Այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը ԲԴԽ անդամի կարգավիճակում. հրաժարական

205

Այսօր հրաժարական է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Սերգեյ Մեղրյանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի դատական իշխանության պաշտոնական կայքը:


«Կարծում եմ, որ մեր երկրում իրականացվելիք դատաիրավական բարեփոխումները՝ ներառյալ դատական իշխանության հանրային ընկալմանը նպաստող բոլոր գործընթացները, պետք է առաջնորդի բացառապես հանրային վստահություն ներշնչող Բարձրագույն դատական խորհուրդը, որի անդամների մասնագիտական և անձնական որակները, ինչպես նաև ընտրության գործընթացը չի կարող կասկածի տակ դրվել որևէ անաչառ և ողջամիտ դիտորդի կողմից: Թեև երբեք կախված չեմ եղել ու ներկայումս էլ կախված չեմ որևէ քաղաքական ուժից, մարմնից կամ անձանցից և մասնագիտական գործունեության մեջ մշտապես նվիրված եմ եղել իրավունքի գերակայության սկզբունքը ներդնելու, քարոզելու և անձամբ պահպանելու գաղափարին, վերոշարադրյալի լույսի ներքո և Բարձրագույն դատական խորհրդի հանդեպ անվստահության մթնոլորտը վերացնելու նկատառումներով այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում», - մասնավորապես ասված է Մեղրյանի դիմումում:


Սերգեյ Մեղրյանը իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի փետրվարին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, երեք տարի ժամկետով:


Մայիսի 24-ին, հիշեցնենք, հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը, հաղորդվեց ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանի ու Արմեն Բեկթաշյանի հրաժարականների մասին:

Տպել

Загрузка...