Մամուլ. Խիստ գաղտնի այց. ինչո՞ւ են հանդիպել Արմեն Աշոտյանն ու Արարատ Միրզոյանը

223

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ ԱԺ-ում է եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ ականատեսների, նա շտապել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ: Հատկանշականն այն է, որ հանդիպումից հետո Աշոտյանն արագ հեռացել է խորհրդարանից: Թե ինչ խնդիրներ են քննարկել Միրզոյանն ու Աշոտյանը, դժվար է ասել: Դժվար է նաեւ ասել, թե ում նախաձեռնությամբ է եղել հանդիպումը: Այստեղ հետաքրքրականն այն է, որ այցը կայացել է խիստ գաղտնիության պայմաններում, եւ առ այսօր ո՛չ Աշոտյանը, ո՛չ Միրզոյանն այս հանդիպման մասին չեն բարձրաձայնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախյան աղբյուրին հարցրինք` դեռ երկա՞ր է մնալու Սերժ Սարգսյանն Արցախում։ «Անկեղծ ասած` ես էլ հետաքրքրվեցի, ասաց` դե հլը էստեղ եմ, երեւի մի 8-10 օր կմնա»։ Նա Արցախ է մեկնել տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ։ «Նրանք միշտ էլ տղերքի գերեզմաններին այցելում են։ Ապրիլյանից հետո, 90-ականներին զոհված տղերքի ընտանիքներին թվում էր, թե իրենք երկրորդ պլան են մղվել, իրենց չեն հիշում, Սերժը միշտ նրանց հարցերով զբաղվել է` կրթական, վիրահատության, սոցիալական, ավելի շուտ՝ Ռիտան։ Սուսուփուս արել են»: Ի դեպ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որն Արցախում մնացել է 5 ժամ, Արարատ Միրզոյանը գիշերել է Արցախում։ Պատմեցին, որ նրա նկատմամբ շատ ուշադիր են եղել՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ամենուր ուղեկցել է նրան, պատիվ տվել: Ընդ որում, Արցախում գտնում են, որ Արարատ Միրզոյանը հաջորդ տարի նախագահական ընտրություններում կարող է բարեխոսել Ղուլյանի համար, եթե նա ցանկություն ունենա առաջադրվելու»:


«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներսում ուշագրավ զարգացումներ են ընթանում: Քանիցս բարձրաձայնվել է, որ ներիշխանական մի քանի թեւեր կան, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նման թեւերի առկայության դեպքում կկտրի այդ թեւերը: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում նորանոր հակադիր բեւեռներ են ձեւավորվում: Մասնավորաբար, իրենց դիրքերն են հաստատում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ի դեպ, այս երկու գործիչների ջրերը նույն առվով չեն գնացել դեռեւս մինչեւ իշխանության գալը, դրա վկայությունն էր նաեւ հեռուստաբանավեճը, որից հատվածներ հրապարակվեցին այս օրերին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով, ինչպես նաեւ իշխանական շրջանակներում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ժամանակավորապես լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել սրան-նրան «յուղոտ» պաշտոններ շռայլելու գործում մեծ վարպետ Զարեհ Սարգսյանի պատգամավոր որդու՝ Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով: Ամբողջ խնդիրն այն է, որ ըստ օդում կախված լուրերի, Դավիթ Սանասարյանը կամաց-կամաց դուրս էր եկել հենց Զարեհ Սարգսյանի՝ ժամանակին կատարած «ոչ մաքուր» անցյալի հետքերի վրա: Իսկ դա, հաստատ, ոմանց հեչ ձեռք չէր տալիս: Այդ մասին տեղեկացվել է Հայկ Սարգսյանը, եւ նա որոշել է հորը «փրկելու» համար, ինչպես մեր աղբյուրն է ասում. «Փուռը տալ Դավիթ Սանասարյանին»:


