում՝ շատ դեպքերում Իրանի ֆինանսական դժվարությունների պատճառով, որոնք գոյացել են միջազգային պատժամիջոցների հետևանքով: Դա և Ւրան-Հայաստան երկաթգիծն է, և նավթամուղի կառուցումը: Բնական է, որ պատժամիջոցների չեղյալ հայտարարումից և Թեհրանի կողմից էներգետիկ շուկա վերադառնալուց հետո տնտեսական իրավիճակը զգալիորեն կլավանա, իսկ դրա մեջ թաքնված է Հայաստանի հետ էներգետիկ նախագծերի վերականգնման գաղտնիքը», - նշել է Ոսկանյանը:

Ըստ նրա, շատ կարևոր է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ առևտրի հատուկ GSP+ ռեժիմ ունի, մյուս կողմից, հանդիսանալով ԵՏՄ-ի անդամ, հանդիսանում է Իրանի համար եվրասիական և եվրոպական շուկաներ դուրս գալու կարևոր ուղի:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում բանակցությունների արդյունքում, վեցնյակը և Իրանը պայմանավորվել են, որ ուրանի հարստացման իրանական հզորությունների 2/3-րդը կդադարեցնի իր աշխատանքը 10 տարով: Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը դնել միջազգային վերահսկողության տակ 25 տարվա ընթացքում: Վեցնյակը և Իրանը նախատեսում են ավարտել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի պատրաստումը մինչև հունիսի 30-ը: ԵՄ-ը Իրանի կողմից պարտավորությունների կատարման պարագայում վերացնելու է պատժամիջոցները:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...