Մետրոյի նոր կայարան եւ ճոպանուղի. ե՞րբ է սկսվելու շինարարությունը. Մեսչյանը մանրամասնում է

92

Մինչև 2020 թվականի հունվար մտադիր են ավարտել մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները ու սկսել շինարարական աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:


Մեսչյանը նշել է, որ այդ դեպքում 2020 թվականի սկզբից կմեկնարկեն շինարարական աշխատանքները: «Այս ընթացքում բավականին շատ իրողություններ են եղել՝ դրական առումով: Շինարարությունը կսկսենք կամրջից: Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք բյուջետային միջոցներով ծրագիրն իրականացնել, կառուցապատողների հետ ենք բանակցում: Կա՞ն արդյոք կառուցապատողներ, այո»,- նշել է Արթուր Մեսչյանը:


Ինչ վերաբերում է ճոպանուղուն, որը երկար տարներ չի աշխատում, այն պետք է միացնի Նոր Նորքի 2-րդ զանգվածը եւ Կենտրոնը՝ Աբովյանի պուրակի շրջակայքում: Նախատեսվում է, որ հետագայում այն կհասնի նաեւ Հաղթանակի զբոսայգի: «Ճոպանուղու միջոցով մենք ուզում ենք ապահովել Նոր Նորքի եւ քաղաքի կենտրոնի կապը ու մի փոքր թեթեւացնենք տրանսպորտային հոգսը, որը գրեթե բերում է տրանսպորտային կոլապսի»,- արձանագրեց Երեւանի գլխավոր ճարտարապետը:


Երկու ծրագրերն էլ պահանջում են խոշոր ներդրումներ եւ չեն իրականացվելու պետական կամ համայնքային բյուջեների միջոցով: Արթուր Մեսչյանն ասաց՝ կան կառուցապատողներ, որոնք հետաքրքրված են: Հույս հայտնեց, որ նրանց անունները հրապարակելու հնարավորություն կուեննա արդեն հաջորդ ասուլիսի ժամանակ: «Հիմա ավելի շատ զբաղվում եք դիվանագիտությամբ, քան ճարտարապետությամբ, որովհետեւ ներգրավել կառուցապատողներին այս ծրագրի մեջ բավականին բարդ խնդիր է»,- մասնավորին ներդրողին գրավելու ուղղությամբ կատարվող աշխատանքները նկարագրեց նա:


Ավելի վաղ Մեսչյանն ասել է, որ ճոպանուղու կառուցման ծրագիրը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է:


«Ճոպանուղով հնարավորինս կթեթևացնենք Նորքի և Կենտրոնի կապը և տրանսպորտային հոգսը: Կապը լինելու է 2-րդ զանգվածից մինչև նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանների տարածքը՝ Աբովյանի պուրակի տարածքում: Հետագայում զարգացում կլինի Հաղթանակի այգի, բայց սկզբնական խնդիրը Կենտրոնը Նորքին կապելն է»,- հայտնել է Երևանի գլխավոր ճարտարապետը:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...