ՎԵՏՈ-ն կիրականացնի Սորոսի գրասենյակի արգելափակման ակցիա. «Ադեկվադը» միանում է

54

«Ադեկվադ» կուսակցությունը միանում է ՎԵՏՈ-ի ակցիային։ Այս մասին ասված է նորաստեղծ կուսակցության տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.


««Ադեկվադ» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբն իր զորակցությունն է հայտնում ՎԵՏՈ հասարակական նախաձեռնությանը և վերահաստատում իր անդամների ելույթներում բազմիցս հնչած այն միտքը, որ օտարերկրյա գործակալների գործունեությունը Հայաստանում պետք է խստորեն վերահսկվի պետության կողմից: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտ, որը զերծ կպահի ՀՀ քաղաքացիներին օտարերկրյա գործակալական ցանցի վնասաբեր ազդեցությունից, իսկ ՀՀ պետական հիմնարկները` դրանց ներթափանցումից:


Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, ինչպես նաև Հայաստանում գործող տասնյակ այլ հիմնադրամներ և ՀԿ-ներ հանդիսանում են օտարերկրյա օրակարգի սպասարկուներ: Օրակարգ, որը տարիներ շարունակ միտված է եղել հայկական պետականության քայքայմանն ու հասարակության պառակտմանը: Այդ գործունեության վառ դրսևորում էր 2018թ. գարնանը Հայաստանում սկսված իշխանության զավթման գործընթացը:


Վերոհիշյալ կազմակերպությունները Հայաստանում կատարում են այն սև աշխատանքը, որն ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով` օտարերկրյա դեսպանատները չեն իրականացնում անմիջականորեն, այլ նախընտրում են գործել միջնորդների ներգրավմամբ: Առանձնահատուկ մտահոգություն է հարուցում այն, որ այդ կազմակերպությունների օրակարգը և հաճախ նույնիսկ հռետորաբանությունը կրկնում են Ադրբեջանի պետական կառույցների օրակարգն ու հռետորաբանությունը: Ըստ էության, նրանք գործում են հայատյացության ռազմավարության շրջանակներում:


Մենք հետևողականորեն պայքարելու ենք, որպեսզի օտար պետությունները զերծ մնան Հայաստանի ներքին գործերին խառնվելուց` առաջին հերթին թիրախավորելով հենց այդ պետությունների պաշտոնական ներկայացուցիչներին: Մեր հանրությունը պետք է տեղեկացվի այդ երկրների հայատյաց գործունեության տնտեսական հիմքերին և քաղաքական հաշվարկներին՝ հետագայում մեկընդմիշտ դրանցից ազատվելու նպատակով: Ըստ այդմ, մենք շարունակելու ենք քաղաքացիական, քաղաքական և այլ հարթակներում մերկացնել այդ կառույցներին, պետություններին, դրանց դեսպանատներին, աշխատակիցներին և տեղական կոլաբոռացիոնիստներին` շարքային քարոզչից մինչև ՀՀ նախագահ և վարչապետ:»


Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15:00-ին, ՎԵՏՕ-ն իրականացնելու է Սորոսի գրասենյակի արգելափակման հերթական ակցիան։


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...