Հարավային Կովկասում ԱՄՆ-ի համար առաջնահերթ է ստեղծել Արևելք-Արևմուտք հակառուսական միջանցք

251

Ժողովրդավարական ձեռքբերումների ամրապնդման նպատակով կենսունակ ինստիտուտների կայացման և զարգացման գործում Միացյալ Նահանգները պատրաստակամ է տրամադրել լիարժեք աջակցություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Դեսպանը նշել է, որ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստն արդեն իսկ կայացավ նոր` ռազմավարական երկխոսություն ձևաչափով, և այս նոր ձևաչափը համահունչ է վերջին տարիներին զարգացող և ընդլայնվող մեր հարաբերություններին:

«Հանդիպման արդյունքում ստորագրվեցին համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն մեր երկրում տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով: Բացի այդ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարեց նոր եռամյա նախաձեռնության մասին, որի առաջին տարվա համար նախատեսված է 6 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին»,- ասել է նա:

Հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման մասին խոսում էին նաև ՀՀ նախկին իշխանությունները, այդ թվում՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և ֆինանսական աջակցության մասին: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո ամերիկյան աննախադեպ ներդրումներ ՀՀ չեղան, իսկ 16 միլիոն դոլարի նեդրումները չեն կարող ազդել հայաստանյան տնտեսական ծանր վիճակի վրա, որտեղ առկա է 7 միլիարդ դոլարի արտաքին պարտք և նոր աշխատատեղերի բացակայություն:

Տարածաշրջանում ԱՄՆ-ն իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որն ուժեղացնում է ՀՀ-ի ու Արցախի տարածաշրջանային մեկուսացումն ու մեծացնում է ՀՀ-ի շուրջ արտաքին քաղաքական վտանգները: Հարավային Կովկասում ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության մեջ հենվում է Վրաստանի ու Ադրբեջանի վրա, որպես ՌԴ-ի շուրջ էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծման պլացդարմներ:

Արևմուտքը՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, իրենց աջակցությունն են հայտնում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, ինչի արդյունքում ուժեղանում է ՀՀ-ի տարածաշրջանային մեկուսացումն ու ՀՀ-ն դուրս է մնում տարածաշրջանային Արևելք-Արևմուտք ուղղությամբ նախագծերից, այդ թվում՝ Անկարայի ու Բաքվի դիրքորոշման պատճառով:

ԱՄՆ-ի համար տարածաշրջանում կարևոր դերակատարում ունի Ադրբեջանը՝ նավթագազային ռեսուրսներով և կասպյան գազն ու նավթը (ղազախական և թուրքմենական) դեպի Արևմուտք տարանցելու իր լոգիստիկ հնարավորություններով: Վրաստանն էլ ԱՄՆ-ի համար պլացդարմ է ՌԴ-ի դեմ գործելու և Արևելք-Արևմուտք ուղղությամբ առկա նավթագազամուղերը հսկելու համար: Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին ու իր արտաքին քաղաքականության մեջ ունի հստակ ամերիկամետ դիրքորոշում:

ԱՄՆ-ն Հայաստանին դիտարկում է, որպես ՌԴ-ի ազդեցության գոտում գտնվող պետություն: Այստեղ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, ռուսական սահմանապահները հսկում են հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները, ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, իսկ տնտեսական առումով ՀՀ-ն նաև Եվրասիական տնտեսական միության մի մասն է:

ԱՄՆ-ի համար Հայաստանը կարող է ունենալ միայն մեկ հետաքրքրություն՝ ՌԴ-ի զորքերի դուրս բերման և հստակ դեպի Արևմուտք ուղենիշը փոխելու դեպքում, երբ կդառնա ամերիկյան պլացդարմ ընդդեմ ՌԴ-ի ու ամենակարևորն Իրանի:

Թրամփի վարչակազմն ունի հստակ հակաիրանական դիրքորոշում և ցանկանում է Իրանում հեղափոխություն իրականացնել, տապալել իսլամական ռեժիմն ու հնարավորության պայմաններում կազմաքանդել Իրանն՝ էթնիկ-կրոնական սահմաններով, ինչը Հայաստանի համար նույնպես ինքնասպանություն է նշանակում՝ հաշվի առնելով Իրանի կարևորությունը ՀՀ-ի ու անգամ Արցախի անվտանգության համար:

Այսպիսով, ԱՄՆ-ն տարածաշրջանում հենվում է ՆԱՏՕ-ական Թուրքիայի, դեպի ՆԱՏՕ ձգտող և արևմտամետ արտաքին քաղաքականություն ունեցող Վրաստանի, ինչպես նաև նավթագազային մեծ պաշարներ և տարանցման ներուժ ունեցող Ադրբեջանի վրա: Վաշինգթոնը լոբբինգ է անում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան գեոպոլիտիկ եռանկյունին, որտեղ ՀՀ-ն տեղ չունի, քանի որ շարունակում է պահպանել սերտ ռազմա-քաղաքական ու տնտեսական դաշինքը Մոսկվայի հետ:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...