Երբեւէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյան

229

Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է իր մասին ապատեղեկատվություն տարածողներին:


Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.


«Սիրելի հայրենակիցներ.


Այսօր որոշ լրատվամիջոցների կողմից տարածված «տեղեկությունն» առ այն, թե իբր «մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի և հայ օլիգարխիայի ներկայացուցիչները» և, որ «հավաքը կազմակերպել է ՊԲ նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը...», իրականության հետ որևէ աղերս չունի: Ստորագույն և սադրիչ ապատեղեկատվություն է նաև այն, որ իբր «հավաքի մասնակիցները երդվել են ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար»: Նշվում է նաև, որ «հավաքին ներկա է եղել Սամվել Ալեքսանյանը»:


Ելնելով վերոնշյալից իմ պարտքն եմ համարում «օդից կախված լուրերի» կամ անանուն աղբյուրների սիրահարներին իրազեկել հետևյալի մասին.-իմ և իմ նման ազատամարտիկների (այդ թվում՝ գեներալների՝ գործող և պաշտոնաթող) խնդիրն ու գերագույն նպատակն է ոչ թե զբաղվել հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ, այլև հարկ եղած դեպքում նորից կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում:


Համոզված եղեք, որ մարտադաշտում չորս անգամ վիրավորված, հարյուրավոր հերոս զինակիցներ կորցրած զինվորականը չի կարող հանդես գալ Հայոց միասնականությունը պառակտողի և, ըստ այդմ՝ նաև մեր ազգային դիմադրողականությունը թուլացնողի դերում: Մինչդեռ այսօր, գիտակցաբար, թե անգիտակցաբար, նման սադրիչ ապատեղեկատվություններ տարածողների նպատակը ոչ այլ ինչ է, քան մեր ժողովրդի միասնականությունն աղճատող հանցավոր փորձ:


Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իմ ողջ կենսագրության ընթացքում երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել, իսկ եթե անգամ զբաղվել եմ, ապա դա եղել է մեկ անգամ՝ 1988-ին: Իսկ ինչ վերաբերում է երդմանը, ապա դա ևս եղել է մեկ անգամ՝ տակավին 1988-ին:


Ավարտելով խոսքս, խնդրում և պահանջում եմ բոլոր նման ապատեղեկատվություններ տարածողներին զերծ մնալ մեր ընդհանուր հայրենիքի անվտանգությանը սպառնացող անպատասխանատու քայլերից»:


Ավելի վաղ «Ժամանակ» օրաթերթը գրել էր. ««Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի եւ հայ օլիգարխիայի ներկայացուցիչները: Հավաքը կազմակերպել է ՊԲ նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին: Հավաքի մասնակիցները երդվել են ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար: Հավաքին ներկա է եղել նաեւ Սամվել Ալեքսանյանը»:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին իր հայտնի ելույթում ասել էր. «Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:


Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար:


Իմիջիայլոց, կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...