19.03.2024
Մեծ իրարանցում՝ քրեական աշխարհում. ՀՀ-ում «օրենքով գող» են սպանել (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ՌԴ-Չինաստան-Իրան. անվտանգության քառակողմ ֆորմատ Երևանի համար

ՀՀ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է կտրուկ փոփոխությունների ենթարկվի, քանի որ Մեծ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները թելադրում են անվտանգային նոր միջավայրի ձևավորման անհրաժեշտություն ՀՀ-ի ու Արցախի սահմանների շուրջ:


ՀՀ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոխկապակցված լինի Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի անվտանգության ռազմավարությունների հետ:


ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում, ՀՀ-ում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, իսկ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները հսկում են ռուսաստանցի սահմանապահները:


ՀՀ-ի համար Թուրքիան ներկայացնում է ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիք. իր կես միլիոնը գերազանցող բանակով Թուրքիան կարող է գրավել ՀՀ-ի մայրաքաղաքը ժամերի ընթացքում, իսկ Նախիջևանից միջանցք բացելով՝ գրավել նաև Սյունիքն ու միանալ Ադրբեջանին:


Այս պարագայում Թուրքիան նաև սպառնալիք է ՌԴ-ի ազգային անվտանգությանը, քանի որ իրականացվելու է պանթուրքիզմի ռազմավարությունը՝ ՌԴ-ն կորցնում է իր թյուրքախոս տարածաշրջաններն ու մահմեդական Հյուսիսային Կովկասը: Դա էքզիստենցիալ սպառնալիք է ՌԴ-ի պետականությանը: Այս պայմաններում ՀՀ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոխկապակցված լինի Ռուսաստանի ազգային անվտանգության այն տարրերին, որոնք կբացառեն Թուրքիայի առաջխաղացումն ու էքսպանսիան Հարավային Կովկասում, Կասպյան տարածաշրջանում ու Կենտրոնական Ասիայում:


Բացի այդ, հայ-իրանական հարաբերությունները պետք է բարձրանան որակապես նոր մակարդակի, քանի որ պանթուրքիզմը սպառնում է նաև Իրանին՝ Մեծ Ադրբեջան ստեղծելու Անկարա-Բաքու տանդեմի ռազմավարությունից ելնելով:


Իրանի կազմաքանդումը Անկարայի ու Բաքվի պանթուրքիստների երազանքն է, քանի որ այդ պարագայում Իրանի հյուսիսային շրջանները միանալու են Ադրբեջանին կամ ինքնավարություն ստանալով դառնալու են պանթուրքիստների դարպասները դեպի Թուրան: Դա թույլ չտալու համար ՀՀ-ն ու Իրանը պետք է զարգացնեն էներգետիկ-տրանսպորտային կապեր՝ Սյունիքում իրանական ներդրումներ ներգրավելով և այդ կերպ կանխելով ՀՀ-ի այդ մարզից արտագաղթն ու ամրապնդելով երկրի հարավն ու նաև Իրանի հյուսիսը, որտեղ ակտիվ են սեպարատիստական տրամադրությունները (ադրբեջանական, քրդական սեպարատիզմ և այլն):


Իրանի համար Հայաստանն իր ազգային անվտանգության կարևորագույն տարրերից մեկն է՝ այժմ Թեհրան-Երևան հարաբերությունների ողջ պոտենցիալը չի օգտագործվում: Պետք է ակտիվացնել տնտեսական բաղադրիչն ու ուժային կառույցների միջև կապերը՝ անկախ ԱՄՆ-ի ու Արևմուտքի հնարավոր բացասական արձագանքից:


Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա պանթուրքիզմին դիմագրավելու առաջնագիծը Պեկինի համար անցնում է հենց հայ-թուրքական սահմանով՝ Անկարան աջակցում է Սինցզյանում ույգուրների անջատողականությանն ու այս առումով Պեկինի համար կարևոր է ՀՀ-ի անվտանգության, ռազմական ներուժի ու տնտեսության ամրապնդումը, որպես հակաթուրքական պլացդարմ:


Երևանի համար կարևոր է ի դեմս Չինաստանի ունենալ ռազմավարական դաշնակից: Չինաստանը 21-րդ դարի գերտերություն է, ՄԱԿ-ի ԱԽ անդամ ու մեկ միլիարդը գերազանցող շուկա ունեցող երկիր: Եթե ՀՀ-ն կարողանա դուրս գալ իր ապրանքներով չինական շուկա և իր հերթին ներգրավել չինական ներդրումները, ապա Երևան-Պեկին տանդեմը կարող է հակազդել թե՛ Անկարա-Բաքու, թե՛ Բաքու-Իսլամաբադ տանդեմին, որը սկսել է ձևավորվել:


ՀՀ-ՌԴ-Իրան-Չինաստան քառակողմ դաշինքը թույլ կտա Երևանին ունենալ դաշնակիցներ թե՛ իր սահմանների երկայնքով՝ ի դեմս Իրանի, թե՛ անվտանգության «անձրևանոց»՝ ի դեմս ՌԴ-ի ու նրա զինված ուժերի, իսկ Ասիայում Չինաստանի պես գերտերության իր անսահմանափակ շուկայով, ներդրումային մեծ բազայով ու պանթուրքիզմը կանխելու գեոպոլիտիկ շահերով:

Թուրքիան Աջարիան վերածում է երկրորդ Հյուսիսային Կիպրոսի
Հաջորդ նորություն next