Մամուլ. Պատգամավորների «վոյաժների» հրավառությունը նյարդայնացրել է Փաշինյանին

149

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է ՀՀ ԱԺում վերջին մեկ ամսվա ընթացքում երկու տասնյակից ավելի գործուղումների փաստին՝ ֆիքսելով, թե ինչ ծավալի ֆինանսական ծանրաբեռնվածություն է այն առաջացրել պետբյուջեի վրա: Նշենք, որ այդ հրապարակումից հետո թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ առկա վիճակը բավականին լուրջ քննարկումների ու դժգոհության առիթ է հանդիսացել կառավարությունում եւ ընդհանրապես իշխանության շրջանակներում: Ըստ լուրերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է դժգոհել օրենսդիրների «վոյաժների» այս հրավառությունից, որ իր թիմի հետ փորձել է որոշ հարցեր հստակեցնել եւ հասկանալ, թե այդ գործուղումների ընթացքում ինչ շոշափելի ձեռքբերումներ են եղել: Նա իշխանական պատգամավորներին պարտադրել է լինել ավելի զգոն եւ անիմաստ թիրախի տակ չհայտնվել, անհրաժեշտության դեպքում բաց ձեւաչափով հրապարակավ ներկայացնել գործուղման ծախսերի ու դրանց արդյունավետության հաշվետվությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս դաստիարակչական հորդորներից հետո էլ որոշվել է հանդես գալ հատուկ հաշվետվությամբ, որը եւ նախորդ շաբաթ կատարվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից «հաշվետու ասուլիսի» ձեւաչափով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունից երեք առանցքային պաշտոնյա այս պահին Վաշինգտոնում են՝ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Զոհրաբ Մնացականյանը։ ԱԺ 9 հոգանոց պատվիրակությունը 10-12 օր մնալու է ԱՄՆ-ում: Ի՞նչ գումար է դա նստելու հայոց բազմաչարչար բյուջեի վրա՝ հարցրինք ԱԺ-ից։ ԱԺ յուրաքանչյուր ֆրակցիայից մեկական անձ է մեկնել՝ Արման Աբովյան, Էդմոն Մարուքյան, «Իմ քայլից»՝ 2․ Լիլիթ Մակունցն ու Աննա Կարապետյանը` Արարատ Միրզոյանի նախկին օգնականը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը։ Մյուս չորսն «օժանդակ» պերսոնալն է՝ Վահան Կոստանյան, արտաքին կապերի վարչության պետ, արարողակարգի ներկայացուցիչ, օպերատոր։ «Ընդհանուր ճանապարհածախսը կազմել է 17 մլն 255 հազար 165 դրամ, օրապահիկը՝ 4 մլն 399 հազար, իսկ գիշերավարձի թվային ընդհանուր պատկերը դեռ չունենք»,- ասացին ԱԺ-ից: Ի դեպ, ըստ կառավարության ընդունած չափորոշիչների, գիշերավարձը Վաշինգտոնի համար նախատեսված է օրը 218 դոլար, ասել է` ընդհանուր գիշերակացը կկազմի մոտ 10 մլն դրամ: Ու եթե ելնենք նույն չափորոշիչներից, որով օրապահիկը Վաշինգտոնի համար նախատեսված է օրը 145 դոլար, ապա օրապահիկի ասված թվերը չեն համապատասխանում «իրականությանը»: Անգամ իրենց ներկայացրած թվերով՝ գումարած գիշերակաց, բյուջեի վրա Արարատ Միրզոյանի այցը կնստի 60 հազար դոլարից ավելի: Ի դեպ, մեր աղբյուրները տեղեկացնում են` Արարատ Միրզոյանի դեպքում հանդիպումների շատ բարձր մակարդակ գոնե այս պահին չկա։ Երեկ միայն հաղորդեցին, որ Միրզոյանին ընդունել են ՀՀ դեսպանությունում, եւ նա հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ` դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իրավապահներին հաջողվել է պարզել, որ նախկին ԱԺ նախագահ եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետի պաշտոնում աշխատած շրջանում, մասնավոր այցով մեկնել է Մոնակո: Կազինոյում տանում տված գումարը կազմել է 9,5 մլն դոլար, որը Աբրահամյանը վճարել է իր անձնական քարտից: Ըստ որոշ տեղեկությունների՝ թավշյա հեղափոխությունից հետո Աբրահամյանը ստիպված էր վաճառել իր որոշ ակտիվներ խիստ անհետաձգելի պարտքերը մարելու համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում օրերս ստացել են հունիս ամսվա աշխատավարձերը, որոնք ուղեկցվել են բավական ճոխ պարգեւավճարներով։ Ուշագրավ է, սակայն, որ պարգեւավճարների առյուծի բաժինը՝ աշխատավարձի 40 տոկոսի չափով, հասել է վարչական մասի աշխատողներին, իսկ մասնագետները, ովքեր առանց այդ էլ ստանում են ցածր աշխատավարձ, ընդամենը 20-30 հազար դրամ «պրեմիա» են ստացել։ Աշխատակիցներին վրդովեցրել է այս անարդար մոտեցումը, որի վերաբերյալ որեւէ հիմնավոր պատճառաբանություն աշխատակիցներին չի ներկայացվել»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է: Կարեն Ավագյանի հիմնադրամի մարզային կառույցների աշխատակիցներին վաղուց էին զգուշացրել, բայց վերջնական «բոթը» ստացել են վերջերս: Հիմնադրամի տնօրեն Արգամ Արշակյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ՀԵՀ-ը լուծարվում է այլ կառույց դառնալո՞ւ համար, թե՞ ընդհանրապես վերանում է: Ասաց միայն, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում հարցն ընդգրկված է: Ի դեպ, երեկ կառավարության կայքում նիստի օրակարգում հարցի նախագիծը դեռ ընդգրկված չէր: