Պետական պարտքը հասել է 6 մլրդ 923 մլն դոլարի. Հայաստանը պարտքային փոքր բեռով երկի՞ր է

63

2018 թվականի վերջին ՀՀ պետական պարտքը հասել է 6 մլրդ 923 մլն դոլարի, որից 6 մլրդ 373 մլն դոլարը կառավարության փաստացի պարտքն է, իսկ 550 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է: Այս մասին ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:


«Կառավարության պարտքի բաժինը դեռեւս նախկին մակարդակում է: 1 մլրդ 390 մլն դոլարը բաժին է ընկնում ներքին պարտքին, մնացյալ 5 մլրդ դոլարը՝ արտաքին պարտքին»,- ասաց Ջանջուղազյանը:


Նրա խոսքով, պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը փոխվել է, 2018 թվականի տվյալներով Հայաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 51,4 տոկոսը: Ընդհանուր պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 55,8 տոկոսը:


«Այս ամենից ելնելով՝ Հայաստանը համարվում է պարտքային փոքր բեռով երկիր»,- հավաստիացրեց ֆինանսների նախարարը:


Ինչ վերաբերում է պետական բյուջեի եկամուտներին, ապա դրանք 2018 թ. կազմել են 1 տրիլիոն 342 մլրդ դրամ, ինչը կազմում է ծրագրվածի 98.3 տոկոսը: Անցած տարի փաստացի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 447 մլրդ դրամ.


«Բյուջեի դեֆիցիտը 2018 թվականին կազմել է 105 մլրդ դրամ», - հավելեց ֆինանսների նախարարը:


Նշենք, որ այսօր խորհրդարանում մեկնարկել են 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները մշտական հանձնաժողովներում:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...