29.03.2024
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ իրավիճակը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. «Սերժ Սարգսյանը չէր գնացել, որ վերադառնար». ՀՀԿ-ն խորհրդավորություն է մտցնում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Սպիտակավորի եկեղեցի, Նժդեհի գերեզմանին այց՝ նշանային համակարգով վերադառնում ենք ակունքներին»,- ասաց ՀՀԿ-ականը՝ նկարագրելով մայիսի 28-ին Հանրապետականի օրը: Իսկ Սպիտակավոր եկեղեցին բավականին բարդ ճանապարհ ունի՝ եթե ոչ ոտքի, ապա գոնե «Վիլիսի»։ Չնայած դրան, ըստ ՀՀԿ-ականի, «հեղափոխական» ուխտագնացությունը մարդաշատ է եղել. բոլոր կարկառուն ՀՀԿ-ականներն ու գործարարները, մարզերի կառույցները ներկա են եղել, սակայն շեշտը դրված է եղել երիտասարդ սերնդի վրա․ «վերելքին» մասնակցել են իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ին անդամագրված երիտասարդները։ Ուխտագնացությանը  հաջորդել է տոնական ճաշկերույթ, թամադան եղել է Սերժ Սարգսյանը: Ասա՞ց, որ վերադառնում է՝ հետաքրքրվեցինք մենք։ «Նախ՝ ինքը չէր գնացել, որ վերադառնար, բայց մոտեցումը հիմնականում գաղափարական-վերհուշային էր` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, ոնց որ բանակի քաղաքական քեֆ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ շարունակվում են նոր վարչության ձեւավորման, քասթինգի աշխատանքները։ «Հավաքվում ենք ամեն երեկո՝ գրասենյակում, այսպես ասած` փրայմերիզների, ունկնդրում մեր գործընկերների ելույթները, որոնք պետք է 40 րոպեից չանցնեն, գնահատում ենք դրանք, կարծիքներ հայտնում, երբեմն էլ վարչության նիստեր ենք հրավիրում»: Հի՞ն կազմով: «Այո»: Ի՞նչ հարցեր եք քննարկում։ «Տարբեր․ վերջին շրջանում՝ անցումային արդարադատության, ԲԴԽ, ՍԴ, ներքաղաքական»: Նույն աղբյուրի փոխանցմամբ` անցումային արդարադատության խորհրդարանական կուրացիան դրված է Լիլիթ Մակունցի վրա։ «Հա, մենք էլ փոքր-ինչ զարմացանք, որովհետեւ «դասական» առումով մշակույթն է Լիլիթի մեջ. միգուցե` մնացածներիս չեն վստահում, դրա համար»: Իսկ ճի՞շտ է, որ վարչության նիստերից մեկում սորոսականների թեւը, որոնցից շատերն են մասնակցում քասթինգին, շատ կոշտ, Նիկոլ Փաշինյանի առջեւ դրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հարցը, ասել, որ իրենք չեն վստահում նրան, եւ շատ ուղիղ պահանջել վերջինիս աշխատանքային նպատակահարմարության խնդիրը վերանայել։ Փաշինյանը ոչինչ չի ասել, ինչը շատ է ոգեւորել սորոսականներին, վերջիններս էլ ավելի են առաջացել` դնելով ուրիշների հրաժարականի հարցը։ «Չեմ պատասխանի այդ հարցին»: Ու հատկապես դրանից հետո է Դանիել Իոաննիսյանը սկսել աջ ու ձախ ինտրվյուներ տալ` Վանեցյանին մեղադրելով բոլոր հնարավոր մահացու մեղքերի մեջ։ «Մի գայթակղեք, միեւնույն է՝ չեմ պատասխանի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տարօրինակ տեղեկություններ էին հասնում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանից։ Նախ՝ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն այցը որոշել է ընդհատել եւ վաղաժամ վերադառնալ Հայաստան՝ առանց հայ գործարարների հետ հանդիպմանը մասնակցելու։ Մի աղբյուր պնդում էր, որ պատճառը Պուտինի հետ հանդիպման չկայանալն է, մյուսը շեշտում, որ ԵԱՏՄ հրավիրյալ անդամներին՝ Մոլդովայի եւ Տաջիկստանի ներկայացուցիչներին առավելություն են տվել՝ Նիկոլ Փաշինյանին ետին պլան մղելով։ Ապա տեղեկություն ստացանք, որ, այնուամենայնիվ, վարչապետը ճաշին մասնակցել է, իսկ գործարարների հանդիպումն էլ կայացել է, բայց ընդամենը 6 մարդ է մասնակցել, ու կարճ է տեւել։ Եվ որքան