ՀԱՍԱԿ-ը նամակ է գրել քաղաքապետին, բայց արդյոք այն կփրկի՞ Երևանը համատարած աղբից

287

Աղբահանության խնդիրը Երևանը վերածել է աղբավայրի բաց երկնքի տակ: Քաղաքային իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական ու հասարակական գործիչների բողոքներին ու հորդորներին մաքուր պահել Երևանը: Իրավիճակը էլ ավելի է բարդանում շոգի պատճառով՝ վերջին օրերին մայրաքաղաքում գրանցվում է +40 ջերմաստիճան, իսկ նման պայմաններում ամեն քայլափոխի առկա աղբակույտերը սպառնում են համաճարակի աղբյուր դառնալ՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչներն այսօր առավոտյան բողոք-նամակ փոխանցեցին Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքում աղբահանության շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարո՛ն Մարության, Ձեզ եմ դիմում քաղաքի աղբահանության ոլորտում տիրող արտառոց իրավիճակի առնչությամբ:

Ես՝ որպես Երևանի բնակիչ, կարող եմ արձանագրել, որ մեր մայրաքաղաքի աղբահանության խնդիրը երբեք այսքան սուր չի եղել, որքան այս օրերին: Քաղաքի աղբամանները գրեթե ամենուրեք լեփ-լեցուն են. նրանց շուրջն ընկած են աղբի կույտեր, որոնք հավաքվում են ոչ կանոնավոր կերպով կամ իսպառ անտեսվում են պատկան ծառայությունների կողմից:

Վերջերս «Սանիտեք» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է ֆինանսական դժվարությունների մասին, որոնք, ընկերության խոսքով, պայմանավորված են քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված պատժամիջոցներով: Ընկերությունը պնդում է, որ հենց այս պատճառով է, որ այն չի կարողանում իրականացնել աղբահանության ոլորտում իր ստանձած պարտականությունները:

Երևան քաղաքի բնակիչներին չի կարող չհետաքրքրել այն հարցը, թե ինչ պատժամիջոցների և տուգանքների մասին է խոսքը: Յուրաքանչյուր ամիս Երևանի բնակիչները գումար են վճարում աղբահանության ծառայությունների դիմաց, սակայն փոխարենը չեն ստանում ծառայությունների պատշաճ մակարդակ:

Ձեր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դուք խոստացել էիք Երևանի բնակիչներին, որ մայրաքաղաքում կհայտնվեն աղբահանության նոր օպերատորներ: Սակայն այս ուղղությամբ դեռևս առաջընթաց չկա: Չե՞ք կարծում արդյոք, որ իր պարտականությունները կատարել չկարողացող ընկերություն-օպերատորը պետք է փոխարինվի: Կամ էլ գուցե խնդիրն այն է, որ քաղաքապետարանը, չափազանց մեծ վարչական ճնշում գործադրելով «Սանիտեք» ընկերության վրա, ինքն է ստեղծել աղբահանության ճգնաժամը: Այդ դեպքում քաղաքային իշխանությունները պետք է փոխեն իրենց մոտեցումը օպերատորի հետ փոխհարաբերությունները կառուցելու գործում:

Ես՝ որպես «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ և բնիկ երևանցի, կսպասեմ Ձեր պատասխանին, որով, մասնավորապես, կցանկանայի տեղեկանալ, թե ինչպիսի հետագա ուղիներ է տեսնում քաղաքապետարանը այս խնդրի լուծման համար»,- ասված է կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի նամակում:

VERELQ-ի հետ զրույցում Արման Ղուկասյանը նշեց, որ աղբահանության հետ կապված խնդիրը ամիսների պատմություն ունի և այս ընթացքում երևանցին համբերատար սպասել է, որ քաղաքային նոր իշխանությունը լուծի այն՝ այդպիսով կատարելով նաև Հայկ Մարությանի նախընտրական խոստումը: Բայց ամիսներ անց, այն էլ այս շոգ եղանակին, բոլորս ենք ականատես, որ որևէ դրական դինամիկա չկա, իսկ քաղաքային իշխանություններն էլ կարծես չեն լսում հազարավոր երևանցիների արդարացի բողոքը.

«Մենք խնդիր ունենք ոչ միայն Երևանի արտաքին տեսքի, այլև առողջությանը վտանգ սպառնացող խնդրի հետ: Մենք ունենք օրինակներ, թե ինչպես եվրոպական առաջատար որոշ երկրներ չեն կարողանում աղբահանության խնդիրը հաղթահարել, և եթե ժամանակին քայլեր չձեռնարկվեն, ապա դա սպառնում է նաև մեզ: Թույլ չպետք է տանք իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ինչի վտանգը ես արդեն տեսնում եմ»,- ասաց Արման Ղուկասյանը:




Կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն էլ ավելացրեց, որ Երևանը միշտ համարվել է մաքուր քաղաք ու հատկապես վերջին տարիներին այն աչք էր շոյում իր մաքրությամբ, փողոցներում ծաղիկների առատությամբ:

«Իհարկե, մեր աչքը չի կարող սովորել այս հակահիգիենիկ վիճակին, նրան, որ ամեն քայլափոխին օրերով կուտակված աղբ է ու գարշահոտություն: Բայց հատկապես դա զարմացնում է զբոսաշրջիկներին, որոնք սովոր էին կոկիկ Երևանին, այլ ոչ թե աղբի մեջ թաղված 2800-ամյա պատմություն ունեցող քաղաքի: Սա իսկապես ամոթ է և ամեն անգամ, երբ հերթական զբոսաշրջիկը մատնացույց է անում այս ցավոտ խնդրին, ես խորը ցավ եմ ապրում»,- շեշտեց նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...