«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ ինստուտուտը Սահմանադրությամբ ամրագրված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գործունեությամբ ստվերում է անգամ պետական որոշ ինստուտուտների աշխատանքը։ Օտարերկյա ներդրողները, սփյուռքի հարուստ գործարարները, նախկին իշխանության «մնացուկները» լավ գիտեն, թե ում կարելի է դիմել ու ինչպես ճանապարհ հարթել դեպի Փաշինյանի կոռուպցիա չհանդուրժող «սիրտը»։ Խոսք չկա, սուպերվարչապետին արժանի առաջին սուպերտիկին ունենք։ Այս ամենին զուգահեռ, կա մեկ այլ իրականություն։ Սահմանադրությունն էլ է փաստում, որ երկրի առաջին տիկինը նախագահի կինն է՝ Նունե Սարգսյանը, որին առնչվող հետաքրքիր մի դրվագ ներկայացրին օրերս։ Ընդ որում, ի հակադրություն Աննա Հակոբյանի, Նունե Սարգսյանը ոչ աշխատակազմ ունի, ոչ մամուլի խոսնակ, ոչ էլ հիմնադրամներ։ Վերջերս Նունե Սարգսյանին հյուրընկալվել են ինչ-որ ծրագրով աջակցություն ակնկալող մի կազմակերպության անդամներ, որոնք զարմացել են, երբ տիկին Սարգսյանը ներողություն է խնդրել, որ նրանց ասածները պետք է անձամբ գրառի, քանի որ օգնական չունի։ Իսկ դուք ասում եք` մամուլի խոսնակ։ Եվ այնքան անբռնազբոս է դա ասել, որ ներկաներին թվացել է, թե այդպես էլ պետք է լինի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի դատաքննությունը։ Այն ընթանում է Երեւանի դատարանի Նոր Նորքի նստավայրում։ Գործը քննող դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը, ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի երկարամյա դեկան Մարատ Գրիգորյանի որդին է։ Ի դեպ, Մարատ Գրիգորյանը «Հրապարակի» դեմ դատական հայց է ներկայացրել․ հավանաբար, հույս ունի, որ դատավոր որդու օգնությամբ կշահի գործը։ Տարօրինակ է, որ նրա դատավոր որդին չի աջակցել հայցը կազմելուն կամ գոնե չի զգուշացրել, որ հոր ֆակուլտետում աշխատող դասախոսները՝ նրա ենթակաները, չեն կարող իրենց դեկանի հետ միասին դիմել դատարան, քանի որ հոդվածում հրապարակվել են բացառապես Մարատ Գրիգորյանի հետ կապված տեղեկություններ, իսկ Քաղաքացիական օրենսգրքով այն անձը, ում վերաբերյալ տեղեկություններ չեն տարածվել, չի կարող դիմել դատարան։ Անգամ եթե ենթակաները որոշել են «շեֆի» իրավունքները կոլեկտիվ հիմունքներով պաշտպանել մամուլից, դա տարրական անգրագիտություն է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբայրը` Լյովա Սարգսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացրել՝ բողոքարկելով հանձնաժողովի` իրեն վարչական տույժ նշանակելու մասին ապրիլի 9-ի որոշումը: Ու զարմանալի զուգադիպությամբ այդ գործը քննելու է նրանց ընտանիքի հետ սերտ հարաբերություններ ունեցող դատավորը: Խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիշա Հարությունյանի դստեր՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի մասին է: Հենց նրան է մակագրվել Ս. Սարգսյանի եղբոր գործը: Ի դեպ, Անի Հարությունյանը ԴԱՀԿ նախկին պետ, այժմ մեղադրյալ Միհրան Պողոսյանի քեռու դուստրն է: Հետաքրքիր է՝ Անի Հարությունյանը, ում բաժին է հասել քրեական գործը, ինքնաբացարկ կհայտնի արդյոք՝ հաշվի առնելով հայցվորի ու իրենց ընտանիքի հարաբերությունները, թե կգերադասի շրջանցել օրենքը»:


«168 ժամ» թերթը գրում է. «Մայիսի 3-ին լրացել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու առաջադրվելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմելու ժամկետը։ Առաջադրվել է 9 թեկնածու, որոնց թվում է հեղափոխական իշխանությունների ֆավորիտ, «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը։ Ի տարբերություն թեկնածուների նախորդ ընտրության՝ այս անգամ չի գործի ժամանակավոր աշխատանքային խումբը, որը թեկնածուների հետ հարցազրույցներից հետո փակ ծրարով ներկայացնում էր իր հավակնորդին եւ նախագահին առաջարկում ներկայացնել այդ թեկնածուին։ Չնայած այդ առաջարկն էլ իմպերատիվ չէր՝ ընդամենը խորհրդատվական բնույթ էր կրում, սակայն այս անգամ Արմեն Սարգսյանը ձեռնպահ է մնացել այդ գործընթացից, ինչը նշանակում է, որ նախագահն ինքը կորոշի իր թեկնածուին՝ վերջիններիս հետ հանդիպումների արդյունքում։ Եվ ահա նախագահ Արմեն Սարգսյանը ստիպված է որոշում կայացնել, թե 9 թեկնածուներից ո՞ւմ է տալու նախապատվությունը, եւ ո՞ւմ թեկնածությունն է Ազգային ժողովում առաջադրելու՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու։