էլ Վլադիմիր Կարապետյանը փորձում էր հերքել եւ ներշնչել, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ակնհայտ է, որ ամեն ինչ հարթ չի ընթացել, ուղղակի իշխանությունը սովորել է թաքցնել այդ մանրամասները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում առաջին փորձից չհաստատվեց նիստերի օրակարգը։ Նախքան օրակարգի երկրորդ բաժինը կդրվեր քվեարկության, խորհրդարանը մեկուկես ժամ քննարկեց ու քվեարկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած նախագծերը: Անսպասելին այն էր, որ նիստը դեռ նոր էր սկսվել, ու խորհրդարանում, որպես կանոն, այդ ժամին քվորումի խնդիր չի լինում։ Սակայն ԱԺ-ում երեկ խոսում էին, որ օրակարգը հաստատելու բոյկոտը կազմակերպվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից։ Օգտվելով ԲՀԿ-ականների բացակայությունից, որոնք շքախմբով դուրս էին եկել Գագիկ Ծառուկյանին ճանապարհելու, Հայկ Սարգսյանը մի խումբ յուրայինների հետ եւս լքեց դահլիճը։ Արդյունքում օրակարգի ընդունումը տապալվեց։ Բանն այն է, որ օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված էր նաեւ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, իսկ Սարգսյանը, ըստ մամուլի տեղեկությունների, «Գուդվինի» սեփականատեր Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերոժի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ Երկրորդ բաժինն ընդունելու հարցը քվեարկության դրվեց եւ ստացավ 61 կողմ ձայն, մինչդեռ անհրաժեշտ էր 66 կողմ։ ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս երկրորդ փորձ, ընդմիջումից հետո, երբ ԲՀԿ-ականները վերադարձել էին, փաթեթը նորից դրվեց քվեարկության, այս քվեարկությանը նույնպես պատգամավորը ներկա չէր»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին ժուչոկներից հեռու՝ կուսակցության գրասենյակում փակ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ անդրադարձ է եղել մի քանի հարցերի, այդ թվում՝ լրագրողների գործունեությանը: Մեր տեղեկություններով՝ իրավիճակը շտկելու նպատակով որոշում է կայացվել՝ պատգամավորները պետք է հարցազրույցներում, հայտարարություններում անընդմեջ շեշտեն լրագրողների հետ լավ հարաբերությունների հանգամանքը՝ փորձելով հարթել իրավիճակը: Բացի այդ, պատգամավորները քննադատել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ով Ապարանում նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ միջոցառումների էր մասնակցում: Պատգամավորներից շատերը դատապարտել են նրա այդ պահվածքն ու հատկապես ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հետ քեֆ անելու հանգամանքը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Գլենդելի քաղաքապետական խորհրդի նախկին անդամ, մի քանի անգամ քաղաքապետ ընտրված Զարեհ Սինանյանը կնշանակվի վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար: Փաշինյանը այս պաշտոնում սփյուռքի ներկայացուցիչ նշանակելով՝ թերեւս փորձում է վերականգնել իր կառավարության նկատմամբ սփյուռքի վստահությունը, որը էականորեն խարխլվել էր Սփյուռքի նախարարությունը լուծարելու որոշման արդյունքում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախկին եւ ներկա զինվորականությունը, որը մինչեւ վերջերս ԱՀ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Վիտալի Բալասանյանին, մտքափոխվել է: Զինվորական վերնախավը փորձում է ԱՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ԱՀ ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնող Լյովա Մնացականյանին համոզել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ զինվորական վերնախավի որոշ ներկայացուցիչներ անձնական խնդիրներ ունեն Բալասանյանի հետ: Մնացականյանը համառորեն հրաժարվում է: Եվ եթե այսպես շարունակվի, ապա կառաջադրվի Բալասանյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր ղեկավարությունը քննարկում է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայությունը որակապես փոխելու հնարավորությունը։ Թավշյա հեղափոխությունից հետո ծառայության տնօրեն նշանակված Պետրոս Ղազարյանին եւ նրա բերած կադրերին որոշել են հրաժեշտ տալ»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը որոշել են օրենքով սահմանել, թե ինչ է մերսումը եւ մերսման սրահը: Նրանք առաջարկում են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում ավելացնել հետեւյալ պարբերությունը. «Մերսման սրահ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական եւ չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա»: Հետաքրքիր է՝ ինչ կլինի, եթե մերսման սրահում որոշեն ոտքերով մերսել, կամ ով եւ ինչ ձեւով է որոշելու՝ ազդեցությունը չափավո՞ր է, թե չափի՞ց դուրս»:


«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 30-ին ԵՊՀ կառավարման խորհրդի նիստը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Թերթի տեղեկություններով՝ ԿԳ նախարարությունն իր բոլոր լծակներով փորձում է ռեկտորի ժ/պ նշանակել ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանին, ում աշխատանքից ամիսներ առաջ ազատել էր Արամ Սիմոնյանը՝ վստահությունը կորցնելու հիմքով, իսկ ավելի ստույգ՝ իշխանությունների հետ գաղտնի համագործակցության եւ կասկածելի գործարքների գնալու համար: Ըստ տեղեկությունների, Գեւորգյանի լոբբինգով զբաղվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներքին կարգով պատասխանատու է նաեւ բուհերի հետ տարվող քաղաքականության համար: Սակայն լուրերի համաձայն, ԵՊՀ-ում այլ տրամադրություններ են տիրում, քանի որ նրանք ռեկտորի ժ/պ պաշտոնում ցանկանում են տեսնել ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին՝ Արարատ Մալխասյանին: Երեկ շրջանառվում էր նաեւ Վահե Հովհաննիսյանի անունը»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունների կողմից դատական համակարգում վեթինգ սկսելու մասին նախորդ շաբաթ արված հայտարարությունն իր նախապատմությունն ունի. այս գաղափարը դեռեւս փետրվարից է քննարկվել թիմի ներսում, սակայն թեման ակտիվացել է միայն վերջին հայտնի իրադարձություններից հետո, երբ որոշվել է արագացնել գործընթացը: Գաղափարի «քավորը» ՔՊ-ական Վահե Գրիգորյանն ու պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն են: Ի դեպ, ըստ որոշ աղբույրների հավաստման, հենց նրանք էլ որպես փորձագետ ներգրավել են Ռուբեն Կարանզային, որպեսզի վերջինս հանգամանալիս եւ պրակտիկապես մանրամասն ներկայացնի խնդրի բուն էությունը: Ըստ նույն աղբյուրի փոխանցման՝ վեթինգի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են. դրա մասին, ի դեպ, նախօրեին խորհրդարանում ակնարկեց նաեւ Լիլիթ Մակունցը, ինչը հատկապես ընդդիմության շրջանում տարակուսանք է առաջացրել, քանի որ մինչ այդ վեթինգ հասկացության մասին ընդհանրապես ոչ մի խոսք չի եղել, իսկ քննարկումներն ընթացել են իշխանության «խոհանոցում»՝ բավական նեղ շրջանակներում: Ի դեպ, վերջին օրերին որոշակի զարմանք է նկատվում նաեւ իշխանական որոշ պատգամավորների շրջանում, քանզի այս ամենն իրենց համար էլ է անակնկալ եղել»:

Հարձակում հակամիրների վրա, կրակահերթ. Սամվել Բաբայանը մեղադրում է Արայիկ Հարությունյանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար