29.03.2024
Երևանում խոզի գրիպը շարունակում է կայնքեր խլել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ինչպե՞ս է կառավարվում Երևանը. քաղաքապետը գերիշխում է ավագանու վրա

Թեև Երևանի ավագանին հանդիսանում է մայրաքաղաքի խորհրդարանը և համաձայն օրենսդրության վերհսկողություն է իրականացնում քաղաքապետի աշխատանքների վրա, այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետի գործոնը շարունակում է գերիշխող մնալ ավագանու հետ հարաբերություններում: Քաղաքապետը գործնականում իրեն չի զգում որպես ավագանու անդամ և այդ մարմնին հաշվետու պաշտոնյա: Այս գործելաոճը դրսևորվել է նաև 2015 թ.-ին, ինչն իր ազդեցությունն է ունեցել նաև քաղաքապետարանի ծրագերի, ավագանու որոշումների իրագործման արդյունավետության վրա:

Երևանը հանդես է գալիս որպես առանձին համայնք, և մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին ու քաղաքապետը: Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի»՝ ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

Երևան քաղաքի հիմնական խնդիրներից են բյուջետային միջոցների արդյունավետ տեղաբաշխումը և իրացումը, արտասահմանյան գործուղումների վրա ծախսվող միջոցների արդյունավետությունը, հանրային տրանսպորտի մաշվածությունը, զբոսաշրջության զարգացման համար հատկացվող ֆինանասական միջոցների սղությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, վթարային շենքերը, վերելակների մաշվածությունը և այլն: Այս խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել են ինչպես Երևանի բնակիչները, այնպես էլ ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներն ու հասարակական կազմակերպությունները:

Չնայած վերոնշյալ խնդիրներին՝ Երևանի ավագանու իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Աննա Ասատրյանը չի կարող խոսել բացթողումներից, քանի որ «դրանք չկան»: «ՀՀԿ-ն բացթողումների մասին չի կարող խոսել այն պարզ պատճառով. դրանք չկան», - «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեց Ասատրյանը:

ՀՀԿ ներկայցուցչին հակադարձեց «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը՝ խոսելով թերությունների մասին, որոնք վերաբերում են ինչպես քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությանը, այնպես էլ թափանցիկությանը:

«Ավագանիում գերիշխում է Հանրապետական կուսակցությունը, և շատ դեպքերում դա անհնար է դարձնում այլ խմբակցությունների առաջարկների և նախաձեռնությունների ընդունումը և իրականացումը: Բացի այդ, խնդիրներ կան նաև քաղաքապետարանի աշխատանքի թափանցիկության հետ: Նիստերի սղագրությունների բովանդակությունը չի հրապարակվում և մարդիկ տեղյակ չեն, թե ով ինչ հարց տվեց ավագանու նիստին և ինչպիսի պատասախան ստացավ: Նիստերի արձանագրություններում շատ համառոտ գրված են միայն հարց տվողի և պատասխանողի անուն ազգանունները: Հարցի և պատասխանի բովանդակությունները նշված չեն», - պարզաբանեց նա:

Բախշյանը բարձրաձայնեց նաև բնակարանային ֆոնդի խնդիրների մասին: «Միայն մեկ օրինակ բերեմ: Աջափնյակ վարչական շրջանում գտնվող մի շենք չունի տանիք, կոյուղի, իսկ աստիճանավանդակները խայտառակ վիճակում են: Այդ շենքը չեն ուզում ընդգրկել Երևանի հաշվեկշռում: Այն պետական սեփականություն է հայտարարվել, 18 բնակարան նվիրել են բնակիչներին: Այդ շենքի հարցը չի լուծվում, քանի որ քաղաքապետարանն ասում է, որ շենքն իր հաշվեկշռում չէ: Բայց այնտեղ մարդիկ են ապրում և մասնակցում են քվեարկություններին և քվեարկել են հենց ՀՀԿ-ի օգտին», - հավելեց նա:

Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը ևս չհամաձայնեց ՀՀԿ ներկայացուցչի կարծիքի հետ՝ ասելով, որ ավագանին գերազանց չի աշխատել, բայց ոչ մի հարց անպատասխան չի մնացել: «Ավագանու անդամների բարձրացրած բոլոր հարցերին տրվել են պատասխաններ: Քաղաքապետին ուղղված ոչ մի հարց անպատասխան չի մնացել», - նշեց նա:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Ջիվան Պողոսյանը մտահոգություն հայտնեց մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման խնդիրների վերաբերյալ: Մայրաքաղաքի բյուջեից զբոսաշրջության զարգացման համար անցած տարի հատկացվել է 15 մլն դրամ: «Բյուջետային հատկացումները բավարար չեն: Մայրաքաղաքի կենտրոնում զբոսաշրջիկների համար տարրական խնդիրները, որոնցից է, օրինակ, հանրային զուգարանների առկայությունը, լուծված չեն», - հավելեց նա:

Քննարկմանը բարձրացվեց նաև քաղաքապետարանի արտասահմանյան գործուղումների վրա ծախսվող գումարների հարցը, ինչի համար տարվա կտրվածքով հատկացում է մոտ 66,3 մլն դրամ: Հարցին, թե արտասահմանյան գործուղումներից Երևան քաղաքն ինչ է շահել, օրինակ իրականացվել են նոր ներդրումներ, ՀՀԿ ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել: «Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բայց վստահում եմ քաղաքապետին», - կարճ պատասխանեց Աննա Ասատրյանը:

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարման ծրագրի համակարգող, Համայնքների ֆինանսիստների միավորման խորհրդի անդամ Աբրահամ Արտաշեսյանը Երևանի ավագանու և քաղաքապետի աշխատանքի արդյունավետության խնդիրը դիտարկեց ՀՀԿ մենիշխանության համատեքստում: «Երևանի ավագանիում, ինչպես նաև հանրապետության այլ ՏԻՄ-երում և կառավարման մարմիներում ավելի շատ ներկայացված է ՀՀԿ-ն, ուստի ավագանին չի կարող որոշում կայացնել, որը կհակասի ՀՀԿ-ի շահին որպես այդպիսին», - նշեց նա:

Այժմ ըստ նրա Երևանում գործում է «ուժեղ քաղաքապետ, թույլ ավագանի» կառավարման մոդելը:

«Մենք չկարողացանք հասնել նրան, որ քաղաքապետն իրեն զգա որպես ավագանու անդամ: Այդ կառույցին լինի հաշվետու: Ունենք ուժեղ քաղաքապետ, որը տիրապետում է իր գործին, բայց նա իրեն չի զգում որպես ավագանու անդամ: Հետընթաց է գրանցվել ավագանի-քաղաքապետ հարաբերություններում: Այս խնդրի ցուցիչն էր նաև վերջին դեպքերը, երբ քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին նկատողություն արեց, որ ձյունը չեն մաքրել: Սակայն նույն կերպ ինքը` քաղաքապետը պետք է գար ու հաշվետվություն ներկայացներ ավագանիում, թե ինչ խնդիրներ են առաջացել ձյան մաքրման ժամանակ», - եզրափակեց նա:
Մամուլի տեսություն. Արա Աբրահամյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար