Նոր էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը.ՀԾԿՀ

91

Երեւանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը միայն այդ գործոնով պայմանավորված: Այս մասին Երեւան ՋԷԿ-ի հարեւանությամբ նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարության մեկնարկի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:


ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ նոր կայանը գալու է փոխարինելու Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հին կայան է եւ որի օգտակար գործողության գործակիցը ցածր է. «Այդ կայանին 1-2 տարվա ռեսուրս է մնացել: Այսինքն՝ այդ հզորությունը նաեւ գալիս է հնին փոխարինելու: Սա կառուցվելուց հետո հինը շահագործումից կհանվի:


«Հրազդանի ՋԷԿ»-ը հոսանք արտադրում է, գրաֆիկի պիկերը ծածկելու ժամանակ, երբ չի բավարարում ընդհանուր էլեկտրաէներգիան: Արտադրում է բավականին թանկ սակագնով: Միայն վառելիքային բաղադրիչը 31,5 դրամ է, որն արդեն 4 դրամ ավելի է: Բացի վառելիքային բաղադրիչը, շուրջ 10 դրամ էլ ունի իր ծախսերի ապահովման համար: Այսինքն՝ հին ՋԷԿ-ի սակագինը 40-41 դրամ է հասնում: Այս նոր ՋԷԿ-ը էլեկտրաէներգիայի սակագնի վրա շուրջ 4 դրամ ավելի էժան է լինելու, եթե ընդհանուր սպառողների վրա տարածենք, 1-1,5 դրամ սակագնի նվազեցում կբերի», - ասաց Բաղրամյանը:


Բաղրամյանի խոսքով՝ նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր ՕԳԳ ունի, որը նշանակում է, որ մեկ կվտ էլեկտրաէներգիա արտադրելու համար ավելի քիչ վառելիք է ծախսում եւ բնականաբար ավելի էժան էլեկտրաէներգիա է ստացվում:


Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում նոր 250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններ: Կայանի կառուցումը նախատեսվում է իրականացնել շինարարության մեկնարկից 26 ամսվա ընթացքում: Ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնի հետ համեմատած՝ նոր կայանի էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ավելի ցածր՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար:


Վարչապետին տեղեկացվել է, որ շինարարության փուլում կներգրավվի 1000-1200 մարդ՝ 250-300 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ շահագործման ընթացքում կստեղծվի շուրջ 230 աշխատատեղ: Կայանի օգտակար գործողության գործակիցը նախատեսվում է հասցնել 53 տոկոսի: Նոր արտադրող հզորությունը էներգետիկ համակարգում կօգտագործվի նաև տարածաշրջանային ծրագրերում, մասնավորապես Հայաստան-Իրան գազ էլեկտրաէներգիայի փոխանկման ծրագրում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...