Չէի պատկերացնում, որ ՀՀ-ում Հաղթանակի տոնը նշվում է այսպիսի ջերմությամբ. ՌԴ դեսպան

137

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը զարմացած է ՀՀ-ում Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա տոնական միջոցառումների մասշտաբից ու ջերմությունից:


«Չէի պատկերացնում, որ այստեղ Հայաստանում այս տոնը նշվում է այսպիսի ջերմությամբ և խանդավառությամբ», – ասաց Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։։


Նա նշեց, որ Ռուսաստանը գիտի և գնահատում է այն մեծ ներդրումը, որ հայ ժողովուրդն ունի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Կոպիրկինի համար սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանն ու Ռուսաստանն իսկապես մտերիմ են ոչ միայն պատմականորեն, քաղաքականապես և տնտեսապես, այլև հոգևոր առումով։


«Եվ գուցե պատահական չէ, որ մեր պապերը կողք կողքի մարտնչել են մեր ապագայի համար։ Մենք գիտենք և գնահատում ենք այն մեծ ներդրումը, որը հայ ժողովուրդն ունեցել է ընդհանուր հաղթանակի հասնելու մեջ։ Ես այցելեցի «Մայր Հայաստան» թանգարան և ևս մեկ անգամ ֆիզիկապես ու էներգիայի մակարդակով զգացի, որ իսկապես հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, ժողովուրդ, որի վրա Ռուսաստանը կարող է հույս դնել», – ավելացրեց դիվանագետը։


Երկու երկրների հարաբերությունները, Կոպիրկինի գնահատականներով, լավ պատմական հիմք և դրական ներկա ունեն։ Նա համոզված է, որ այդ հարաբերությունները հետագայում ևս հաջող զարգացում կունենան։


Հայաստանում ու Արցախում, ինչպես նաեւ հայկական սփյուռքում Մայիսի 9-ը նշվում է որպես եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրումը եւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորումը:


 


 


 


 

Տպել

Загрузка...