Կարևոր է ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը. Արմեն Գրիգորյան

37

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նեղ կազմով հանձնաժողովի նիստի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Նախագահի օգնական անվտանգության խորհրդի քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում:


Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ցավակցություն հայտնեց Ղազախստանի Առիս քաղաքում տեղի ունեցած ռազմական պահեստների պայթյունների հետևանքով գրանցված ողբերգական դեպքերի կապակցությամբ։ Ուշադրություն դարձվեց այն փաստի վրա, որ սա երկու գործընկերների երկրորդ հանդիպումն է մեկ շաբաթվա ընթացքում, ինչը համագործակցության ակտիվացման տեսանկյունից լավ նշան է։


ԱԽ քարտուղարը ընգծեց ինտեգրացիոն և տարածաշրջանային կառույցներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափի այլ հարթակներում Հայաստանի և Ղազախստանի ակտիվացող համագործակցության կարևորությունը։


Քարտուղար Կասիմովը կարևորեց երկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` հատկապես անվտանգության ոլորտում, ուշագրավ համարելով բարձրագույն մակարդակի հանդիպումների սահմանած հաճախակիությունը: Համագործակցության շրջանակներում քարտուղար Կասիմովը կարևորեց սահմանային ջրերի արդյունավետ կառավարման փորձի փոխանակման հնարավորությունները և Ղազախստանում գործող հայկական համայնքի ներուժը։


Կալմուխանբետ Կասիմովը նշեց ԱԽ գրասենյակների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ավելացնելով, որ սա կարող է լավ հարթակ դառնալ երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար։


Արմեն Գրիգորյանը առաջարկեց դիտարկել ԱԽ գրասենյակների միջև 2020-2021 թվականների երկկողմ համագործակցության պլան կազմելու հնարավորությունը, առաջադրելով գաղափարներ համագործակցության հնարավոր ուղությունների շուրջ։


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորեց նաև ռազմաարդյունաբերության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում համագործակցության ակտիվացման տեսլականը։


Հանդիպման ավարտին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրեց իր գործընկեր Կալմուխանբետ Կասիմովին Հայաստան, առաջարկն ընդունվեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց այցի ժամկետները և մանրամասները համաձայնեցնել դիվանագիտական խողովակներով։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...