Նախագահը հատկապես 2018թ. հոկտեմբերի 2-ի՝ խորհրդարանական 3 ուժերի՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ, կողմից առաջարկված ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո, որի սահմանադրականությունը շառ ու փորձանքից խուսափելու համար որոշեց վիճարկել Սահմանադրական դատարանում, եւ ուր մայիսի 7-ին որոշում կայացվեց դրա՝ Մայր օրենքին համապատասխանելու մասին, բարդ ընտրության առջեւ է կանգնած։ Ըստ էության սա նախագահի, թերեւս, վերջին փորձն է՝ կամ ունենալ խիզախություն ու ներկայանալ՝ որպես ինքնուրույն գործոն ու ներկայացնել իր նախընտրած թեկնածուին, կամ խորը եւ համապարփակ կերպով դառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքի արտահայտությունը, եւ որպես ՍԴ դատավորի թեկնածու՝ ներկայացնել Վահե Գրիգորյանին։ Իսկ որ վերջինս Արմեն Սարգսյանի նախընտրած թեկնածուն չի եղել ի սկզբանե, պարզ էր դեռ այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը նախորդ անգամ ներկայացրեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, որի՝ ՍԴ դատավոր դառնալուն, բնականաբար, հավանություն չտվեց ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Ակնհայտ է, որ նախագահի վրա ճնշումներ են գործադրվում, սակայն այժմ սա իր տեսակի մեջ ճշմարտության պահ է նախագահի համար՝ ապացուցելու համար, որ ինքը վարչապետի կցորդը կամ կամակատարը չէ, այլ ՀՀ Սահմանադրության եւ հայոց պետության սպասավորը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններին նոր գլխացավանք է սպասվում: Խոսքը «Խտրականության մասին» օրենքի նախագծի մասին է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել: Այս նախագծի վերաբերյալ ԱԺ-ում պետք է երեկ փակ քննարկում անցկացվեր, սակայն այն չի կայացել: Նշենք, որ խոսքը մի նախագծի մասին է, որը, շատերի կարծիքով, ուղղակի առնչվում է սեռական փոքրամասնություններին. այն մշակվել է դեռ ՀՀԿ իշխանության օրոք՝ 2015 թվականին, ՀՀ արդարադատության նախարարության կողմից: 2015թ. ԵՄ-ն ՀՀ կառավարության հետ ստորագրված համաձայնագրով նախատեսել է հատկանցել 12 մլն եվրո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար, եւ դրա շրջանակներում պետք է ընդունվի նաեւ «Խտրականության մասին» օրենքը:


Ժամանակին նախագիծը հրապարակային ճնշման արդյունքում մի կողմ դրվեց, բայց հիմա այն կրկին օրակարգային է դարձել։ Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւս պետք է երեկվա չկայացած քննարկմանը մասնակցեր` միաժամանակ պատճառաբանելով, թե ԵՄ-ից են ստիպում օրենքն ընդունել: ՀՀ արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեցին. «ԱԺ-ում կայանալիք նման քննարկման մասին տեղեկության չենք տիրապետում. նախարարը այդ թեմայով քննարկման հրավիրված չի եղել»։ Մինչ այդ նկատենք, որ այս նախագիծը կարող է մեծ աղմուկ բարձրացնել, եթե կառավարությունն այն ուղարկի խորհրդարան: Հավանաբար որեւէ մեկը չի մոռացել վերջերս խորհրդարանի ամբիոնից տրանսգենդերի ելույթին հաջորդած իրադարձությունները: Ու հիմա ՀՀ իշխանությունները, մասնավորապես` Արդարադատության նախարարությունը, անկախ եվրոպացիների պնդումներից, պետք է կարողանա այս հարցում անզիջում լինել` փորձելով տարատեսակ ձեւերով վարպետորեն հետաձգել հարցի քննարկումը: Իսկ որ ՀՀ իշխանությունները կարող են հանուն ազգային շահի հակադրվել գերտերություններին, միջազգային հանրությանը, վերջին մեկ տարում բազմիցս ենք տեսել, ուստի այս նախարարն էլ ունի այդ հարցում «քարտ բլանշ»: Մնում է` օգտագործի այն»:


«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է աշխատակիցներին արձակուրդ չգնալ: Պատճառն այն է, որ նախարարությունը շատ շուտով վերածվելու է, այսպես ասած, գերնախարարության՝ ընդգրկելով եւս մի քանի ոլորտ, ուստի՝ դեռ հայտնի չէ՝ ով կմնա, ով՝ կլքի աշխատանքը: Հետեւաբար, բոլորից պահանջել են՝ հանգիստ նստել տեղները, մինչեւ հասկանան, ի վերջո, ինչպես են դուրս գալու իրենց իսկ ձեռքով «եփած ճաշից»:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...