Հիմնադրամն ունի 40 աշխատակից, այսինքն՝ 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի հովանու ներքո գործած հիմնադրամի նախկին տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին հեղափոխությունից հետո առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ յուրացման մեղադրանք առաջադրվեց, գործն արդեն դատարանում է: Մայիսից կառույցը ղեկավարում է Արշակյանը, որը նախկինում հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգողն էր: Ի դեպ, հիմնադրամի՝ Տերյան փողոցում գտնվող նորակառույց շենքը տրամադրվել է Հայաստանի համահայկական խաղերի համաշխարհային խորհրդին՝ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Արշակյանն ասաց, որ դա ժամանակավոր է, մինչեւ սեպտեմբերի 1-ը վարձակալել են: Բայց չի բացառվում, որ խաղերի հաճախականությունը մեծացվի՝ դրանք հրավիրվեն ոչ թե 4, այլ 2 տարին մեկ, եւ կազմկոմիտեին մշտական գործունեության համար շենք պետք լինի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել նաեւ դատական համակարգին եւ վեթինգ իրականացնելու վերաբերյալ հայտարարություններին: Մասնավորապես, ՀՀ վարչապետը նշել էր, որ վեթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ եւ սկզբունքային դատարանների ստեղծումն է համարում: «Վեթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որը ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետեւ մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»,- նշել է նա: Սակայն հետաքրքիր է, որ այս երկու ամիսների ընթացքում վարչապետը, կարծես թե, մտքափոխվել է եւ մի փոքր այլ կերպ է ներկայացնում վեթինգի գաղափարը: Բանն այն է, որ մայիսի 20-ին նա իր ելույթում նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: «Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: Եվ հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն երկու ամիս անց ստացվում է, որ իրական նպատակն անկախ եւ անաչառ դատարանի ստեղծումն է, այլ ոչ թե դատավորներին վեթինգի ենթարկելը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Որեւէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի»,- երեկ «Ազատության» հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ՍԴ-ի փոփոխությունը: «Մանիպուլյացիայի հեղինակները 4 սուբյեկտ են՝ Սերժ Սարգսյան, Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան եւ հանրապետական խորհրդարանական մեծամասնություն», որոնք «ՍԴ-ն բուդկայի նման սեփականաշնորհել են»։ Մեր ընթերցողներից մեկն արձագանքել էր․ «Նիկոլ Փաշինյանին` վարչապետ, Արմեն Սարգսյանին նախագահ ընտրել է նախկին Ազգային ժողովը, որը, ինչպես Նիկոլն է ասում, ընտրվել է ընտրակաշառքի միջոցով: Նիկոլը նաեւ ասում է, որ ՍԴ կազմն էլ այդ նույն ԱԺ-ն է ընտրել: Ի՞նչ է ստացվում` երբ խոսքն իրենց է վերաբերում, լեգիտիմ են, հենց ՍԴ-ին` լեգիտի՞մ չեն: Էդ դեպքում` եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ծրագրում է եկող շաբաթ համագումար անել ու հայտարարել փողոցային պայքարի մեկնարկը: Բանն այն է, որ չնայած սահմանադրական փոփոխությունների համար Բաբայանի թիմին հաջողվել է պահանջվող ստորագրահավաքը հաջողությամբ ավարտել, սակայն թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ գործընթացը հակաօրինական է։ Եվ մեծ է հավանականությունը, որ Արցախի Գերագույն դատարանը, այսինքն՝ ՍԴ-ն, մերժի նախագիծը, ուստի Բաբայանը ցանկանում է մի ոտ շուտ բռնել իշխանությունների վախը, փողոցով պարտադրել սահմանադրական փոփոխությունները: Ի դեպ, նա արդեն թիմ է հավաքագրում, նախընտրական շտաբներ ձեւավորում, շտաբի պետերին, օրինակ, 300-400 հազար դրամ աշխատավարձ են խոստացել վճարել: Տեղեկացանք նաեւ, որ ՊԲ նախկին հրամանատարին աջակցում են Ազատամարտիկների դաշինքից Ռազմիկ Պետրոսյանն ու Գագիկ Մելքոնյանը, որոնք վերջին ամիսներին հաճախ են լինում Արցախում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, քանի որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հուլիսի 11-ին ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն դատական համակարգում երկու դատավորի անուն է շրջանառվում, որոնք հավակնություններ ունեն դառնալու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Պոտենցիալ թեկնածուներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է՝ Դավիթ Բալայանը: Իսկ մյուս թեկնածուն նույն դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն է, որը պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի որդին է: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նման ցանկություն չունի, իսկ Դավիթ Բալայանն էլ նշեց. «Ես հրաժարական կտամ, դա դատարան չէ, որ ես նախագահ լինեմ»:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...