Մամուլ. 2050թ-ին Փաշինյանը չի լինի վարչապետ, որ նրան քաղաքական հաշիվ ներկայացնեն

132

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ինչպես եւ վերջին մեկուկես տարվա ցանկացած իրադարձություն, վարչապետի ելույթը Ստեփանակերտում առաջացրել է երկու տիպի արձագանք: 1/ Հիացական-հրճվալից-փառաբանական, մոտավորապես «առաջնորդի եւ ժողովրդի կատարյալ ներդաշնակության եւս մի ապացույց» կամ «եւս մի հուժկու հակահարված մութ ուժերին»: 2/ Հեգնական-չարախոսական «Նյու-Վասյուկի» «դատարկախոսություն» եւ այլն: Առաջին ուղղության ներկայացուցիչներին կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել, որ ժողովուրդ-իշխանություն էքստատիկ միաձուլում գոյություն ունի միայն տոտալիտար երկրներում, եւ նույն ամբողջատիրական մտածելակերպին է հատուկ ամենուր «մութ ուժերի» փնտրտուքը: Իսկ ծաղրական ոճով քննադատողներին ասեմ, որ երկարաժամկետ, տասնամյակների կտրվածքով պլանավորումը միանգամայն նորմալ երեւույթ է բազմաթիվ երկրների համար դա, բացի ամեն ինչից հայտ է, որով պետությունն ուղենշում է իր հավակնությունների մակարդակը:


Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2050 թվականը վարչապետ չի լինելու, եւ, բնականաբար, ոչ ոք հնարավորություն չի ունենա նրան քաղաքական առումով հաշիվ ներկայացնել, թե ինչու 2019-ին նրա ասածը 31 տարի հետո իրականություն չդարձավ: Ավելին, հնարավոր է, որ 2024 թվականի ընտրություններին նրա քաղաքական ուժը մեծամասնություն չստանա: Ինչպես անել, որ երկրի հաջորդ ղեկավարները շարունակեն գնալ այսօր նախանշած ճանապարհով: Շատ պարզ, պետք է մշակել եւ սկսել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաջորդ իշխող քաղաքական ուժի մոտ առարկություններ չի առաջացնի: Իսկ դրա համար քիչ է ասել, որ, օրինակ, 2050-ին ուզում ենք Հայաստանում ունենալ 5 միլիոնանոց բնակչություն, պետք է մշակել ներգաղթի ծրագիր, ընդ որում, այն սկսել հաջողությամբ իրագործել, որպեսզի հաջորդ վարչապետն ասի, այո, մենք քաղաքական հակառակորդներ ենք, բայց այս ծրագիրը պետք է շարունակել, հարստացնելով այն այսինչ եւ այնինչ տարրերով: Նույնը վերաբերում է Ստեփանակերտում Փաշինյանի բարձրաձայնած ցանկացած այլ նպատակին: Դրանցից յուրաքանչյուրի տակ պետք է լինեն ծրագրեր: Ի տարբերություն հոռետեսների, ես չեմ կարծում, որ այդ նպատակներն անիրագործելի են: Պարզապես դրանց իրագործման մեջ պետք է շահագրգռություն ունենա հայաստանյան ողջ հասարակությունը, մեր ողջ ազգը: Իսկ դրա համար դրանք պետք է լինեն պարզ, հասկանալի, ընդունելի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` քաղաքական դաշտում քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ արած հայտարարությունը: Բանն այն է, որ Ն. Փաշինյանն անակնկալ հայտարարել էր, թե մոտավորապես 2014 թ.-ին՝ նախորդ իշխանության օրոք, մի գաղտնի զեկույց է նախապատրաստվել: Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է և ամբողջությամբ ձախողված, այն նաև հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում, և ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել: Այս հայտարարությունը մեծ աժիոտաժ է առաջացրել տարբեր քաղաքական ուժերի շրջանակում: Նախորդ իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչ փաստաթղթի մասին կարող է խոսքը լինել: Նշվում է նաև, որ իշխանությունները մտահոգված են այն բանի համար, որ հնարավոր է այդ փաստաթուղթն առաջիկայում հրապարակվի, քանի որ տարբեր քաղաքական ուժեր լծվել են այդ փաստաթղթի հրապարակման գործին»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օգոստոս ամսվա վերջին կամ սեպտեմբերի սկզբին Ստեփանակերտում նախատեսված է «Ժողովրդավար հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Նշենք, որ այս կուսակցությունը առաջնորդելու է Սամվել Բաբայանը, որը հավակնում է լինել Արցախի նախագահի թեկնածու։ Այդ օրը տեղի կունենա հիմնադիր համագումարը, կհաստատվի կուսակցության ստեղծումը, ապա կընտրվեն նաեւ ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Եվ մինչ կուսակցության ստեղծումը Ստեփանակերտում արդեն գործում է Սամվել Բաբայանի գրասենյակը։ Եվ չնայած դեռ պարզ չէ՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկը կընդունվի, թե ոչ, եւ, ըստ այդմ, Բաբայանը կկարողանա գրանցվել որպես նախագահի թեկնածու, թե ոչ, սակայն նրա կողմնակիցները եւ հենց ինքը, կարելի է ասել, ակտիվ նախընտրական քարոզարշավ են վարում։ Հիշեցնենք, որ 2007 թվականին Սամվել Բաբայանն ուներ նաեւ իր կուսակցությունը՝ «Դաշինք» անվամբ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան-Սևան» ճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեռոր համարեց։ Հիշեցնենք, որ այդ օրը պայթյուն էր եղել ճանապարհի սկզբնամասում գտնվող շշերի գործարանում։ Պայթյյունի հետևանքով վնասվել էին ճանապարհածածկույթը և երկու մեքենա։ Մեքենաները պատկանում էին հենց նախկին պատգամավորին, և ապա պարզ դարձավ, որ պայթյունը միտումնավոր է եղել և պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել է կողքին գտնվող չգործող հյուրանոցից։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Մելիք Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե ինչ խնդիր է ունեցել նա կալանավորվածների հետ, որ ցանկացել են հենց կամուրջը պայթեցնելու միջոցով իրեն սպանել։ ԱԺ նախկին պատգամավորը, անդրադառնալով կատարվածին, հայտնեց․ «Ես էլ Ձեզ եմ հարց տալիս՝ ինչի։ Այդ մայրուղիով Դուք անցել եք, գիտեք, ինչքան մեքենա է անցնում, բա եթե Դուք անցնեիք այդ մայրուղիով, նման բաների մասին գրեք․․․ հերիք է ինձ կապեք քրեական թեմաների հետ։ Դա միջպետական գլխավոր ճանապարհ է և ամենակարևոր ճանապարհն է, եթե Դուք ինձ ցույց տաք այդխիսի ճանապարհը, մոստ տրաքացնելով մահափորձ անեն, հա, մեքենաներ տրաքացրել են, բայց մոստ․․․ միջպետական ճանապարհին․․․ ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է։ Առնվազն 100-200 ավտո այդտեղ են եղել, բա որ մեկիին բան լինե՞ր․ որևէ մեկին բան չեղավ, ու լավ է, որ չեղավ։ Միջպետական ճանապարհը տրաքացնում եք, այս ինչ եք անում, նման դեպքը լրիվ տեռոր է»։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...