«Ամբեր Կապիտալը» շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում

166

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին: «Ամբեր Կապիտալ»-ը Հայաստանում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է: Նախատեսվում է, որ ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:


ՀՀ վարչապետը և «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, անդրադարձել ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք ներդրումային ծրագրերի ուղղություններին և հեռանկարային ոլորտներին:


Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելն է, հանքահումքային արդյունաբերությունից վերամշակող արդյունաբերությանն անցնելը, և տնտեսական աճի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին՝ արտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, զբոսաշրջությանը, սարքաշինությանը, Hi-Tech արդյունաբերությանը զարկ տալը:

Վարչապետը նշել է, որ Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի տվյալներով, Հայաստանը 2019 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճի ցուցանիշով Եվրոպայում առաջատարն է, ինչը վկայում է տնտեսության զարգացման դինամիկայի և ընդհանրապես տնտեսական միջավայրի նկատմամբ ձևավորված դրական սպասումների մասին: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ներդրումային ֆոնդի գործունեությունը՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, ինչպես նաև կապիտալ շուկաների զարգացման տեսանկյունից:


Ջոզեֆ Ուղուրլյանը նշել է, որ «Ամբեր Կապիտալը» շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում և պատրաստ է փոխշահավետ գործակցության:


Կողմերը մտքեր են փոխանակել փոքր և միջին բիզնեսի զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ՓՄՁ ներկայացուցիչների համար կրթական ծրագրերի կազմակերպման, երիտասարդության շրջանում սպորտի զարգացման, կորպորատիվ կառավարման թափանցիկության բարձրացման ուղղություններով ծրագրերի իրականացման հարցի շուրջ:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...